Աշխարհը գահավիժում է

Աշխարհը գահավիժում է

Ժամանակակից աշխարհում անչափ փխրուն է ժողովրդավարության եւ պետական տարբեր գործառույթների ու հանրային շահերի սահմանը: Ճիշտ է` բոլոր երկրների սահմանադրություններում անհիշելի ժամանակներից ամրագրված է, հասարակության շահերից ելնելու պարագայում, խոսքի, հավաքների ազատությունը, մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու իրավունքը, որն իրացնում են պետական տարբեր ինստիտուտներ, սակայն անցյալում շատ հազվադեպ են այդ սահմանափակումները կիրառվել: Պետական գործիչները խուսափել են իրավապաշտպանների ու դատարանների հետ բախումներից եւ զերծ են մնացել հակադեմոկրատական քայլեր անելուց: Սակայն աշխարհը փոխվում է, եւ այն, ինչ 10 կամ 20 տարի առաջ անհնարին էր թվում, այժմ հնարավոր է դառնում, եւ պետությունների ղեկավարներն այլեւս չեն վախենում բռնակալ ու հակաժողովրդավար կոչվելուց, իսկ մարդու իրավունքների համար պայքարող ինստիտուտները կամաց նահանջում են իրենց դիրքերից:

Այն, ինչ այսօր կատարվում է կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, շատ հաճախ նմանվում է մարդու իրավունքների, կարծիքի, խոսքի ազատության, ազատ տեղաշարժի դեմ ոտնձգությունների: Իրավունքներ, որոնք ամրագրված են բազում օրենքներով եւ բոլոր երկրների սահմանադրություններում: Մարդն այլեւս չի կարողանում ազատ տնօրինել անգամ իր մարմինը եւ ստիպված է ենթարկվել ինչ-որ ատյաններում կայացված որոշումներին` պատվաստվել, հարկադիր բուժվել: Եթե ոչ, ապա լրացուցիչ ծախսեր անել՝ ենթարկվելով ինչ-որ պարտադրանքների: Անգամ այդ մարմիններում մշակված պատվաստումների եւ կորոնավիրուսի բուժման մեթոդներին հակասող կարծիք հայտնելն է պատժվում եւ դատապարտվում: Մարդն ավելի ու ավելի կախյալ է դառնում ուղեղային կենտրոններում կայացված որոշումներից, որոնք միշտ չէ, որ արդար են: