Էրդողան-Նիկոլ. ամենածանր գինն ենք վճարելու

Էրդողան-Նիկոլ. ամենածանր գինն ենք վճարելու

Ադրբեջանում պետականորեն քարոզվում է հայատյացություն. հայ սպանողն ազգային հերոս է: Ալիեւը մի ամբողջ սերունդ է այդպես դաստիարակել եւ իր ողջ հասարակությանը: Գիտենք, եթե սպանդն ուղղորդվում եւ հովանավորվում է պետության կողմից, ուրեմն ցեղասպանություն է, հարկ չկա մանրամասնելու: Եվ մեր իշխանությունը կրկնում է այն, ինչ Ալիեւն է ասում` Շուշին թուրքական է, Քարվաճառը թուրքական է, եւ ճիշտ ենք արել, որ հանձնել ենք: Իսկ Սյունիքը հանձնում ենք մետր առ մետր, քանի որ Ալիեւն ասել է, որ իրենց պատմական հողն է: Վաղն էլ հաստատելու ենք, որ Երեւանն է թուրքական, որովհետեւ Ալիեւն այդպես է ուզում: Մենք մեր երկրի սահմանները բացել ենք դրանց առաջ եւ չենք պաշտպանում:  

Ադրբեջանը սահմաններ բացելու խնդիր չունի, մեր սահմանները բաց են ազերիների առաջ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում: Կարող են նովրուզի նախօրեին մտնել հայկական գյուղ եւ գիշերով տնից դուրս եկած հայ տղամարդուն բռնել փողոցում, տանել անտառ ու հրկիզել: Կատարյալ է դառնում թուրքի նովրուզը, երբ տոնն սկսում է հայ վառելով. այդպես փառավորվում է նրա ալլահը: Իսկ մենք փարատվում ենք` ինքնասպանության վարկածն առաջ քաշելով, թե ինքնահրկիզվել է, կարծես ինքնասպանության այլ ձեւ չգիտեր մարդը, հենց դաժանագույնը պետք է ընտրեր:  
Ադրբեջանը հասել է իր մոտ նպատակին եւ հիմա քայլ առ քայլ գնում է հեռուն` դեպի վերջնական նպատակը: Մնում է Թուրքիայի մոտ եւ հեռու երազներն իրականացնել` բացելով սահմանը:

Թուրքիայի մի քիչ հեռուն գնացող նպատակը թրքացված Հայաստանն է, իսկ մոտը Ցեղասպանության եւ պահանջատիրության մոռացումն է, ինչին մեր իշխանությունը լծված է այսօր. մտմտում է, մռլտում է` մինչեւ բացահայտ ու թիրախային հարվածելը նպատակակետին: Ապրիլի 24-ին Էրդողանը կասի` ցավում եմ, որ հայեր են կոտորվել իրենց իսկ անվտանգության նպատակով տեղահանության ժամանակ: Համարյա ներողություն կխնդրի: Նիկոլն էլ կասի` տեսաք, ժողովուրդ, ներողություն խնդրեց, եկեք մոռանանք:

Որովհետեւ Բայդենի վարչակազմն ամենամոտն է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն: Էրդողանը ձեռք ու ոտք է ընկել: Այս անգամ օգտագործելու է Թուրքիա-Հայաստան բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու պատրանքը: Թե Ամերիկա, մենք ախպերություն ենք ուզում անել, դու ինչո՞ւ ես խանգարում: Մեր իշխանությունը նույնպես ընդառաջ է գնում՝ կուլ տալով թրքական խայծը, եւ ամեն նոր քայլը լինելու է Ցեղասպանությունից ու պահանջատիրությունից հրաժարվելը: Փաստորեն, ապրիլի 24-ին Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմանը դեմ են Թուրքիան, Ադրբեջանը եւ մեր իշխանությունը:  

Բաց սահմանի ամենածանր գինը վճարելու ենք մեր պատմությամբ, մեր մշակույթի, ինքնության ոչնչացումով, մեր մոռացումով: Միայն տնտեսապես չի խեղդելու մեզ Թուրքիան` իր կապիտալը հոսեցնելով Հայաստան եւ զավթելով ամեն ինչ` մարդ ու աշխատանք: Մշակութային հաստատություններն է թրքացնելու` մեկառմեկ դարձնելով թրքական մտքի կրող ու իրացնող: Վաճառվող բուհերի շենքերը խոսքից դառնալու են գործ, եւ գնելու են թուրքերը: Ակադեմիան ու մյուս գիտակրթական օջախները` նույնպես, եւ մենք դրա դեմ չենք կարող պայքարել, հանձնվելու ենք մինչեւ վերջ: Որովհետեւ սա է Թուրքիայի պետական քաղաքականությունը, իսկ մենք քաղաքականություն չունենք: Թուրքի կամքը մեզ համար օրենք է լինելու, ինչպես արդեն կա:

Հուսիկ Արա