«Թուրքը մտնի տունս, ինձ ու թոռներիս մորթի, մեկ ա ես Փաշինյանին եմ ուզում»

«Թուրքը մտնի տունս, ինձ ու թոռներիս մորթի, մեկ ա ես Փաշինյանին եմ ուզում»

Դեկտեմբերի 5-ը տեղական ընտրությունների անցկացման՝ այս տարվա վերջին փուլն է: Հին, ոչ բարի ավանդույթների համաձայն, ոչ բարով-խերով իշխող ուժի ներկայացուցիչներն անում են այն ամենը, ինչի դեմ բողոքում էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլը: Հասկանալի է, որ նյութական մեր աշխարհում իշխանությունն ավելի թանկ է գնահատվում, քան մնացած ամեն ինչը՝ բացառությամբ, երևի, միայն կյանքի: Ու հանուն այդ իշխանության ձեռբերման կամ պահպանման՝ երեկվա ընդդիմադիրներն այսօր ոտնատակ են տալիս ամեն մի սկզբունք: Բայց պետք է խոստովանեմ, որ որպես նախկիններին ընդդիմադիր՝ ինձ համար դա նորություն էր: Ես կարծում էի, որ եթե մարդ պայքարում է այն ամենի դեմ, ինչի մեջ թաթախված էին նախկինները, ինքը չի կարող նմանվել նրանց՝ երբ հասնի իշխանության: Բայց պարզվեց, որ դա այդպես չէ, որ կյանքը շատ ավելի բազմերանգ է, քան կարող է պատկերացնել մեզանից որևէ մեկը: Ինչքան էլ այդ մեկը խորաթափանց լինի ու խելացի: 

Ընդհանրապես, մարդկանց՝ որպես բարի, ներդաշնակ և ճշմարիտ (մի կողմից) և չար, կեղծ և ավերող (մյուս կողմից) արտաքին տարբերակումից բացի առկա է նաև ներքին տարբերակում: Այսինքն, նույն անձի մեջ այս կամ համամասնությամբ տեղ են գրավում բարի և չար ոգիները: Նույն գաղափարն առկա է քրիստոնեական մշակույթում՝ աստծո կողմից ստեղծված և սեփական հոգում նրա մասնիկն ունեցող մահկանացուն իր վրա կրում է նաև սատանայի կնիքը: Եվ նրա բարի կամ չար դրսևորումը կախված է արտաքին պայմաններից, որում գործում է այդ անձը: Նաև այն կարգավիճակից, որում հայտնվում է մարդ արարածը: Իհարկե, կան բացառություններ, որոնք ի սկզբանե հայտնվում են որպես ամբողջական բարի կամ չար արարածներ, սակայն դրանք շատ հազվադեպ են պատահում մարդկային հասարակությունում: 

Իմ սերնդի կյանքում մարդկանց՝ բարուց դեպի չար փոխակերպումը տեղի ունեցավ երկու անգամ՝ առաջին անգամ Ղարաբաղյան շարժման հաղթանակի արդյունքում: Շարժման ընթացքում դրսևորված համատարած մարդասիրությունն ու բարությունը շատ արագ վերածվեցին իրենց հակադրության: Երկրորդ անգամ նույն երևույթին ականատես եղանք 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների և Փաշինյան Նիկոլի՝ վարչապետ կարգվելուց շատ չանցած: Երկու դեպքում էլ իշխանության կրողները չդիմացան իշխանության կողմից ընձեռվող գայթակղությանը: Բայց դեռևս 19-րդ դարում անգլիացի պատմաբան և քաղաքական գործիչ Ջոն Դալբերգ-Աքթոնի (1834-1902) կողմից է ասվել, որ «Իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես»: Իսկ հայաստանյան, այսպես կոչված, խորհրդարանական «ժողովրդի իշխանության» պայմաններում տիրում է Փաշինյան Նիկոլի միանձնյա , այսինքն՝ բացարձակ իշխանությունը: Նույնն, ի դեպ, երկու և կես տասնյակ տարի առաջ առկա էր «ժողովրդավարության կղզյակում»: 

Բացարձակ այլասերման դրսևորումներից է ոչ միայն իշխանության պահպանման նպատակով սկզբունքներից հրաժարումը, իր շուրջը և մարդկանց հոգիներում ավեր տարածելը, այլև հանուն որևէ գաղափարի, ինչպիսին էլ այն լինի, բազմահազար մարդկանց կյանքի հետ խաղալը: Այն, ինչը բացահայտվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, շարունակվում է բացահայտվել հետպատերազմյան ժամանակաշրջանում: Եվ, բնականաբար, այդ իշխանությունը հիմնված է ոչ թե բարության, գրագիտության, խելացիության և հայրենասիրության, այլ անձնական նվիրվածության հիման վրա: Այնպիսի, ինչպիսի նիկոլապաշտ կանանցից մեկի ասած խոսքն է՝ «Թուրքը մտնի տունս, ինձ ու թոռներին մորթի, մեկ ա ես փաշինյանին եմ ուզում»:  Որպես հայ ես չէի ցանկանա ունենալ այնպիսի իշխանություն, որը հիմնված լիներ նման մարդկանց վրա: