ՀԱՊԿ-ը ստեղծվել է Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար

ՀԱՊԿ-ը ստեղծվել է Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սարո Սարոյանը:

- Պարոն Սարոյան, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը երեկ հանդես է եկել մամուլի ասուլիսով: Նա հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները ուս-ուսի տված պետք է կանգնեն իրար կողքի եւ ՀԱՊԿ-ը այս տարածաշրջանից հեռանալու մտադրություն չունի: Ի՞նչ ասուլիս էր սա և ի՞նչ էր նշանակում այդ հայտարարությունը: Կարելի՞ է ենթադրել, որ ՀԱՊԿ-ը փորձում է Հայաստանին օգնություն ցուցաբերել ստեղծված իրավիճակում:

- Մենք պետք է ՀԱՊԿ-ին նայենք, թե ինչ տրամաբանությամբ և ինչի համար է ստեղծվել: ՀԱՊԿ-ը չի ստեղծվել Հայաստանի, կամ Լեռնային Ղարաբաղի խնդրի համար: Այն նույնականացումները, որ մենք կատարում ենք, իբրև ՀԱՊԿ անդամ պետությունները միմյանց հանդեպ ունեն հավասար իրավունքներ, իրականությանը չեն համապատասխանում: ՀԱՊԿ-ը ստեղծվել է Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար և հենց Ռուսաստանի համար է միայն հիմնարար գործիք հանդիսանում: Հետխորհրդային տարածաշրջանում ՀԱՊԿ-ը բացառապես Ռուսաստանի շահերն է սպասարկում:

- Այսինքն` Հայաստանն ու Ղարաբաղը որևէ ակնկալիք գործնական առումով չպե՞տք է ունենան ՀԱՊԿ-ից:

- Վերջին երկու տարվա ընթացքում գործնական առումով փաստացի տրվել է Ձեր այս հարցի պատասխանը: Անգամ կարիք չկա խոսելու գործնական ակնկալիքների մասին: Վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր գործընթացներն ապացուցել են, որ ՀԱՊԿ-ից ակնկալիք ունենալ առհասարակ պետք չէ: Նորից կրկնեմ` ՀԱՊԿ-ը ստեղծվել է Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը սպասարկելու համար: Ռուս-ուկրաինական պատերազմից են կախված ռուս-ուկրաինական շահերը: Այժմ նույն Ռուսաստանը փորձում է հենց այս խնդրի համար ծառայեցնել: Անիմաստ է գնալ այդ ասուլիսի հայտարարությունների հետևից, փնտրելով մեր ռեգիոնի շահերը: Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի իր շահերը: Այդ շահերը ցույց է տվել թե 44-օրյա պատերազմի ժամանակ և թե պատերազմից հետո: Այդ շահերը ենթադրում են, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի հետ ունի հարաբերություններ կառուցելու խնդիր, այն է` հարաբերություններն այնպես կառուցել, որ անվտանգ լինի Հարավային սահմանը, հնարավորություն ստեղծվի Ռուսաստանից Սևծովյան տարածաշրջանում խնդիրներ լուծել: Դա մեր շահերի հետ ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ: Այդ տեսանկյունից պետք է մեր աչքի առաջ ունենանք, որ այուսհետ ՀԱՊԿ-ն ու իր պաշտոնյաները կարող են կրկին նման հայտարարություններ անել:

- Լաչինի միջանցքը երկու ամիս է փակ է: 120 քաղաքացի ունեն հացի խնդիր, ի՞նչ անել այս առումով, ումի՞ց ակնկալել օգնություն: Հայաստանում կան շրջանակներ, որոնք պնդում են, թե Հայաստանը վեկտորի փոփոխության է գնում` ՌԴ-ից անցում կատարելով Արևմուտք:

- Հայաստանն անվտանգային վակուումի մեջ է հայտնվել, բոլոր այն մեխանիզմները, որոնք ենթադրում էին, թե Հայաստանին կպաշտպանեն, չեն գործել և չեն գործում: Բնականորեն տեղի է ունենում անվտանգության հետ կապված այլ բաղադրիչների փնտրտուք: Ներքաղաքական տեսանկյունից դա կարելի է դիտարկել այլ վեկտորի նկատմամբ հավակնություն և այլն, և այլն: Հայաստանը ստպված է դիմել վեկտորի փոփոխության:

- Հայտարարություններից զատ ի՞նչ կարող է անել հավաքական Արևմուտքը:

- ԵՄ երկամսյա դիտորդական առաքելություն է իրականացվում, սա հնարավորություն է, որպեսզի Հայաստանի սահմաններում հարաբերական կայուն վիճակ ստեղծվի, քան կար մինչև սեպտեմբեր: Այն բոլոր պատկերացումները, թե իբրև Հայաստանի սահմանները նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո որոշակի լավ վիճակում են հայտնվել, հօդս են ցնդել: ԵՄ դիտորդական առաքելությունը եկել է անվտանգային միջավայր ստեղծելու: Այդ տեսանկյունից պետք է դիտարկել խնդիրը: Լաչինի միջանցքը որպես առանձին կոմպոնենտ՝ հարցի մյուս կողմն է:

- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս կոչով դիմեց միջազգային հանրությանը, նշելով, որ պետք է խոսքից անցնել գործի:

- Ֆրանսիայի Սենատի բանաձևերը գործ չե՞ն: Դա կախված է նրանից, թե մարդիկ ինչ են պատկերացնում գործ ասելով: Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևերը մեծ գործ են: