Արայիկ Հարությունյանի գրառումն ուղարկվել է ՀՔԾ

Արայիկ Հարությունյանի գրառումն ուղարկվել է ՀՔԾ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածներով ընթացքը լուծելու համար։ Այս մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։

ՀՔԾ-ից էլ մեզ փոխանցեցին, որ դեռեւս չեն ստացել նյութերը։

Հիշեցնենք՝  Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ այն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին. ««Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։
Այսինքն՝ այդ հայտարարությունն առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։

Հետևաբար՝ խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու՝ ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ՝ առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով»։