Միլիարդների հասնող գումարներ են մսխվել․ պատերազմին հավասար բում է լինելու  

Միլիարդների հասնող գումարներ են մսխվել․ պատերազմին հավասար բում է լինելու  

«Երկար ժամանակ է, համարյա պատերազմից հետո, օրը հաստատ մի քանի հոգի ինձ դիմում են Արցախի «Ներդրումային» և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցման» հիմնադրամների գործունեության հետ կապված։ Փաստեր են բերում, որ իշխանական թևը  կողմնապահություն է անում․ ծածուկ գումարներ են տրվում իրենց կողմնակիցներին, հարազատներին, ծանոթ-բարեկամներին։ Եվ այս ամենն իրականացվում է ոչ օրինական ճանապարհով։ Հիմնադրամները կամ հիմնականում առանց տոկոս են գումարը տրամադրում, կամ շատ ցածր տոկոսով և իրենք հատուկ կանոնադրություն ունեն՝ կարգ ու ձև, ըստ որի և որոշվում է՝ ում պիտի տրվի գումարը, ում՝ չէ։ Բայց, ըստ էության, արդեն բավական ժամանակ է ոչ մի կարգուկանոն չի գործում։ Ում ուզում են, նրան տալիս են, ում չէ՝ չէ»,- այս մասին Hraparak.am-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ովքեր են այդ մարդիկ, ում հիմնադրամները մերժել են, կա՞ն ստացողների անունները, պատգամավորն ասաց, «Հիմնադրամները մերժել են այն մարդկանց, ովքեր ինչ-որ խմբի մեջ են ներառված, և իրավունք ունեին օգտվելու հիմնադրամից։ Հիմնադրամի գումարներից բաժին են հասել իշխանական թևի այն մարդկանց, ովքեր իրենց նկատմամբ կոմպրոմանտ ունեն, ովքեր կարողանում են գնալ՝ իրենց վրա գոռալ ու հասնել իրենց ուզածին։ Անուններ դեռ չենք տա, որպեսզի չթիրախավորենք, այն առումով, որ իրենք վստահ են, որ մենք չենք կարողանալու այդ փաստերը ձեռք գցել։ Խոսելը շատ քիչ է, ուզում է հարյուր հոգի վկա գա, փաստաթուղթ չունենք ապացուցող դեռ»։

«Այդպես աղմուկ բարձրացրած մի քանի դեպքեր էլ եղան, որ իշխանական թևի մոտիկ մարդիկ տասնյակ միլիոններով գումարներ են ստանում, որը հետո չի ծառայում այն նպատակին, ինչի համար, որ ստացել են։ Այսինքն, ստացվում է, որ փաստաթղթերը կեղծ են ներկայացվել՝ կլինի բիզնես ծրագիր, կլինի՝ հիպոտեկային ծրագիր։ Այսպես․ մարդիկ ինձ բանավոր ասում են, պատմում են, ես էլ հետքերով գնում եմ, և ասեմ, որ ստացվում է, որ իրենց տրված տեղեկությունը ճիշտ է։ Խնդիրն այստեղ այն է, որ մենք փաստացի որևէ բան չունենք։ Երբ որ հարցում ենք անում հիմնադրամ, մեզ պատասխանում են, որ շահառուի իրավունքից ելնելով գաղտնի տեղեկատվություն է, որը չի կարող տրամադրվել այլ անձանց։ Ստացվում է, որ մենք մուտք չունենք, որևէ բան չենք կարողանում փաստացի հայտնաբերել։ Կրկնեմ, խոսք՝ տասնյակ միլիոնների, միլիարդների մասին է։ Ու քանի որ արդեն  անտանելի էր, անգամ արտախորհրդարանական ուժեր էլ կային, որ դիմել էին նույն պատասխանն էին ստացել, նաև դատարան էին դիմել, այդպես էլ որևէ արդյունքի չէին հասնել։ Եվ այսպես որոշեցի Ազգային Ժողովում ստեղծել քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողով ձևավորելու համար պետք էր պատգամավորների մեկ չորրորդի առկայությունը։ Երեք  խմբակցությունների ընդդիմադիրներս կազմում էինք 8 հոգի, այսինքն՝ մենք մի հոգու խնդիր ունեինք։ Դիմեցինք չորս խմբակցություններին՝ 3 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Արդարությունը», «Դաշնակցությունը», «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը բոլոր պատգամավորները համաձայնեցին և ստորագրեցին՝ թվով 8 հոգի, «Միասնական հայրենիքից» էլ մի հոգի միացավ։ Իրենք ունեն 9 պատգամավոր, որից մեկը միայն համաձայնեց միանալ։ Այսինքն, մենք հիմա ունենք բավարար թվով պատգամավորներ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով, իրենք հետամուտ են լինելու այս հանձնաժողովով ստեղծվելիք թափանցիկությունն ամբողջությամբ ապահովելու հարցում։

«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, ուրեմն մեր առջև փակ դռներ, և փակ փաստաթղթեր չեն լինելու։ Հրապարակելու ենք ամբողջութայմբ՝ ինչ է կատարվել այս ընթացքում՝  հիմնադրամներում, հրապարակելու ենք իրենց  գործունեությունն ամբողջությամբ։ Այն աննախադեպ բյուջեները, որ կան Արցախում, որը որևէ կերպ  մենք չենք տեսնում և որոնցից սոցիալական ինչ-որ խնդիրներ են լուծվում, կամ մարդկանց պատերազմից հետո քիչ թե շատ վիճակ է բարելավվում, անելու ենք ամենահնարավորը, որպեսզի բացահայտենք բոլոր կեղծարարությունները։ Այս ամենը հետո ներկայացնելու ենք արդեն Ազգային Ժողովին, որովհետև՝ ԱԺ-ում, երբ որ մենք խոսում ենք, հատկապես ես, իշխանական թևն այսպես քմծիծաղով ասում է՝ փաստեր բերեք, շատ լավ իմանալով, որ հենց փաստեր կոծկողն իրենք են։ Ու ստացվում  է այնպես, որ իրենք բոլոր ճանապարհները մեր առջև փակում են։ Հիմա շնորհիվ այս հանձնաժողովի, կկարողանանք դա անել»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով իրենց խմբում ֆինանսական մեծ փորձ ունեցող Դավիթ Գալստյանին էլ կառաջարկվի լինել քննիչ հանձնաժողովի նախագահ։

Թե երբ կկազմավորվի քննիչ հանձնաժողովը, պատգամավորն ասաց.

«Այսօր փաստաթղթերը տվել եմ արդեն, սկսել ենք գործընթացը։ Կտեսնենք արձագանքը։ Արդեն ազդակներ ունենք, որ երկու խմբակցությունները տարբեր ձևերով խոչընդոտելու են։ Սա պատերազմին հավասար «բում» է։ Ստացվում է, որ ես ավելի շատ խոսում եմ, քան կարողանում եմ ինչ-որ բան ցույց տալ, որովհետև, հա՝ մարդը տվյալներ է բերում, փաստեր է բերում։ Օրինակ, ասում է՝ այսինչը 90 միլիոնով հյուրատուն է առել։ Գնում ենք, տեսնում, որ այո, իրոք, առել է, և այդ մարդը չունի հաստատ այդ միլիոնը։ Երբ գնում ենք, որ հիմնադրամում ճշտենք, մեր առջև փակ է այդ դուռը։ Բայց ներսից հենց աշխատողներն են ասում, որ, հա, կա նման բան»։