Քավոր Պուտինը, խաչագող Ալիեւը եւ մեր Վերգոն

Քավոր Պուտինը, խաչագող Ալիեւը եւ մեր Վերգոն

Նիկոլն այն զրոն է, որի առաջ ոչ թե Պուտինը կամ Ալիեւն են կանգնում, որ դառնա միավոր, այլ այդ զրոն են կպցնում իրենց` որպեսզի ունեցած միավորը բազմապատկվի: Գնաց Մոսկվա, հերթական անգամ կպավ Ալիեւի պոչին, եւ Ալիեւի 1-ը դարձավ 10, իսկ Ադրբեջան-Հայաստան հաշիվը` 10-0: Պուտինի հաշիվն էլ դարձավ 10, իսկ մերը դարձյալ մնաց 0: Ռուսաստանն օգտվեց` Մեղրիով տեղափոխվող բեռների նկատմամբ վերահսկողություն, նաեւ ուղղորդում ունենալով, Ադրբեջանն օգտվեց` Նախիջեւանի հետ ճանապարհային կապ ունենալով, Թուրքիան էլ օգտվեց Նախիջեւանի եւ Մեղրիի միջոցով Ադրբեջան հասնելով` առանց Մոսկվա գնալու: Իսկ մեր օգուտը ո՞րն էր, այդ նոր ճանապարհով Իրանի հետ մեր մայրուղու հնարավորությունը կորցնե՞լը: Փորձում են իշխանական կողմից ներկայացնել, որ հաղթանակ էր սա, բայց վաղվա պարտությունն է երեւում: Ինչպես 44 օր մեզ հավատացնում էին, թե հաղթում ենք, բայց պարտություն եղավ: Նույն իրավիճակն է: Կփորձեն ամեն կերպ համոզել, որ հաղթել ենք, եւ ժամանակ հետո կտեսնենք, որ պարտվել ենք: 

Ճիշտ 100 տարի առաջ Կարսի պայմանագրով Վրաստանն օգտվեց, Ադրբեջանն օգտվեց եւ Թուրքիան օգտվեց բոլշեւիկյան Ռուսաստանի կնքահայրությամբ: Իսկ Հայաստա՞նը, որի հողերի հաշվին էին նրանց օգուտները, բացի տարածքներ տալուց գոնե մի բան ստացա՞վ: Այդ ժամանակ ավելի խղճով վարվեցին, եւ Թուրքիան Հայաստանին վերադարձրեց 400 գերի: Այս անգամ էլ մեր ակնկալիքը հենց դա էր. վերադարձնել մեր գերիներին եւ զոհվածների մարմինները: Բայց մենք փոխարենը ստացանք Նիկոլի խեղճությունը, Մոսկվայում տեսանք խեղճ Նիկոլ, սիրտ մղկտացնելու չափ խեղճ: Նաեւ՝ մորուքը խուզած Նիկոլ:  

Պուտինից պետք չէ նեղանալ, նա իր պետությունն է սիրում եւ իր երկրի պետական շահն է հետապնդում: Նույնիսկ չպետք է ասենք, թե անարդար է. խեղճերի նկատմամբ արդար չեն լինում, եւ նրանց արդարությամբ չեն դատում: Ավելորդ է նշել, որ արդարությունն ուժեղի կողմն է: Ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանի հետ այդպես չէր վարվում նախկինում, երբ անկախ պետականություն ուներ: Հիմա ռուսի փեշի տակ ենք: Ինչո՞ւ Ադրբեջանը Հայաստանի հետ այդպես չէր վարվում, երբ հաղթանակած բանակ ուներ: Հիմա թուրքի ոտքի տակ է մեր երկիրը: Նման երկրի ղեկավարը միայն զրո է եւ երբեք չի կարող միավոր դառնալ, պիտի անվերջ կպնի մե՛կ թշնամու, մե՛կ բարեկամի պոչին եւ նրանց միավորը բազմապատկի: Պուտինը պարզապես խաչեղբայր է եւ իր աջհամբույրն է ստանում: Ալիեւն էլ եկեղեցու խաչերն է թռցնում: Պուտինը գիտի, որ Ալիեւի տեղը մզկիթն է: Բայց քանի որ ինքն է խաչեղբայրը, նրան մեր եկեղեցի մտնել է թույլ տվել եւ խաչեր գողանալու հնարավորություն:   

Այս իրավիճակը մեզնից ավելի հստակ գիտակցում է Նիկոլը: Լավ գիտի, որ ինքը զրո է ե՛ւ թշնամու, ե՛ւ բարեկամի համար: Գիտի, որ զրո է նաեւ երկրի ներսում` մեզ համար: Սա այն վիճակն է, որ շոշափում է իր ոչինչ լինելը եւ անգամ մի բաժակ ջուրն է ճիգ ու ջանքով խմում: Գիտի, որ այլեւս որեւէ լավ բան չի կարող անել Հայաստանի համար: Պարզապես կոտրված եւ ընկած է իր աթոռին, ուժ չունի կանգնելու եւ գնալու: Մարդու խիղճն էլ է տանջվում դրան էս վիճակում տեսնելուց: Այ մարդ, գնա՛, որ արդար է` թեկուզ ցմահ բանտարկվելու, ոչնչացվելու գնով, քան մնաս վարչապետի աթոռին՝ որպես խղճուկ ոչինչ: Որովհետեւ այդպես ոչնչանում է մի ամբողջ երկիր:

Հուսիկ Արա