Հաս Չախալյան. Երկրիս

Հաս Չախալյան. Երկրիս

Առավոտ

արթնանում եմ
եւ իմ ապրած
ոչ մի տեղը չկա
ոչ երկիրը
ոչ տունը
ոչ էլ ես

44 օր

սեպտեմբեր է-
ծառերն են
չվում թռչունների
փոխարեն,
այս ինչ անտանելի
երգ է պատերազմը
հողի համար
հողի տակ

Նամակ անծանոթին

ես երկիր ունեմ
իմ երկրին միշտ կրակում են
իմ երկիրը կրակում ա միշտ
գարուն-ամառ
աշուն-ձմեռ

դու հավանաբար երջանիկ ես
որեւէ սրճարանում նստած
որեւէ խոտին պառկած
որեւէ երկրի մի տանը

որովհետեւ դու չունես
երկիր
որին կրակում են
որը կրակում ա միշտ

Արցունք

Երեխաներ են հոսում աչքերիցս,
կարմիր-կանաչ շորերով երեխաներ,
եւ արյունը սառում է հողի տակ,
եւ կանաչ արցունքներ են
բարձրանում երկինք՝
ծիլ տալու...
Ուղղակի պատերազմ է,
իսկ ես փակել էի աչքերս՝
իմ երկիրը
տեսնելու համար։

Ջազ

ես ուզում եմ
իմ պոեզիան
նորից երգես
թփերի
արցունքների
ծառերի
ու մարդկանց
արանքից
եւ ես
լսելով այդ ջազը
հեկեկամ
հեկեկամ
մենակ
մենակ
նստած
ձեռքերիդ
մեջ
երկիր ջան

Ոչ մի օր

ես ոչ մի օր
չեմ հեռացել
մեր տնից
մամ
եւ ոչ մի օր
չեմ ապրել
այլ երկրում
ընդամենը
մարմինս եմ
բերել
անապատ
ընդամենը
իմ երկիրն եմ
բերել
մարմնիս հետ

Ամառ

երկիր ջան
շոգ ամառ ա Երեւանում
մարդիկ սպասում են անձրեւի
ու մի զինվորի հայր
լաց ա լինում
քարին նստած
(որդին գերի ա)
լաց ա լինում
լաց ա լինում
մենակ
էս ինչ անտանելի
անձրեւ ա
ոչ ոք չի
թրջվի էս անձրեւից
ոչ ոք
միայն էս քարը
միայն էս քարը
որին նստել ա 
գերի զինվորի հայրը
երկիր ջան
ահա ու վերջ

Կանաչ սար

ես տեսա իմ երկիրը
ես տեսա
կանաչ ամպերի մեջ
քայլելիս
եւ մեկն ասաց
Արարատի երազը
մեռել է վաղուց
ու հիմա միակ սարը
Եռաբլուրն է 
կանաչ ամպերի մեջ,
որը ապրեցնում է ինձ

Երազ

մամ
չարթնացնես
ինձ երազից
չարթնացնես
ես չեմ ուզում
տեսնել
պատերազմող հողը
եւ արյունը կարմիր
որ այս երկրի երկինքն է
չխնայեց աղավնիներին
չխնայեց կանանց
որոնք մայրեր էին
որոնք ուղղակի
աղավնիներ են հիմա
ինչ-որ շիրմաքարերի մոտ

Մասունք

իմ երկրում
լիքը
մասունքներ կան
մարմնի
ու արյան
արյան
ու
ջրի

ասում են՝
մահացած
մի զինվոր
վերջապես
գտավ իր ձեռքը

գտավ ու լաց եղավ
որ իր երեխային
գրկելու է մի ձեռքով

Իմ երկիրը

իմ երկիրը
իմ երկիրը
ունի քիչ հող
իմ երկիրը
ունի շատ արյուն
իմ երկրի արյունը
ունի շատ հող

ու
այնտեղ
քայլում է
պատերազմը
ամեն օր
երբ բացում
ես աչքերդ
եւ ոտքերդ
չկան
եւ բացում են
աչքերդ
որ
պատերազմը
չլինի
հանկարծ

Շիրմաքար

դու
ժպտում ես
երկիր
շիրմաքարերի մեջ
շիրմաքարերի տակ
շիրմաքարերի արանքից

եւ ինչ դատարկ
լռություն է 
քեզ
հեռվից
սիրելը

երբ քեզ համար
ապրում են
այսքան շիրմաքարեր

Լռություն

ես տեսնում եմ
բառերը
եւ բառերի
մեջ
մարդկանց
եւ
բառերի մեջ
մարդիկ
կան
որոնք
լռում են
քեզ

երկիր

Սավան

երկիր
դու
մեռնում ես
անընդհատ
շարունակաբար
անվերջ
ոտքերի տակ
ձայների
ու արցունքների
այն կանանց
որոնք
թաղեցին
իրենց
ճերմակ
սավաններն
ու վերնաշապիկները
հողումդ
իրենց
որդիներին
քեզ դարձնելով
հայրենիք

Ճամպրուկ

նայեցի քեզ
երկիր
ու չտեսա
ինձ

բայց
մայրս
գլորեց
գլորեց
ճամպրուկներս
աչքերիդ
միջից

Քեզ

երկիր
դու ուրիշ ես
հեռվից
դու ուրիշ ես
ինչպես ես եմ
ուրիշ
արի՛
բաժանվենք
ու գնանք
գնանք
երազելու
դու՝ ինձ
ես՝ քեզ

***
եւ ոչ ոք
չմնաց երկիր
եւ ոչ ոք,
որը
քեզ
կգրկի
պարզապես

***
կուզեմ գրկեմ
քեզ
երկիր ջան
եւ լաց լինեմ պատերազմդ
եւ լաց լինեմ

արի
մարմինս
տամ
հողիդ
ու
լինեմ


***
երկիրս
քար ա,
ու մեզ
թվացել ա
լեռ,
հիմա հասկանում եմ՝
ինչու ենք
երազում ծովի մասին՝
ասֆալտին պառկած.
մեր ունեցածը
ընդամենը
ջուր ա,
սակայն
ջուրն էլ
ունի
հաստատ
հիշողություն
քարերի
մասին...

***
սա անիծյալ կարոտ է
քեզնից հեռանալու
դուռը շրխկացնելով
ինձ շրխկացնելով դռանը

միզիր
մարմնիս
ականջներիս
ու հիշողությանս մեջ
որ ես
ես ատեմ իմ արցունքները
ու մրսեմ դռանդ տակ
բայց չմտնեմ
ներս
այսքան վախեցած
երկրիկ ջան

Վերեւից

ես
գլորում եմ
ինձ
եւ
դու ընկնում ես
երկիր
եւ
դու ընկնում ես
թեւերիցս
եւ դու
գլորում ես
ինձ
անվերադարձ
ամեն
օրվա
հետ

Հաջող երկիր

Ես գնում եմ
երկիր
ես գնում եմ
բայց դու
չես գալիս
բայց դու
չես գալիս

մի քիչ խոտ
մի քիչ ջուր
մի քիչ հող
մի քիչ ամպ
մի քիչ ինձ եմ
տանում հետս

ինչ-որ մի տեղ
ամառ ա
ինչ-որ մի տեղ
ես մնում եմ
նորից
ես մնում եմ

բայց դու
գնում ես
դու
գնում ես
երկիր

***
ես սիրում եմ
անապատի իմ տունը
մամա
որովհետեւ
հայրենիքի
մեր տունը
ես բերեցի անապատ

հիմա գիտեմ՝
հայրենիքը
ընդամենը
մեր մեջ ա
ընդամենը
մեր մեջ

մի օր բացեցի
աչքերս
եւ հայրենիքը
չկար
եւ դուք չկայիք

ես լաց եղա
մամա
ես լաց եղա
եւ միայն
անապատի
իմ տունը
լսեց ինձ…

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ