Մարուքյանն «անդրդվելի էր». այդպես էլ արցախցիներին չասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

Մարուքյանն «անդրդվելի էր». այդպես էլ արցախցիներին չասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ժամանել է Արցախ և ժամը 3֊ին նախատեսվում էր հանդիպում Արցախի Ազգային Ժողովի պատգամավորների հետ։ Մեզ հայտնեցին, որ Արցախի ԱԺ ընդդիմադիր երեք՝ «Արդարություն», ՀՅԴ և ԱԺԿ խմբակցությունների պատգամավորները հրաժարվել են մասնակցել հանդիպմանը ու հանդիպմանը, մասնակցելու են միայն իշխող «Ազատ Հայրենիք֊ՔՄԴ» և Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» խմբակցությունների պատգամավորները։

Ժամը 3֊ին Արցախի ԱԺ շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք մեզ հետ զրույցում ասեցին, որ պարզապես հավաքվել են, որպեսզի Մարուքյանին հարցնեն, արդյո՞ք վերջինս կարող է իրենց ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սակայն ժամը 3֊ին Մարուքյանը չժամանեց ԱԺ։ Մեկ ժամից ավել սպասելուց հետո քաղաքացիները փորձեցին ԱԺ շենքի մուտք դուրս եկած ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցից ճշտել, թե ինչու՞ Մարուքյանը չժամանեց ժամը 3֊ին նշանակված ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը, որին ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ ուշացման պատճառի համար։ Հավաքված քաղաքացիները կարծիք հայտնեցին, որ Էդմոն Մարուքյանին հավանաբար տեղեկացրել են, որ ԱԺ շենքի դիմաց քաղաքացիներ են հավաքվել, այդ իսկ պատճառով վերջինս վախենում է գալ։

Մեկ ժամից ավել ուշացումով Մարուքյանը, այնուամենայնիվ, ժամանեց Արցախի ԱԺ և ԱԺ մուտքի մոտ հավաքված քաղաքացիներն ու լրագրողները փորձեցին հարցնել վերջինիս, արդյո՞ք նա կարող է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն Մարուքյանը ասաց. «Հարցազրույց չի տալիս, ձեր խմբակցության ղեկավարը հրավիրված է հանդիպման, հարցերը այնտեղ»:

Այնուհետև, քաղաքացիները վանկարկելով «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «դավաճան», հետևեցին Մարուքյանին ու մտան ԱԺ շենք և ուղեկցելով նրան մինչև ԱԺ նիստերի դահլիճ, անընդհատ բարձրացնում էին մեկ հարց. «Կարո՞ղ եք ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», սակայն Էդմոն Մարուքյանը այդպես էլ ոչ մի պատասխան չտվեց։

Հետաքրքրական է, որ քաղաքացու բարձրաձայն այն պնդմանը, որ Էդմոն Մարուքյանը չի կարող ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու Մարուքյանը ասաց, որ ամեն ինչ էլ կարող է ասել, բայց այդպես էլ չասաց։

Դուրս գալով ԱԺ շենքից՝ քաղաքացիները շարունակեցին սպասել Մարուքյանին ԱԺ մուտքի դիմաց։ Սպասելու ընթացքում քաղաքացիները հայտնեցին, որ Էդմոն Մարուքյանը իրենց առաջարկել է հանդիպել հավաքված քաղաքացիներից 5֊6 հոգու հետ՝ առանց տեսախցիկների, սակայն քաղաքացիները մերժել են այդ առաջարկը՝ պահանջելով բաց հանդիպում, որին դրական պատասխան չեն ստացել։

Մոտ երկու ժամ անց Մարուքյանը դուրս եկավ ԱԺ շենքից ու հավաքված քաղաքացիները կրկին նույն հարցն էին բարձրայնում, սակայն ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը, չպատասխանելով Արցախի քաղաքացիներին, պարզապես ճողոպրեց ԱԺ շենքից։

Հետաքրքրական է, որ քաղաքացիներին շեղելու համար նույնիսկ Էդմոն Մարուքյանի ավտոմեքնենան էին փոխել։ Մարուքյանը Աժ է ժամանել մեկ այլ մեքենայով, իսկ մեկնել՝ ուրիշ մեքենայով։ Ի դեպ, քաղացիներին հաջողվել է Մարուքյանի մեկնելու ժամանակ Արցախի դրոշը փակցնել մեքենայի դիմապակուն։