Նիկոլական համերաշխության գինը

Նիկոլական համերաշխության գինը

Ութերորդ գումարման Ազգային ժողովի սկիզբը նշանավորվեց համերաշխության տեսարանների բեմադրությամբ: ՔՊԿ-ական իշխանության ներկայացուցիչները համերաշխության կոչեր ուղղեցին ընդդիմադիրներին: Ո՞րն է ներքաղաքական կամ, ավելի ճեշտ՝ իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ նիկոլական համերաշխություն հաստատելու գինը: Եվ ինչո՞ւ «պողպատյա» մանդատը հանկարծ վերափոխվեց համերաշխության կոչերի: Եվ ո՞ւր կորավ եռագույն «բանծիկով» նիկոլական մուրճը: 

Իսկապես, ինչպե՞ս ստացվեց, որ «պողպատյա» մանդատի մասին անվերջ խոսող եւ եռագույն «բանծիկով» մուրճ թափահարող Նիկոլը հանկարծ որոշեց 180 աստիճանով փոխել տոնայնությունը: Ասել, որ հրաշք տեղի ունեցավ, եւ նա խելքի եկավ՝ իրական չի լինի: Ասել, որ արեւմտյան ազդակներն են ստիպել՝ կարող է պատահել: Ասել, որ 100 տոկոսով «հայանպաստ» լուծման անհրաժեշտությունն է ստիպել՝ կրկին կարող է պատահել: Սակայն Ազգային ժողովի աշխատանքի հենց առաջին օրվանից նման երեւույթը հեչ բնական չէր: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա ընդդիմությունը շատ ավելի արմատական է, քան նախկինը: Իսկ դասական մեխանիկայի՝ Նյուտոնի կողմից ձեւակերպված երրորդ օրենքն ասում է, որ «երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են եւ հակառակ ուղղված»: Այսինքն՝ որքան ավելի արմատական է ընդդիմությունը, այնքան նրա նկատմամբ արմատական պետք է դառնար իշխանությունը: 

Բայց արի ու տես, որ իշխանությունը գնաց այլ ճանապարհով՝ փորձեց սիրաշահել խորհրդարանական ընդդիմությանը: Բնականաբար, չենք մոռանում, որ նիկոլական համերաշխության օրակարգը սկզբում հաջողությամբ «փորձարկվեց» արտախորհրդարանական հեղափոխական ընդդիմության վրա: Իհարկե, եթե 2018-ի ապրիլյան իրադարձությունների ակտիվ մասնակիցներին, որոնք կուսակցություններ գրանցեցին՝ տեղ չգտնելով Նիկոլի կողքին, կարելի է արտախորհրդարանական ընդդիմություն համարել:

Եվ, զարմանալիորեն, իշխանական համերաշխության մարմնավորումը դարձավ այն անձը, որն ամբողջ քարոզարշավի ընթացքում առավել մոտ էր Նիկոլին՝ Ալեն Սիմոնյանը: Այսինքն՝ ըստ տրամաբանության, նա պետք է դառնար «պողպատյա» մանդատի եւ եռագույն «բանծիկով» մուրճի մտայնության կրկօրինակողը: Բայց քանի որ նա էր Ազգային ժողովի նախագահի նիկոլական թեկնածուն, ուրեմն նրան էլ բաժին հասավ անգլիական ջենթլմենի վերափոխվելու պարտավորությունը: Ասեմ, որ նրա մոտ դա լավ էլ ստացվում է՝ եթե, իհարկե, հաշվի չառնենք կեղծ նոտաները, որ պարզորոշ դրսեւորվում են նրա յուրաքանչյուր քայլում եւ խոսքում: Ինչը, ի դեպ, աչքի է զարնում թե՛ լիագումար նիստերը վարելիս եւ թե՛ խորհրդարանում լրագրողների հետ շփվելիս:

Ինչեւէ, ինչպիսին էլ լինեն նշված երեւույթի պատճառները, դրանք չեն կարող կասկածներ չհարուցել, եւ այստեղ է, որ ընդդիմությունը ստիպված է լինելու ե՛ւ տրվել այդ խաղին, ե՛ւ պահպանել զգոնությունը: Ստիպված է պահպանել իշխանության որդեգրած խաղի կանոնները, քանի որ հնարավոր չէ անընդհատ սկանդալներ հարուցել խորհրդարանում, եւ, բացի դրանից, դա չի ընկալվի ո՛չ Ռուսաստանում եւ ո՛չ էլ Արեւմուտքում: Բայց եթե այդ խաղի նպատակը, այսինքն՝ նիկոլական համերաշխության գինը ոչ հայանպաստ լուծումների առումով ընդդիմության զգոնությունը բթացնելն է, ապա կարծում եմ, որ իշխանության ջանքերն այդ առումով իզուր են: Քանի որ իրական ընդդիմությանը, ի տարբերություն ուսապարկերի բազմության, հատուկ է ընդհանուր արժեքայնությունը եւ այդ թվում՝ սկզբունքայնությունը: