Փոքր ու միջին կլինիկաները վերագտնելու են իրենց արժանի տեղն ու դերը

Փոքր ու միջին կլինիկաները վերագտնելու են իրենց արժանի տեղն ու դերը

Հարցազրույց «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ նախագահ Հովհաննես Գեւորգյանի հետ


- Ձեր ղեկավարած ՀԿ-ն 2018-ի տարեսկզբից ակտիվ գործունեություն սկսեց ծավալել՝ ստոմատոլոգիայի ոլորտում հարկային բարեփոխումներ իրականացնելու նպատակով, անգամ բողոքի ակցիաներ կազմակերպեցիք ֆինանսների նախարարության դիմաց: Ինչո՞ւ ընտրեցիք պայքարի այդ ձեւը, եւ արդյոք այն տվե՞ց ցանկալի արդյունք:

- Դա մեզ համար առկա իրադրությամբ թելադրված քայլ էր, որով նպատակ ունեինք հաղթահարել ստեղծված անորոշ վիճակը: Հիշեցնեմ, որ մինչ այդ ոլորտի հարկային բարեփոխման հարցերով դիմել էինք ՀՀ վարչապետին, նաեւ տեղեկացել, որ նա համապատասխան հանձնարարականներ է տվել ֆինանսների եւ առողջապահության նախարարություններին: Կարճ ժամանակ անց, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ նշված կառույցներում գրեթե իսպառ բացակայում է բարեփոխումների գնալու պատրաստակամությունը: Բնականաբար, մեր ձայնն իրավասու պաշտոնյաներին հասցնելու համար, մեզ այլ բան չէր մնում, քան համախոհ գործընկերների հետ նախարարությունների դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Այո, մեր պայքարը տվեց ցանկալի արդյունք: Գործադիրը մեր առաջարկների հիման վրա մշակեց եւ ներկայացրեց օրենքի նախագիծ, որն Ազգային ժողովում ընդունվեց առանց լուրջ վերապահման: Փոփոխված օրենքն ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 1-ից: Եվ դրա համար մենք երախտապարտ ենք թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին: Սակայն պետք է հատուկ նշեմ, որ այդ արդյունքին հասել ենք նաեւ մեր նյարդերի, ամիսներ շարունակ ապրած-վերապրած սթրեսների հաշվին, որոնցից, ավաղ, հնարավոր չեղավ խույս տալ գործընթացների երկարատեւության պատճառով:

- Ըստ Ձեզ, փոփոխություններն արդարացրի՞ն ստոմատոլոգների սպասումները: Եղա՞ն էական տարաձայնություններ։

- Ի սկզբանե պարզ էր, որ մեր նախաձեռնությունն ունենալու է թե՛ կողմնակիցներ, թե՛ ընդդիմախոսներ: Մեզ առաջին իսկ օրվանից հիմնականում փորձում էին ընդդիմախոսել, անգամ մեղադրել մի շարք խոշոր կլինիկաների ղեկավարներ, որոնք 2013թ. հունվարին ՀՀ կառավարության կողմից ոլորտում կիրառված նոր հարկատեսակի՝ արտոնագրային վճարի շնորհիվ, մինչեւ 2019թ. դեկտեմբեր 31-ը ներառյալ, աշխատել են իրենց համար խիստ շահեկան պայմաններում: Իսկ դա, ըստ էության, եղել է փոքր ու միջին կլինիկաների հաշվին. նրանք խոշորի հետ հավասար, չնայած շրջանառությունների միջեւ առկա տարբերությանը, հարկվել են միեւնույն դրույքաչափով: Այդպիսով առաջացել է որոշակի դիսբալանս՝ ի նպաստ խոշորի եւ ի վնաս փոքր ու միջինի: Որպես հետեւանք՝ խոշորներն իրենց մեծ շրջանառության եւ նույնպիսի շահույթների շնորհիվ հեշտությամբ վճարել են արտոնագրային վճարը, նաեւ տեխնիկապես վերազինվել եւ բարելավել են սպասարկման պայմանները: Իսկ փոքր ու միջին կլինիկաները, տարեցտարի կորցնելով մրցակցային ներուժն ու զարգացման հնարավորությունները, հայտնվել են տրամագծորեն հակառակ՝ խիստ աննպաստ պայմաններում: Կրելով շատ զգալի վնասներ՝ որոշները չեն դիմացել եւ փակվել են, մի մասն էլ կցորդի կարգավիճակում գոյատեւել է՝ լավ ապագայի սպասումով։
Շրջանառության հարկին վերադառնալու մեր բուն նպատակը փոքր եւ միջին կլինիկաների համար հարկային-մրցակցային խելամիտ պայմանների եւ սոցիալական արդարության վերականգնումն է, ինչը բխում է նաեւ մեր պետության շահերից:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ստոմատոլոգների շրջանում հիմա ակտիվ քննարկումներ են ընթանում «գործատու-բժիշկ ստոմատոլոգ» ձեւաչափով համագործակցության նոր մոդել մշակելու խնդրի շուրջ: Մեր «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ-ն շուտով, իր հերթին, կհրավիրի քննարկումներ, կներկայացնի սեփական դիրքորոշումն ու կլսի մասնակիցների կարծիքները: Վստահ եմ՝ ամեն բան կհստակեցվի վերջնականապես: Ամեն կերպ օգնելու ենք մեր գործընկերներին, որպեսզի նոր հարկատեսակին անցումը, ադապտացիան տեղի ունենան սահուն՝ առանց անտեղի լարվածության: Կասկած չունեմ, որ փոքր ու միջին կլինիկաները վերագտնելու են իրենց արժանի տեղն ու դերը:

- Ձեր պայքարը սրանով կարելի՞ է ավարտված համարել:

- Իհարկե՝ ոչ: Սա միայն մեր առաջին քայլն ու հաջողությունն էր: Անելիք շատ կա:

- Կնշե՞ք դրանցից մեկ-երկուսը:

- Բարձրացնելու ենք, օրինակ, առողջապահության համակարգի եւ, մասնավորապես, ստոմատոլոգիայի ոլորտի վարկավորման հիմնախնդիրը: Բանկային տոկոսադրույքները բարձր են, շատերի համար՝ անհաղթահարելի: Համախոհ, շահագրգիռ գործընկերների հետ շուտով քննարկումներ կսկսենք նաեւ բուհական եւ հետբուհական կրթության որակի, պետպատվերի, կլինիկաների եւ բժիշկների լիցենզավորման հիմնախնդիրների շուրջ, որոնք առանցքային նշանակություն ունեն ոլորտի առաջանցիկ զարգացման համար: 

- Ընդհանուր առմամբ, գոհացնո՞ղ էին Ձեր նախաձեռնության հանդեպ ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարության եւ անձամբ նախարարի դրսեւորած գործելաոճն ու մոտեցումները:

- Ցավոք սրտի՝ ոչ: Մեր բարձրացրած ոլորտային այլ խնդիրների շուրջ այդպես էլ նախարարությունը չնախաձեռնեց ոչ մի գործնական քննարկում կամ արդյունավետ համագործակցություն, որի մասին եւս եղել էր ՀՀ վարչապետի հանձնարարականը: Դա շատ վիրավորական է մեզ համար: Նման մոտեցումն այնտեղ այլեւս սովորական երեւույթ է: Հանիրավի անտեսվում են մարդիկ եւ ՀԿ-ներ, որոնք բախտորոշ պահին, լրջագույն ռիսկերի դիմելով, մասնակցեցին երկրում սկիզբ առած հեղափոխական գործընթացներին՝ լիահույս, որ հետագայում կարող են իրենց հանրօգուտ ծրագրերով մասնակիցը դառնալ համակարգային, արմատական բարեփոխումների: Բայց, ավաղ, հիմա շատ տարօրինակ բաներ են կատարվում մեր երկրում: Օրինակ, մենք վերջերս հանդիպում էինք խնդրել վարչապետից՝ նպատակ ունենալով նրան անձամբ տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության արգահատելի գործելաոճի մասին: Բայց, ըստ մեզ հասած հավաստի լուրերի, մեր նամակը կրկին մակագրվել է հենց առողջապահության նախարարությանը… Երկուշաբթի՝ ամսի 17-ին, վաղ առավոտյան ես եւ մի խումբ համախոհ գործընկերներ հրավիրվել էինք առողջապահության նախարարություն՝ քննարկելու մեր ՀԿ-ի կողմից բարձրացված խնդիրները: Ու թեպետ մեզ նախապես հավաստիացրել էին, որ հանդիպմանն անպայման ներկա են գտնվելու մի շարք պաշտոնյաներ՝ փոխնախարարի գլխավորությամբ, այդուհանդերձ, հանդիպումը չկայացավ վերջիններիս՝ «այլ հարցերով խիստ զբաղված լինելու պատճառով»: Այսքանից հետո մեզ, թերեւս, այլ բան չէր մնում, քան վերջնականապես եզրակացնել, որ հիշյալ գերատեսչության մոտեցումն ակնհայտորեն ոչ համարժեք եւ արհամարհական է հասարակության շահերի եւ կարծիքի հանդեպ: Ավելին․ ըստ իս՝ դա հասարակության համբերությունը չարաշահելու, հեղափոխական գաղափարախոսությունն արժեզրկելու ակնհայտ միտում է: Միտում, որը, շարունակվելու դեպքում, ունակ է նաեւ հանգեցնել անցանկալի հետեւանքների: 

- Ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ ոլորտում առկա են որոշակի ներքին խոչընդոտներ:

- Իհարկե, կան եւ՝ ոչ քիչ: Սակայն առաջարկում եմ դրանց մասին խոսել մեր հետագա հարցազրույցներից մեկում: