Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի. դատարանը մերժեց բողոքը

Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի. դատարանը մերժեց բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ հունիսի 28-ին, մերժեց վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքը։

Հիշեցնենք, որ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թվականի հունիսին էին հանցագործության մասին հաղորդման ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել։

Մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող, Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն, դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։