Ռեալ պոլիտիկ

Ռեալ պոլիտիկ

2020 թվականի պատերազմը փոխեց բազմաթիվ գրագետ ու խելացի հայաստանցիների վերաբերմունքը Արևմուտքի նկատմամբ: Եվ եթե նախկինում մեզ թվում էր, թե ժողովրդավարությունն ու կենսագործունեության արևմտյան դրվածքը լավագույն իրականությունն են այսօրվա աշխարհում, ապա այսօր այդ համոզմունքն անընդհատ ճաքեր է տալիս: Դրա պատճառն օբյեկտիվ է՝ դա արևմտյան երկրների ղեկավարության «ռեալ պոլիտիկի» դրսևորումներին մարդկանց բախվելն է: Իսկ նման քաղաքականություն տանողներին էլ ես կանվանեի «արևմտյան նիկոլիզմի» ներկայացուցիչներ: Այս հոդվածում ցանկանում եմ «Հրապարակի» ընթերցողներին ներկայացնել վերը նշված երևույթի հերթական դրսևորումը՝ որոշակի նախապատմությամբ: 

Ս. թ. փետրվարի 24-ին սկսված ռուսական հատուկ ռազմական գործողությանը, ինչպես սպասվում էր, խիստ բացասական գնահատական տվեցին Բալթյան երկրների ղեկավարները: Դրանց թվում էլ առանձնացավ Լիտվան, որը հունիսի 18-ից արգելեց իր տարածքով ռուսական ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումները: Խոսքը ՌԴ հիմնական տարածքից դեպի անկլավային կարգավիճակ ունեցող Կալինինգրադի մարզ ուղղվող փոխադրումների մասին է: Արգելանքի տալ ընկան Եվրոպական Միության կողմից սահմանված սանկցիոն ապրանքները, որոնք կազմում էի տեղափոխման ենթակա տեսականու 15 տոկոսը: Ծավալով դրանք կազմում էին բեռնափոխադրումների, եթե չեմ սխալվում, շուրջ 50 տոկոսը: ՌԴ-ն դա համարեց միջքազգային պայմանագրերի խախտում, սակայն Եվրամիության աջակցությունն ունենալով՝ Լիտվան բանի տեղ չդրեց ՌԴ բողոքը: Ռուսներն էլ որոշեցին արգելափակել իրենց տարածքով լիտվական բեռնափոխադրումները, որ կազմում էին ընդհանուր լիտվական փոխադրումների 30 տոկոսը:

Նյարդերի պատերազմը տևեց ընդամենը մեկ ամիս, և Լիտվայի թիկունքում գործող Եվրամիությունը կատարեց նահանջի առաջին քայլը: Եվրոպական այդ կառույցը թույլատրեց Լիտվայի տարածքով ռուսական ապրանքների տարանցումն իրականացնել երկաթուղային տրանսպորտով: Լիտվան էլ, բնականաբար, չեղարկեց Ռուսաստանի հիմնական տարածքից դեպի Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ երկաթուղային փոխադրումների արգելքը։ Արգելքի չեղարկումը վերաբերել է այնպիսի ապրանքներին, ինչպիսիք են բետոնը, փայտը և ալկոհոլը: Եվրամիության կողմից միաժամանակ ասվել է, որ տարանցման արգելքը վերաբերում է զուտ ավտոմոբիլային տրանսպորտին: Սակայն իրադրության զավեշտն այն է, որ ս. թ. հունիսի 18-ին սահմանափակվել էին որոշակի տեսակի ապրանքների և այդ թվում բետոնի, փայտի և ալկոհոլի բեռնափոխադրումները, և ոչ թե ինքնին բեռնափոխադրումների տեսակը: Ենթադրում եմ, որ Ռուսաստանը տվյալ պարագայում «կընդունի», որ Եվրամիության որոշումը խիստ հիմնավորված է, քանի որ այն բխում է իր շահերից: Սա հենց «ռեալ պոլիտիկ» կոչված երևույթի դրսևորումն է, ինչը մեզ համար խիստ ցավալի և ուսանելի դրսևորում ստացավ 2020 թվականի աշնանը: Իսկ Ուկրաինայի նկատմամբ համերաշխության քաղաքականությունը՝ ինչը ես կանվանեի քաղաքական շոու, կշարունակվի նաև ճաքեր տալուց հետո: 

Թեմայից դուրս՝ ի գիտություն. Ֆլորիդայում ուսանողական համաժողովում ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախկին նախագահ (45-րդը) Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «հավատում է երկու սեռերի գոյությանը. կան տղամարդիկ և կան կանայք»: Փաստորեն 76-ամյա տղամարդը չի կորցրել հավատն առ այն, որ Աստված մարդկանց ստեղծել է որպես տղամարդ և կին: Ինչ մնում է շեղումներին, ապա մարդիկ, դժբախտաբար, չսեղծվեցին որպես կատարյալ էակներ: