Ինչպես հաղթել․․․․

Ինչպես հաղթել․․․․

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում էի. ընկերներով այցելել էինք Արցախյան երրորդ պատերազմում զոհված մեր տղերքի հիշատակին կազմակերպված միջոցառման, որի նախաձեռնողը տղերքի ծնողներն էին։ Տղերք, որոնց հերոսությունների մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք ոչ թե որովհետև դրանք չկան, այլ որովհետև մեզ դրանք չեն պատմում և չեն թողնում պատմել։

***
Իսկ առաջին ու ամենաշատ պատմողը պետք է լինի պետությունը՝ իր բոլոր ինստիտուտներով։ Իսկ պետությունը զավթածները չեն պատմելու, քանի որ նրանց հերոսներ ու Արցախ պետք չեն. հակառակ դեպքում պետք է հաշվետու լինեին սեփական սխալների համար ու հեռանային, որպեսզի նորից վերսկսվեր մեր պայքարը։ Սակայն դա չկա։
Արցախի ու տղերքի քաջագործությունների մասին պատմելու փոխարեն դուք լսելու եք պատմություններ ամեն ինչի մասին՝ ամեն անկարևորի մասին, որպեսզի ժամանակ չունենաք մտածել կարևորի մասին։
Հենց այս տողերը կարդալիս մի պահ կա՛նգ առեք ու մտածեք, թե որքան անիմաստ թեմաների մասին եք մտածել միայն վերջին մեկ ամսվա ընթացքում։ Իսկ Ջերմուկի, Սիսիանի գրեթե հայաթափված լինելու մասին մտածե՞լ եք։ Տեսե՞լ եք որևէ խոսք Արցախի օկուպացված հատվածներում թուրքերի կողմից վերացվող եկեղեցիների մասին։ Իսկ քանի՞ անգամ եք մտածել արդեն երկու տարի անտուն ու անհայրենիք մնացած տասնյակ հազարավոր հադրութեցիների, շուշեցիների, բերձորցիների մասին։ Իրենց իրավունքների համար փողոց դո՞ւրս եք եկել։
Իսկ ինչքա՞ն աղմուկ ու տեղեկատվական աղաղակ եք տեսել այդ մասին։ Նեղ սրտացավ խմբերը չհաշված՝ հանրային տարածքում այս համազգային կարևորության խնդիրների մասին գրեթե խոսք չկա։ Ու չի լինելու, քանի որ կապիտուլյանտները թելադրում են մեր տեղեկատվական օրակարգը և հենց սրանում է նրանց հաջողության գլխավոր գրավականը։

***
2020 թ. ամերիկյան խոշորագույն վերլուծական կենտրոն հանդիսացող RAND-ը հրապարակել էր ժամանակակից պատերազմների, քաղաքականության և տեխնոլոգիաների վերաբերյալ իր հերթական հետազոտությունը, որը վերնագրված էր «Whose Story Wins» («Ում պատմությունն է հաղթում»)։ Եթե պարզեցնենք գրքի առանցքային միտքը, ապա կարելի է այն սահմանել այսպես. ժամանակակից պատերազմի/ռազմական գործողությունների արդյունքները կախված են ոչ միայն նրանից, թե ում բանակն է հաղթում, այլև թե «ում պատմությունն է հաղթում»։ Թուրքիայի, Ադրբեջանի և մեր այլ թշնամիների «պատմությունն» արդեն ավելի քան 20 տարի է՝ հաղթում է մեզ, իսկ մենք չունենք մեր՝ իրականությունը ճիշտ արտացոլող պատմությունն ու պատումը։
Ավանդաբար սրա համար պատասխանատու պետք է համարել ազգային ընդդիմությանը՝ կուսակցություններին, սակայն քանի որ մենք գործ ունենք արտաքին թշնամու հետ, այլ ոչ ներքաղաքական պայքարի, ապա պատմության ճիշտ արտացոլման և մեր հայրենակիցներին դրա պարբերական ներկայացման համար անհրաժեշտ է մեր բոլորի կողմից կերտվող պատմությունը՝ իրականությունը պարզ ու հանրամատչելի պատկերող պատմությունը և դրա հաղթանակը։ Հետևաբար, ամեն օր դաշտ նետվող հիմարություններին պետք չէ արձագանքել։ Հայաստանում այս պահին կա մեկ խնդիր՝ կապիտուլյանտների հեռացումը, որպեսզի կարողանանք փրկել Արցախն ու Սյունիքը։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։
Քանի չենք արել սա ամեն օր, մենք պարտվելու ենք, իսկ հաղթելու է թշնամիների «պատմությունը»։ Չէ՞ որ նրանք արդեն կարողացել են մեր որոշ հայրենակիցների մոլորեցնելով հավաստիացնել, որ մենք «30 տարի բանակ չունեինք», «Շուշին ու Քարվաճառը հայկական չեն», «Թուրքիային մենք ենք թշնամացրել» և այլն։

Հ.Գ. «Հայկական նախագիծ» ՀԿ մեր թիմը արդեն մի քանի ամիս է՝ գործարկել է «Հայկական ալիք» պարբերականը (hayaliq.com), որը մեր համեստ փորձն է պատմել մեր հայրենակիցներին ամենակարևորի մասին և հուշել պայքարի ուղղությունները։ Բաժանորդագրվե՛ք, տարածե՛ք, որպեսզի հաղթենք։

Պ.Գ.Թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան