Տանկիստներ, հրետանավորներ, սպաներ․ առաջնագիծ մեկնել ցանկացող դատապարտյալներին մերժում են

Տանկիստներ, հրետանավորներ, սպաներ․ առաջնագիծ մեկնել ցանկացող դատապարտյալներին մերժում են

Արդարադատության նախարարությունը մերժել է  քրեակատարողական հիմնարկներում գտնվող այն քաղաքացիներին, որոնք ցանկություն էին հայտնել՝ մեկնել առաջնագիծ։

Քրեակատարողական ծառայությունից «Հրապարակ»-ին փոխանցեցին․ «Ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»։

«Հանուն ազատության» նախաձեռնող խմբի անդամ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց ռեժիմի դատապարտյալ, ներկայումս արձակուրդի մեջ գտնվող Բաբկեն Ղարդյանը մեզ հետ զրույցում ասաց՝ թեպետ իրենք չեն ստացել մերժման մասին  պատասխան, սակայն լռությունը դրա մասին է խոսում։

«Պատերազմական իրավիճակում, եթե Հայոց բանակի սպաններն իրավասության չունեն գնալու, հայրենիքին իրենց գիտելիքները ծառայեցնելու, էլ իմաստը ո՞րն ա․․․ ես զարմանում եմ նման որոշման վրա։ Հասկացանք՝ ճակատագրի բերումով ինչ-որ հանցագործություններ են արել, երեւի կեսն էլ չեն արել, ուղղակի նախկին ռեժիմի կամակատարների զոհն են, բայց, համենայնդեպս, այդ պատիժը իրենք շարունակում են կրել, եւ ցանկություն են հայտնում գնալ ռազմաճակատ՝ թշնամում ոչնչացնելու համար, եւ չեն թողնում, ինձ համար դա անհասկանալի է»,-նշեց նա։

-Մոտավոր քանի՞ հոգի է պատրաստակամ մեկնելու սահման։

-Ես կոնիկրետ կարող եմ Ձեզ ասել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկինը, այդպիսի դատապարտյալ չկա, որ պատրաստ չլինի, մոտավորապես՝ 40-45 հոգի, խոսքը ոչ թե կալանավորվածների, այլ դատապարտվածների մասին է։ Մի մարդու պես պատրաստ են գնալ առաջնագիծ։ Այնտեղ կան եւ՛ հրետանավորներ, եւ՛ տանկիստներ։ Նույնիսկ այն տանկիստ տղան, որը Հայաստանի համար «Տ-90» է շահել, բերել, եւ կարող է հրաշքներ գործել, ինքը նստած է։ Ունենք սպաներ, վաշտի հրամանատարներ, դասակի հրամանատարներ, հրետանավորներ, որոնք փորձ ունեն, տարբեր տիպի մարդիկ կան։ Եթե ինչ-որ մեկն էլ հանցագործություն է արել, թող հատուցումն էլ էդպես լինի, որ հայրենիքին ծառայություն մատուցի։ Այսպես ասած, իր կատարած հանցանքին փոխհատուցի էլի։

-Միայն «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալնե՞րն են ցանկություն հայտնել։

-Ես տեղյակ եմ, որ «Արմավիր» ՔԿ-ի հիմնարկում էլ ցանկություն են հայտնել բազմաթիվ մարդիկ, երիտասարդներ։ 

-Դուք նշեցիք, որ ռազմական գիտելիքներ ունեն։

-Այո, իհարկե։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների 80%-ը զինվորականներ են։ 

-Նախարարությունից, փաստորեն մերժել են։ Այլ տեղեր դիմելո՞ւ եք։

-Ցանկությունը մեծ է, ուղղակի մենք երկու քարի արանքում ենք։ Մենք չենք ուզում խժդժություններ լինի Հանրապետությունում այս ծանր իրավիճակում, դրա համար չենք ուզում մի քիչ բարձրաձայնենք, որ չուզողները չօգտվեն։ Ուզում ենք մեր ձայնը հասցնել, որ մենք էլ ենք պատրաստ հայրենիքի համար ու ի՞նչ կապ ունի, որ մենք դատապարտյալ ենք։ Ժամանակին, որ այդ պայմաններում տարիներով ծառայում էինք հայրենիքին, ինչ-որ մի պահի սխալվել ենք, այս ծանր պահին մենք էլ ենք ուզում մեր աջակցությունը հայրենիքին հայտնենք, ուզում ենք մեր հայրենիքի համար կենաց-մահու կռիվ մղենք։