Մամա, Աղավնոն այնքան սիրուն է, գուզեմ հոն ապրիմ

Մամա, Աղավնոն այնքան սիրուն է, գուզեմ հոն ապրիմ

Աղավնոն թևերով փարված է Հայաստանին։ Ռազմավարական կարևորագույն հանգույց է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար։ Տները կարմիր գլխարկներով այնպես են ձուլվել բնությանը, ասես մարդու ձեռք չի կպել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։ Գյուղի հարևանությամբ է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Բացի այդ, գյուղի հարևանությամբ տեղակայված է Արցախի գլխավոր հսկիչ կետը: Աղավնո գետի վրա կառուցվել են հիդրոէլեկտրակայաններ։ Աղավնոն Արցախի դարպասն է, Արցախի այլ բնակավայրեր մեկնում ես Աղավնոյով։ Արցախն ու Հայաստանն իրար կապող Աղավնոն հանձնել թշնամուն, նշանակում է քար քաշել Արցախի ու Հայաստանի վրա։ Հենց դա է պատճատը, որ Աղավնոյի գյուղապետը վրդովվել է․ «Ինքը չի կարող հայտարարել առանց բնակիչների հետ քննարկելու։ Ինքն ո՞ւմ հետ է  նստել, քննարկել, որոշել, որ Աղավնոն, Սուսը, Բերձորը պետք է հանձնեն։ Անկախ նրանից՝ վարչապետ է կամ ով ուզում է լինել, ինքը որոշի՝ ում տունն ո՞ւմ տա, ո՞ւմ չտա։

Շեյխը կամ ամիրը պետք է որոշի՝ ժողովուրդն ինչ անի։ Դա արաբական երկրներում ենք տեսել, այստեղ Հանրապետություն է։ Ինչի՞ց ելնելով պետք է որոշի, որ սա մեզ պետք չէ»։ 
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի  պապերը Թուրքիայից գաղթած,  Սիրիայում  հաստատված էին, հետո իրենց  զավակներով տեղափոխվեցին Լիբանան։ Անդրանիկը գնում-գալիս էր Հայաստան բարեգործական ծրագրերով, մի օր էլ եկավ, թե՝

- Մամա՛, Ղարաբաղ այնքան սիրուն է, գուզեմ հոն ապրիմ։

Անդրանիկն ուներ լավ պայմաններ, ոսկերիչ էր, լավ ապրում էր, հայրենիքի կանչը նրան  բերեց Արցախ։ Սկզբում Բերձորում էին ապրում, երեք տարի աշխատեցին, հետո 2017-ին Աղավնո տեղափոխվեցին։ Չքնաղ Աղավնո՝ Մամա, Աղավնոն այնքան սիրուն է, գուզեմ հոն ապրիմ։  
Շատերի մտքով է անցնում՝ ինչի՞ Քաշաթաղի գյուղերը հանձնեցին, Աղավնոն մնաց։ Անդրանիկը պատմում էր․ 

- Մենք անտառներում պաշտպանական դիրքեր էինք ստեղծել, ընտանիքս ու երկու հոգի էինք մնացել գյուղում, բայց ես ասում էի՝ 49  մարդ կա: Հարցնում էին, բա ո՞ւր են, չեն երեւում, ասում էի՝ անտառներում են։ Մարդ չկար, գնում  տեղ-տեղ կրակում էի, որ տպավորություն ստեղծեի, որ մենք պաշտպանվում ենք։ 

Աղավնոն պահելու համար չլքեց տունը։ Չորս տղա ու մի աղջիկ ունի։ Աղավնոն իր օջախն է ու ընտանիքը։