Երվանդ Զախարյանի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվել

Երվանդ Զախարյանի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվել
Երվանդ Զախարյան

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ։ Խոսքը 2008 թվականին՝ հենց Զախարյանի քաղաքապետության օրոք տեղի ունեցած մի գործարքի մասին է, որը վերաբերում է Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին «Գոլդեն փելես» հյուրանոցի կառուցմանը։ Հյուրանոցն այժմ անվանափոխվել է եւ կոչվում է «Ռեդիսոն բլյու»։

Ըստ ՀՔԾ-ում հարուցված քրգործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների՝ «Երեւան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000 քմ հողատարածքը Երեւանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն եւ ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից։ Այնուհետեւ Երեւանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված եւ օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով (այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով), ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: Այնուհետեւ 29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առեւտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում համագործակցության գումարի չափը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչեւ 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռքբերման արժեքը: Արդյունքում Երեւանի նախկին քաղաքապետի, այն է՝ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր․ 308-րդ հոդվածի 1-ին մասով»։

Մենք փորձեցինք կապ հաստատել այն անձանց հետ, որոնք կարող էին այս կամ այն կերպ առնչվել սույն թեմային։ Զանգահարեցինք նախ Երվանդ Զախարյանին, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նրա տեղակալ Կարեն Դավթյանը, որը Հյուսիսային պողոտայի ԾԻԳ-ի տնօրենն էր եւ տներից վտարված քաղաքացիների գլխավոր թշնամին, լսելով, որ լրագրող է իրեն զանգահարողը, հայտարարեց, թե իրեն հարմար չէ այս պահին խոսել, ու անջատեց հեռախոսը։ Կապվեցինք Երվանդ Զախարյանի ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հետ։

Նա ասաց, թե հաղորդագրությանը ծանոթ է, բայց նյութերին ծանոթանալուց հետո միայն մեկնաբանություն կտա։ Հարցին՝ իրեն հրավիրե՞լ են ՀՔԾ՝ բացատրություն տալու, Դանիելյանն ասաց՝ ոչ։

Զրուցեցինք նաեւ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, որն այն ժամանակ դեմ էր արտահայտվում զբոսայգու կանաչ տարածքի հաշվին հյուրանոցի կառուցմանը։ Ի դեպ, մամուլն ու հանրային գործիչներն այն ժամանակ դաժան պայքար մղեցին այդ կառույցի դեմ, որպեսզի պահպանվի զբոսայգին, եւ ծառերի հաշվին հյուրանոց չկառուցվի, սակայն հաջողության չհասան։

«Մենք էն ժամանակ զգուշացնում էինք, որ էդ տարածքները հասարակական տարածքներ են, եւ որեւիցե մեկին սեփականության իրավունքով չի կարելի օտարել։ Իրենք էդ ժամանակ ասացին, թե ծառեր են կտրվում, չեն կարողանում պահել այգին, թող լինի հյուրանոց, նա լավ կպահի, բայց հյուրանոցը պահում է իր տարածքը, մնացածի հետ գործ չունի։ Էդքանն էր»,-ասաց Մկրտիչ Մինասյանը` հիշեցնելով, որ հեռուստաաշտարակի ներքեւի հատվածում էլ այսօր արդեն տներ են կառուցում, որը նույնպես անթույլատրելի է։

Այնուհետեւ Մինասյանն ասաց, թե իր իմանալով՝ քաղաքապետի նկատմամբ նույնպես ճնշում է եղել։ Այսինքն՝ ինքը կարծում է, որ Զախարյանը կամովի՞ն չի գնացել այդ գործարքին, նրան պարտադրե՞լ են։ «Այո, իհարկե, որովհետեւ քաղաքապետերն էլ, տենց․․․ Եթե ինչ-որ մեկը քաղաքի էդ մարմինը զգում է, նա կամովին չի գնա դրան։ Ընդհանրապես, ամբողջ աշխարհում բոլոր քաղաքներում որեւիցե մի պարկի որեւէ մեկը չի ուզում ձեռք տալ, որովհետեւ դրանք հասարակական տարածքներ են։ Այն ժամանակ պիտի մեր հասարակությունն ակտիվ լիներ եւ դուրս գար փողոց, չթողներ։ Բայց էն ժամանակ մենք ասացինք՝ մենք լսեցինք»,- ասաց պարոն Մինասյանը։

Դեռեւս այն ժամանակ հայտնի էր, որ, ի թիվս այլ անձանց, «Գոլդեն փելես» հյուրանոցի իրական սեփականատերերից մեկն էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն է՝ իր ազգական Հայկ Ճշմարիտյանի միջոցով։ Բայց Կարեն Ճշմարիտյանը կտրականապես հերքեց իր կապն այդ հյուրանոցի հետ։ «Ես էդ հյուրանոցի հետ երբեք չեմ ունեցել կապ, չունեմ ու չեմ էլ ունենալու։ Այո, Ճշմարիտյան Հայկը մեզ ազգական է, բայց դա չի նշանակում, որ բոլոր ազգականների բոլոր պաշտոնյաները միշտ ինչ-որ բիզնես առնչություն կամ հետաքրքրություն ունեն։ Երկրորդը․ ընդհանրապես էս մասով խոսակցություն չկա, ես ո՜ւր, «Գոլդեն փելեսն» ո՜ւր»,- ասաց պարոն Ճշմարիտյանը։ Հիշեցնենք, որ օրերս Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան էջում ստատուս էր գրել՝ քաղաքագետներին ուղղված կոչով, որ ժողովրդավարությունը հնացած արժեք է, եւ «Անարխիայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ, կարծես, չկա»։