Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս կարևոր բարձունքին. գործող «Լաչինի միջանցքի» հանձնման վտանգները
Հունիս ամսվա ընթացքում հայ հասարակության մեջ մեծ իրարանցում էր: Բոլորը «փրկում» էին Բերձորը: Խոսողների, բարձրակոչ ելույթների, ֆեյսբուքյան ստատուսների, մտահոգությունների պակաս չկար: Նույնիսկ ամսաթիվ էր նշում՝ հուլիսի 1-ը: Հուլիսի մեկը եկավ ու անցավ, «փրկիչների» աժոտաժն էլ հետն անցավ, ոմանք եկան Բերձորում նկարվեցին, ոմանք բոցաշունչ ստատուսներ գրեցին այն մասին, թե իբր Բերձորի հանձնումը հետաձգեցին: Բայց իրականությունն այն է, որ Բերձորի, Աղավնոյի և Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհի՝ «Լաչինի միջանցքի» հանձնման գործընթացը հենց այս պահին էլ շարունակվում է: Այսպես ասած «Լաչինի միջանցքի» այլընտրանքային ճանապարհի շինարարությունը շարունակվում է, ավելին՝ նույն ճանապարհի հայաստանյան հատվածի շինարարության համար մրցույթ է հայտարարվել։ Հայաստանյան ու արցախյան բոլոր տրամաչափի իշխանավորներն են հայտարարում, որ Հայաստանը Արցախին կապող ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր ճանապարհի դիմաց պետք է Ադրբեջանին հանձնվի գործող ճանապարհին գտնվող Բերձորը, Աղավնոն և Սուսը՝ այսինքն ըստ էության «Լաչինի միջանցքը»:
Պետք է հասկանանք, որ վտանգներն ու մարտահրավերները չեն սահմանափակվում միայն Բերձոր Աղավնո և Սուս համայնքների թշնամուն հանձնելով։ Հիմնականում անհիմն աղմուկի պայմաններում, կարևորագույն վտանգները ուշադրությունից դուրս մնացին:
Նշված համայնքների հայաթափումը, իհարկե, լուրջ վտանգներից մեկն է Արցախի համար, բայց վտանգներն ու մարտահրավերները միայն դրանով չեն սահմանափակվում: Հիմա չեմ ուզում գրել նշված համայնքների թշնամուն հանձնելու անթույլատրելիության ու սպառնալիքների մասին, կարծում եմ այն ինքնին պարզ է: Կնախընտրեմ գրել այն վտանգների մասին, որոնց վերաբերյալ կամ ընդհանրապես չի խոսվել կամ քիչ է խոսվում:
Նախ անհասկանալի է, որ հուլիսի մեկից հետո, այս խնդրի շուրջ մի տեսակ տարօրինակ լռություն ու հանգստություն է իջել հայ հանրությության մեջ: Իսկ որ ամենատարօրինակն այն է, որ Արցախում են լուռ: Բերձորի հանձնման անթույլատրելիության ու սպառնալիքների մասին հայտարարություն է տարածել Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցությունը և ընդհանրապես Բերձորի ու «Լաչինի միջանցքի» թշնամուն հանձնման անթույլատրելիությունն ու սպառնալիքները կարծես թե կարևորվում է միայն արցախյան խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ իշխանությունները լուռ են, ավելին՝ նրանց կողմից այն դիտարկվում է որպես նորմալ գործընթաց:
Պետք է համակողմանի վերլուծենք նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը և ընդհանրապես այդ փաստաթղթի բնույթն, որպեսզի կարողանանք հասկանանք մեր առջև առկա բոլոր այն սպառնալիքները, որոնք բխում են այդ կետը իրականացնելու դեպքում: Մանրամասն ուսումնասիրելով ու վերլուծելով այդ փաստաթուղթը՝ տեսնում ենք, որ այն շատ երկիմաստ բնույթ է կրում ու մեզ համար բազմաբնույթ հարցեր են առաջացնում: Սպառնալիքներն իրոք շատ են, բայց հիմա կանդրադառնամ դրանցից միայն մեկին, մյուսների մասին կխոսեմ հաջորդիվ:
Եվ այսպես՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել Բերձորի ու գործող «Լաչինի միջանցքի» հանձնման հետ ուղղակիորեն կապված կարևոր սպառնալիքներից մեկի մասին մտահոգությամբ՝ ճանապարհի Շուշիի-Ստեփանակերտ հատվածի վերաբերյալ: Առաջին հայացքից թվում է, թե ինչ կապ պետք է ունենա այս հարցը Բերձորի խնդրի հետ կամ «Լաչինի միջանցքի» երթուղու փոփոխման հետ: Սակայն այն ուղղակիորեն կապված է վերոնշված հարցի հետ, ինչպես նաև ուղղակի սպառնալիք կարող է դառնալ Ստեփանակերտի ու ողջ Արցախի համար:
Նշենք, որ ցանկացած ստորագրված փաստաթուղթ, բացի ուղիղ տեքստից, նաև որոշակի տողատակեր է պարունակում: Իսկ մենք նույնիսկ չենք փորձում հասկանալ, թե ընդհանրապես կոնկրետ ինչ է գրված նույեմբերի 9-ի փաստաթղթում:
Նախքան առաջ անցնեը՝ անդրադառնանք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին: Ուրեմն այսպես՝ ըստ այդ փաստաթղթի տրամաբանության «Լաչինի միջանցքը» վերաբերում է ոչ միայն Հայաստանը Արցախին կապող ներկայիս գործող ճանապարհի Բերձոր-ՀՀ սահման հատվածին, այլև ամբողջ մայրուղուն, այսինքն՝ Ստեփանակերտից մինչև ՀՀ սահման: Հարցնում եք ինչպե՞ս, հնարավո՞ր չէ այդպես լինի: Բացատրեմ՝ հենց նշված նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ է այդպես գրված: Որքան էլ, որ մենք ինքնախաբեությամբ զբաղվենք ու ասենք միջանցքը վերաբերում է միայն Բերձորի հատվածին, այնուամենայնիվ իրականությունն այդպես չէ:
Այստեղ խնդրում եմ ուշադիր լինեք: Ուրեմն այսպես՝ նշված փաստաթղթի 6-րդ կետում գրված է՝ մեջբերում եմ. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Ինչպես տեսնում ենք, փաստաթղթում նկարագրելով «Լաչինի միջանցքը», նշում է, որ այն շրջանցում է Շուշիի քաղաքը, այսինք՝ գրված է, որ այն չի ներառում Շուշիի քաղաքը: Սրանից ուղղակիորեն հասկացվում է, որ «Լաչինի միջանցք» ասվածն այս փաստաթղթի տրամաբանությամբ՝ ձգվում է ոչ թե ՀՀ սահմանից մինչև նախկին ԼՂԻՄ-ի սահման, ինչպես մենք ենք պատկերացնում, այլև այն սկսվում է ՀՀ սահմանից, գալիս հասնում է Շուշի քաղաք և նույնիսկ այնտեղ էլ չի ավարտվում, այլ՝ անցնելով Շուշին, այսինքն՝ ինչպես գրված է շրջանցում է այն ու շարունակվում Շուշիի մոտակայքով՝ հասնելով Ստեփանակերտ քաղաքի մատույցները: Եթե «Լաչինի միջանցք» ասվածը վերաբերեր մեր պատկերացրած ՀՀ սահմանից մինչև նախկին ԼՂԻՄ սահման հատվածին, ապա Շուշի քաղաքի վերաբերյալ հատուկ ընդգծվածության կարիք չպետք էր լիներ, բայց ինչպես տեսնում ենք այնտեղ նշված է Շուշին ու նույնիսկ ասվում է, որ միջանցքը շրջանցում է Շուշի քաղաքը, այսինքն՝ նույեմբերի 9-ի պայմանավորվածության տրամաբանությամբ «Լաչինի միջանցքը» ձգվում է ոչ միայն մինչև Շուշի, այլև՝ այն անցնում է Շուշիից այն կողմ, այսինքն՝ դեպի Ստեփանակերտի կողմ, քանի որ այնտեղ հստակ նշված է, որ միջանցքը շրջանցում է Շուշի քաղաքը:
Փաստաթղթում նաև նշված է՝ մեջբերում եմ.
«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Հենց այս նախադասությունն էլ ամրագրում է, որ «Լաչինի միջանցք» կոչվածը անցնում է ադրբեջանական տարածքով, քանի որ գրված է, որ Ադրբեջանն է երաշխավորում երթևեկության անվտանգությունը, այսինքն՝ պարտավոր է իր տարածքով միջանցք ապահովել:
Ուստի վերլուծելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետը՝ կարող ենք արձանագրել, որ այդ փաստաթղթի տրամաբանությամբ ամբողջ ճանապարհը՝ Ստեփանակերտի մատույցներից մինչև ՀՀ սահման համարվում է «Լաչինի միջանցք» ու անցնում է ադրբեջանական տարածքով:
Իսկ հիմա անցնենք վերևում նշված սպառնալիքի բնույթին:
Վերադառնալով, այսպես ասած, գործող «Լաչինի միջանցքին», որն ինչպես նշեցի, վերոնշված փաստաթղթի տրամաբանությամբ ձգվում է մինչև Շուշի քաղաք ու շրջանցելով այն հասնում Ստեփանակերտի մատույցներ: Ի դեպ, այս հիմնավորման ապացույցներից մեկն էլ կարող է լինել այն, որ երևի նկատել եք, որ Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետը, որը նախկինում տեղակայված էր Աղավնոյում, այսօր տեղակայվել է Ստեփանակերտի մատույցներում, այլ ոչ թե՝ ասենք նախկին ԼՂԻՄ սահմանին՝ այսինքն Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում:
Իսկ հիմա առավել մանրամասը խոսենք վերնշված վտանգի մասին: Ինչպես տեղյակ ենք բաց աղբյուրներից ու մամուլի հրապարակումներից, նոր կառուցվող ճանապարհը շրջանցելու է ոչ միայն Բերձորը, այլև Շուշի քաղաքի մատույցները ու, սկսելով ՀՀ սահմանից, անցնելով Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով հասնելու է Լիսագոր համայնք, որտեղից էլ թեքվելով՝ Ղայբալուշեն կոչվող տարածքով հասնելու է Ստեփանակերտի Կրկժան արվարձան: Այս հրապարակումները իշխանությունների կողմից, ոչ ՀՀ-ում, ոչ Արցախում չի հերքվել: Իսկ այստեղ խնդրում եմ մի փոքր ավելի ուշադիր կարդաք: Եթե նոր ճանապարհը գործի այս երթուղով ու այն դառնա գործող «Լաչինի միջանցքի» այլընտրանք և ռուս խաղաղապահները դուրս գալով նախկին երթուղուց, տեղափոխվեն նոր երթուղի, ապա ինչ ճակատագիր է ունենալու նախկին ճանապարհը կամ միջանցքը, որը ինչպես նշեցի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի տրամաբանությամբ հասնում է մինչև Ստեփանակերտ քաղաքի մատույցներ ու նույն փաստաթղթի տրամաբանության համաձայն Ստեփանակերտից մինչև ՀՀ սահման անցնում է, այսպես ասած, Ադրբեջանի տարածքով: Ուստի նույն փաստաթղթի 6-րդ կետի տրամաբանությամբ նախկին ճանապարհի ամբողջ երթուղին՝ այդ թվում նաև Ստեփանակերտ-Շուշի հատվածը հանձնվելու է Ադրբեջանին: Նրանք, ովքեր անցել են այդ ճանապարհով նկատել են երևի, որ Շուշի-Ստեփանակերտ հատվածում կա կարևոր ստրատեգիական մի բարձրունք, որը կոչվում է Շուշիի ոլորաններ: Այդտեղից երևում է ամբողջ Ստեփանակերտը, ինչպես «բռիդ մեջ», նաև Ասկերանը, Իվանյանը և այլ համայնքներ՝ զբաղեցնելով գերիշխող դիրք Ստեփանակերտի վրա:
Ի՞նչ ճակատագիր է ունենալու այդ բարձրունքը, որն ինչպես նշեցի վերոնշված փաստաթղթի տրամաբանությամբ մտնում է միջանցքի տարածք: Արդյո՞ք որևէ պայմանավորվածություն կա գործող միջանցքի Շուշի-Ստեփանակերտ հատվածի վերաբերյալ, ի՞նչ ճակատագիր է ունենալու այդ տարածքը: Ինչու՞ եմ մտահոգվում հենց այդ հատվածով, որովհետև այդ բարձրունքը գտնվում է անմիջապես Ստեփանակերտի մատույցներում և զբաղեցնում է գերիշխող դիրք Ստեփանակերտի ու հարակից համայնքների նկատմամբ ու այն թշնամուն հանձնելու դեպքում թշնամին ամբողջովին կվերահսկի՝ առանց այդ էլ վերահսկվող Ստեփանակերտը ու թշնամու հրաձգային զենքի ուղիղ նշանառության տակ կհայտնվի Ստեփանակերտի արվարձանները ու թշնամին կհայտնվի Ստեփանակերտի արվարձաններից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա, որից հետո Ստեփանակերտի մի շարք արվարձաններում պարզապես հնարավոր չի լինի փոքր ինչ անվտանգ բնակվելը: Կարո՞ղ ենք կանխել այս վտանգը, իհարկե կարող ենք: Պարզապես պետք է հրաժարվենք, գոնե այսպես ասած «նոր երթուղու» Լիսագոր-Ստեփանակերտ հատվածի նոր ճանապարհի անցկացումից, որի մասին, ի դեպ եռակողմ պայմանավորվածության փաստաթղթում որևէ բան նշված չէ:
Կարծիքներ