Այս երգը երաժշտական հուշարձան է բոլոր նրանց, ում սպասում ենք

Այս երգը երաժշտական հուշարձան է բոլոր նրանց, ում սպասում ենք

Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Արցախի հերոսներին նվիրված երգի մասին գրառում էր արել․ «Այսպիսի երգ չպետք է գրվեր։ Երգի հեղինակը ես չեմ, այլ` ճակատագիրը:
Ես ընդամենը գրի առա խոսքերի և երաժշտության տեսքով ճակատագրի թելադրված վիշտն ու ցավը, սպասումն ու ցասումը...

Շուշան Պետրոսյանն էլ վերապրեց և ապրեցրեց այս ամենը:
Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք...»։

Արմեն Աշոտյանը երգի հետ կապված մի մանրամասն էլ հայտնեց՝ դեռ 2013 թ․ երգ էր խոստացել Շուշան Պետրոսյանին։ 

«Եվ շատ վատ եղավ, որ խոստումս կատարելու առիթը այսպիսի ողբերգական առիթն է։ Անկեղծ խոստովանում եմ, որ սա երգ չէ, երաժշտական հուշարձան է բոլոր այն մարդկանց համար, ում սպասում ենք»,-ասում է Արմեն Աշոտյանը։

Մեզ հետ զրույցում նա պատմեց նաև, որ երգը գրվել է Սիսիանում, զինվորական ծառայության ժամանակ՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ «Գիշեր էր, ուշ գիշեր, իմ հերթական հերթապահությունն էր հոսպիտալում, և տենց ծանր ապրումների մեջ՝ պատերազմի արդյունքների, կորուստների, անհետ կորած, գերեվարված տղաների մասին իմ մտորումների արդյունքում երգը գիշերը գրվեց։ Միանգամից է գրվել և՛ խոսքը, և՛ երաժշտությունը։ Առավոտյան ուղարկել եմ Շուշան Պետրոսյանին, զանգահարեց հետ, շատ հավանել էր, հուզված էր, ասաց, որ անպայման ուզում է ինքը երգի, ու որ այն երգ դառնա։ Խոսեցի Սահակյան Արմանի հետ, նա էլ շատ հավանեց, ասաց, որ զորացրվելուց հետո կկազմակերպենք ձայնագրությունը, երաժշտական ձևավորումը և այլն։ Տարեվերջին զորացրվելուց հետո արդեն շատ արագ աշխատեցինք, որպեսզի երգը միս ու արյուն ստանա»։

Իր տեսահոլովակի նախապատրաստման ու թողարկման համար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնում «Պարա TV»-ի աշխատակազմին ու «Արդվին» ստուդիային։