Մի ամբողջ ֆրակցիայի չափ ձայն հավաքած թիմի ներկայացուցչին չեն արձագանքում

Մի ամբողջ ֆրակցիայի չափ ձայն հավաքած թիմի ներկայացուցչին չեն արձագանքում

Դեռ հոկտեմբերի 11-ին «ՀայաՔվե» նախաձեռնությունը Ազգային ժողովին հանձնեց օրենքի նախագիծը, որը նախատեսում է քրեականացնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելն ու հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։

Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ անդրադարձել էր իրենց հաճախ տրվող հարցին, թե որքանո՞վ է արդիական Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո այս օրենքի նախագիծը։ «Մենք կարծում ենք, որ ավելի քան արդիական է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Արցախը հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, այն տասնամյակներ շարունակ եղել է բանակցային կողմ, եղել են մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուստի Արցախը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող մեկ օրում վերանալ էթնիկ զտման արդյունքում»,– նշել էր Չալաբյանը: Նա վստահ է, որ եթե ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկի այս նախագծին` հանցակից կդառնա Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողություններին։
Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանությունը ժխտելու, այն նսեմացնող ցանկացած գործողություն անելու համար: Այն արդեն մտել է Ազգային ժողով, որտեղ պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: 

Նախաձեռնությունն Ազգային ժողով հանձնելուց ավելի քան մեկ ամիս անց «Հրապարակը» զրուցել է նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանի հետ: 

- Ի՞նչ պրոցես է այժմ ընթանում: Մեկ ամիս առաջ նախաձեռնությունը հանձնել եք ԱԺ: 

- Այո, նախաձեռնությունը հանձնել ենք ԱԺ: Այն պետք է քննի պետաիրավական հանձնաժողովը: Այս պահին ոչ մի նորություն չկա:

- Մենք տեղեկացանք, որ Դուք ԱԺ էիք դիմել` ՔՊ-ականների հետ հանդիպելու համար, սակայն Ձեզ միայն պատգամավոր Հակոբ Ասլանյանն է ընդունել:

- Շուրջ 40 հոգու դիմել եմ` անձնական հանդիպման համար, սակայն միայն Հակոբ Ասլանյանն է ինձ հետ հանդիպել: Հակոբ Արշակյանն էլ ասել էր, որ օգնականի միջոցով կապ կհաստատի ինձ հետ, դրանից հետո կհանդիպենք, սակայն մինչ օրս չի զանգահարել: Մեկ այլ պատգամավոր էլ` Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ըստ անհրաժեշտության կարձագանքի, մինչ այս պահը չի արձագանքել: Պատգամավորներն առհասարակ, երբ քաղաքացուց նամակ են ստանում, պարտավոր են արձագանքել, սակայն փաստ է, որ հիմնական մասը չի արձագանքել իմ նամակին: Պետք է մոռանալ, որ ես և այլ մեկը հավասար ենք` որպես քաղաքացի, քանի որ ես 58 հազար քաղաքացու պահանջով եմ հանդիպում ցանկանում, այսինքն` ներկայացնում եմ 58 հազար քաղաքացու: Այսինք` ես Ազգային ժողովի փոքր ֆրակցիայի չափ ձայն ունեմ համարյա: Ինչքա՞ն ձայն էր հավաքել «Պատիվ ունեմը»` 60 հազարից ավելի: Ստացվում է, որ մի ամբողջ ֆրակցիայի չափ ձայն հավաքած թիմի ներկայացուցչին չեն արձագանքում: Ի՞նչ բնութագիր տանք նման մարդկանց:

- Իսկ ՔՊ-ականներից զատ ո՞ւմ հետ եք հանդիպել: Օրինակ, ընդդիմադիրների հետ հանդիպո՞ւմ եք, քննարկումներ ունենո՞ւմ եք:

- Ես նոր եմ Հայաստան վերադարձել, երկրում չէի, Դավիթ Սարգսյանն այդ հարցին ավելի հստակ կպատասխանի` ինչքան գիտեմ հանդիպումներ եղել են:

- Ի՞նչ եք կարծում` Ազգային ժողովն ընթացք կտա այս նախաձեռնությանը:

- Չի կարող չտալ, դա օրենքի պահանջ է:

- Քանի որ Արցախը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, ի՞նչ կարող է տալ այս նախաձեռնությունը հայկական կողմին:

- Արցախը չկա, բայց կարող ենք Արցախի իրավունքները պահել: Իլհամ Ալիևն էլ 30 տարի շարունակ Աղդամ չուներ, բայց եկավ Աղդամի հետևից: Մենք պետք է մեր իրավունքներին տեր լինենք, այնպես չէ, որ երկրի վարչապետը ես եմ, բայց մի բան պետք է անենք, չէ՞, գոնե մեր իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Վաղը գուցե աշխարհաքաղաքական պրոցեսներ փոխվեն և Ադրբեջան պետությունը վերանա աշխարհի երեսից, մենք պետք է կարողանանք աշխարհին ասել, որ Արցախը մերն է: Կարող է այնպես ստացվել, որ Իրանն Ադրբեջանի վրա հարձակվի, թեպետ այս ապիկարների օրոք ինչ էլ լինի իրենք կգնան կասեն` հրաժարվում ենք ամեն ինչից….

- Այսինքն` Արցախի կորուստը չի՞ ազդել ձեր թիմի վճռականության վրա:

- Բացարձակ, մենք օրենքով ենք շարժվում, բայց մեր ձեռքին բան չկա: Ամեն ինչ պետք է օրենքով անել: Կան սահմանված կարգեր, որոնք խախտել հնարավոր չէ: Այսինքն` քանի դեռ իշխանությունները սահմանված ժամկետը չեն խախտել, մենք լռում ենք:

- Ե՞րբ է վերջնաժամկետը:

- Մենք նախաձեռնությունն ուղարկել ենք մեկ ամիս առաջ, պետք է Ազգային ժողովը մեկ ամիս շրջանառի այն, որից հետո երկու շաբաթվա ընթացքում նոր միայն պետաիրավական հանձնաժողովը պետք է նիստ հրավիրի: Այսինքն` մոտակա 10-15 օրվա ընթացքում: Քանի դեռ ժամկետ չի խախտվել, չենք բողոքի:

- Թիմում այս առումով չկա՞ն հակասություններ:

- Մե՞ր թիմում` բացառված է: Մեր թիմը հենց այս նախաձեռնության համար է ստեղծված, ո՞վ կարող է ասել` հրաժարվենք: Ինչի՞ց հրաժարվենք, ուզենք էլ չենք կարող հրաժարվել:

- Եթե Ազգային ժողովը նախաձեռնությունը քննարկի, հաջորդիվ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք:

- Հաջորդիվ տեղի կունենա լիագումար նիստ:

- Այս իշխանությունները ցանկանում են Արցախի պետական ինստիտուտները լուծարել, Արցախ բառը ջնջել: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասաց, որ Արցախի ինստիտուտների պահպանումը ազգային անվտանգության տեսանկյունից կարող է խնդիրներ առաջացնել….

- Ես ոչ Արցախի և ոչ էլ Հայաստանի իշխանությունների հետ չեմ քննարկել այդ հարցը, չեմ կարող հստակ ասել: Աբսուրդ է: Պետք է պայքարել, հո չե՞նք կարող էսպես ամեն ինչից հրաժարվել: