Իշխանությունը կոտրեց ԵՊՀ-ի դիմադրությունը

Իշխանությունը կոտրեց ԵՊՀ-ի դիմադրությունը

Երեկ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, ով Ն․ Փաշինյանի իշխանության ժամանակ եղել է ԿԳ փոխնախարար եւ ԱԺ պատգամավոր։

Վ․ Դումանյանն իր խոսքում նշեց, որ ժամանակավոր խորհուրդն ընդունել է Գ․ Գեւորգյանի հրաժարականի դիմումը եւ հաստատել Հ․ Հովհաննիսյանի թեկնածությունը ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում, եւ նա աշխատանքի կանցնի հենց վաղվանից։ Հ․ Հովհաննիսյանի խոսքը կարճ էր, քանի որ ծրագրում է առանձին հանդիպումներ ունենալ ամբիոնների վարիչների, դեկանների հետ եւ լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։ «Համալսարանն իրապես պետք է դառնա կրթական հաստատություն, զերծ կուսակցական, քաղաքական բոլոր տեսակի շահարկումներից, դրանք պետք է թողնենք անցյալում, ինքս այստեղ եմ եկել որպես ապակուսակցական, ապաքաղաքական մարդ, եւ համալսարանն այլեւս չի տեսնելու այն, ինչ տեսել է նախկինում»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչ է տեսել համալսարանը նախկինում, որ իր օրոք այլեւս չի տեսնելու։

Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ միայնակ հնարավոր չէ բարեփոխումներ անել, ուստի խնդրեց յուրաքանչյուրի աջակցությունն ու օգնությունը․ «Ես որոշակի ծրագիր արդեն իսկ գրել եմ, բայց այս փուլում ինքս ինձ համար եմ գրել, հետագայում ձեզ կներկայացնեմ, ու կքննարկենք, կբարելավենք այդ ծրագրի դրույթները եւ կփորձենք այդ ծրագրով առաջ շարժվել»։

Դումանյանին ակնհայտորեն դուր չեկավ Հովհաննիսյանի ելույթի այս մասը, եւ նա դրանից հետո իր խոսքում նկատեց, որ թեպետ Հովհաննիսյանն ունի երկարատեւ ու հեռուն գնացող ծրագրեր, սակայն այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են ընտրում, մինչեւ մրցույթ կհայտարարվի, իսկ իրենք շահագրգռված են, որ մրցույթ հայտարարվի։ Ապա թվացյալ անտարբերությամբ նշեց, որ նախորդ մրցույթին դիմողներից մեկն էլ ինքն է եղել։ Հետո արդեն, մեր հարցին ի պատասխան՝ առաջիկա մրցույթին կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, թե՞ ոչ, նախարարը խուսանավեց հարցից․ «Դա ի՞նչ մի հետաքրքիր հարց է, ավելի լուրջ հարց տվեք»։ 

Վերադառնալով Հ․ Հովհաննիսյանի թեմային՝ նկատենք, որ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում նրա նշանակումը ոչ ոքի չզարմացրեց, չնայած վերջին 3 տարիների ընթացքում Հովհաննիսյանը պարբերաբար եւ համառորեն հերքում էր ռեկտորի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը, եւ չնայած ակնհայտ էր նաեւ, որ օրենքում պրոֆեսորի կոչման պահանջը խմբագրում են հենց նրա համար։

Ինչ վերաբերում է համալսարանականներին, ապա գիտխորհրդի դահլիճը կիսով չափ դատարկ էր, ավելին՝ այս երկու տարվա ընթացքում իշխանություններին կարծես հաջողվեց կոտրել ԵՊՀ-ի դիմադրությունը, ներկաները Հ․ Հովհաննիսյանի նշանակումը լսեցին լուռ, արձագանքեցին ժպիտով։ Անգամ այն դեպքում, երբ նախարարը դիմեց ներկաներին՝ նրանց հարցադրումները լսելու պատրաստակամությամբ, ոչ ոք չարձագանքեց։ Համալսարանականներն ինչպես եկել էին, այնպես էլ լուռ հեռացան։  

ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ին ներկայացնելուց հետո՝ վերջում, Վ․ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ անում են, որ օր առաջ ձեւավորվեն հոգաբարձուների խորհուրդները, որոնք չկան մի շարք բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում։

«Ձգձգման խնդիրն այս պահին նախարարության հետ որեւէ առնչություն չունի, իսկ խոչընդոտները պայմանավորված են իրավական դաշտի մատուցած անակնկալներով՝ սկսած ՍԴ-ից, նախագահը, ով վիճարկեց օրենքը, հաջորդ քայլով նախարարությունը ձեռնարկեց այլ գործիքակազմ՝ ընդունեց կառավարության որոշում գործող օրենքների շրջանակում, որն այս անգամ էլ ՄԻՊ-ը վիճարկեց ՍԴ-ում, եւ մենք սպասում էինք ՍԴ-ի վճռին եւ այդ ընթացքում գործող «Հիմնադրամների մասին» օրենքի շրջանակում, ըստ որի՝ եթե 2 ամիս հոգաբարձուների խորհուրդը չի գործում, ապա արդարադատության նախարարը ձեւավորում է ժամանակավոր հանձնաժողով՝ 3 հոգուց կազմված։

Բայց այս անգամ էլ ՄԻՊ-ը դիմեց ՍԴ՝ պարզելու 19 տարի առաջ ընդունված օրենքի սահմանադրականությունը։ Ստացվում է՝ հենց մենք ձեռնարկում ենք որեւիցե քայլ եւ ընտրում մեր գործիքակազմն օրենսդրական դաշտում, մեր իրավական դաշտի գործող պատասխանատուներից ոմանք տեսնում են, որ, վայ, էստեղ սահմանադրական ինչ-որ խնդիր կա»,- ասաց Դումանյանն ու հավելեց, որ թեպետ բարձր դատարանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի 2 դրույթ սահմանադրականության հետ խնդրահարույց է համարել, բայց դեռ չկա ՍԴ-ի պաշտոնական որոշումը, բացի մեկ որոշումից՝ կասեցնել կառավարության համապատասխան որոշման գործունեությունը։

Այդուհանդերձ, նախարարը խնդիր չի տեսնում, եթե ՍԴ-ն պաշտոնապես հակասահմանադրական ճանաչի «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքը։ «Մենք կխմբագրենք մեր օրենքը, կհարմարացնենք»։ Այսինքն՝ հնարավոր է փոփոխությո՞ւն արվի խորհուրդների կազմի համամասնության հարցում։ «Ինչքան էլ ընտրեք, վերջում նշանակում է տեղի ունենում»,-հարցը շրջանցեց Դումանյանը։

Ինչ վերաբերում է ռեկտոր դառնալու պարագայում պրոֆեսորի պարտադիր կոչում ունենալու պահանջին, ինչի հետ կապված կառավարությունը նախօրեին որոշում կայացրեց՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարել եւ հանել այդ պարտադիր պայմանը, համաձայն որի այսուհետ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն հինգ տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ, նախարար Դումանյանն ասաց․ «Մենք պետք է հաշվի առնենք, որ ունենք տարբեր բուհեր, ոչ միայն ԵՊՀ-ն, ու երբ դուք խիստ պահանջներ եք դնում, հետո հավակնորդների կադրային պոտենցիալ ցուցակը բավականին սահմանափակվում է, դրա համար մենք ներքին շեմ ենք սահմանել, սակայն նույն օրենքում գրված է, որ տվյալ բուհը՝ իր կանոնադրությամբ, կարող է լրացուցիչ պահանջներ դնել, ուզում եք դրեք պրոֆեսոր, դոկտոր կամ դոցենտ, թող դա տվյալ բուհը որոշի»։

Ի վերջո, ե՞րբ է ձեւավորվելու հոգաբարձուների խորհուրդը, որը կընտրի նաեւ ռեկտորին, կա՞ ինչ-որ ժամկետ։ Դումանյանն ասաց․ «Որեւէ ժամկետ օրենքը չի սահմանում, ես ամեն ինչ անում եմ, որ օր առաջ այդ խորհուրդները ձեւավորվեն»։ Ինչո՞ւ հենց Հ․ Հովհաննիսյանը՝ իշխանության ներկայացուցիչը։ «Հ․ Հովհաննիսյանը ո՞ր իշխանության ներկայացուցիչն է․․․ ի՞նչ վատ է, ի՞նչը դուրներդ չի գալիս, ի՞նչ լիներ, որ ձեր դուրը գար՝ պատգամավոր չլիներ, իշխանության հետ առնչություն ունեցած չլիներ․․․, եկեք ուղղակի հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու, նա լիովին բավարարում է այսօր ներկայացվող պահանջներին»,- նշեց Դումանյանը, ապա հորդորեց փրկիչ չփնտրել, այլ՝ կառավարիչ։