Ալիևը գործում է, կարծես թե, հակամարտությունը լուծվել է․ ԵԱՀԿ նախկին համանախագահ

Ալիևը գործում է, կարծես թե, հակամարտությունը լուծվել է․ ԵԱՀԿ նախկին համանախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը։

«Եռակողմ հանդիպման դրական կողմը՝ Պուտինը հանձնառու է աշխատել Ղարաբաղի հարցով։ Անհանգստացնող կողմը՝ Ալիևը գործում է, կարծես թե, հակամարտությունը լուծվել է․ այն չի լուծվել, առանցքային հարցերը մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ հաստատելու տևական խաղաղության ու բարեկեցության հիմնավորման համար»,- գրել է Քավանոն։

Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շարունակ պնդում է, թե Ադրբեջանը լուծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ռազմական ու քաղաքական եղանակներով։ Այսպիսի պնդում նա արել է նաև, երբ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին դժկամությամբ ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ լրիվ կազմին։ Այս երկու դեպքում էլ Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, թե իբր Պուտինն էլ է ասել, որ հակամարտությունը լուծված է։ Սակայն պետք է նշել, որ ՌԴ նախագահը 2020 թվականի նոյեմբերի 13-ին հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն»  բառն այլևս չի օգտագործվի: Սակայն ուղիղ կերպով չի ասել, որ այն լուծված է։

Բացի այդ, Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին ընդունված եռակողմ հայտարարությանը՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի ղեկավարն ասել էր․

«Հատուկ կուզենայի նշել, որ իր բոլոր գործողություններում Ռուսաստանը ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային զարգացումներին։ Մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ, պարբերաբար համակարգել մեր գործողությունները»։ Քաղաքական գործընթացներին իր աջակցությունն էր հայտնել նաև մյուս համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը։

Հակամարտության համապարփակ կարգավորման մասին իր հայտարարություններում, ելույթներում շեշտում է նաև հայկական կողմը։