Աշխատանքային օր՝ գժանոցում

Աշխատանքային օր՝ գժանոցում

Կառավարության նիստում Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի, քանի՞ մարդ հավատաց: Այս թեմայով սոցիոլոգիական հարցման տվյալները դեռ պատրաստ չեն, բայց, իմ կարծիքով՝ պետք է որ շատ քիչ մարդ հավատացած լինի՝ ՔՊ-ն, մեկ էլ իր ընտանիքի անդամները: Այս սուտն այնքան փոքրիկ է եւ այնքան անբնական ցցուն, որ հավատալ պարզապես չի կարելի: Նիկոլը քանդող մեքենա է՝ էքսկավատոր, «ատբոյնի մոլոտոկ», պայթուցիկ, բայց ո՛չ երբեք վերամբարձ կռունկ, շաղախի ցեմենտ, հյուսնի ուրագ ու սղոց: Նիկոլը խոզ ու ոչխար պահող չէ, մորթող է, լավ խորոված անող: Հիմա եկել-ասում է՝ նոր գյուղ պետք է ստեղծենք: Լո՞ւրջ, անունը դեռ չե՞ք մտածել: Նիկոլովկա դրեք, իսկ եթե ավելի հայեցի անուն եք ուզում՝ գյուղի մուտքին գրեք՝ Իլհամաշեն: Ի դեպ, սա վատ միտք չէ, եթե չեք ուզում, որ Ալիեւը կրակի:

Այն օրը, երբ Փաշինյանը խոսեց նոր գյուղ հիմնելու մասին, բավականին հագեցած էր ցնցող իրադարձություններով՝ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց, ՀՀ կառավարությունը զրոյացրեց Գագիկ Ծառուկյանի կազինոյի պետտուրքը, Նիկոլը հավանություն տվեց Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Աննա Հակոբյանին Սյունիքում ալ վարդեր նվիրեցին, Ալիեւն էլ Նիկոլին հագցրեց մինչեւ Ելփինի քոքը: Ելփինը հայտնի գյուղ է Վայոց Ձորի մարզում: Ճիշտ է, մի քիչ ՔՊ-ոտ է (ձայներն այստեղ այսպես են բաշխվել՝ ՔՊ - 383, «Հայաստան» դաշինք - 57, «Պատիվ ունեմ» - 10), բայց դե՝ հայկական գյուղ է, ու մարդու սիրտ է ցավում: Այդ գյուղը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ էր ռմբակոծվում: Տեսնես այդ մասին գիտի՞ Նիկոլը:

Ինչեւէ, օրը հարուստ ու հագեցած էր իրադարձություններով: Հարցն այն է՝ կապ կա՞ր այդ իրադարձությունների մեջ, թե՞ դրանք տեղի էին ունենում ինքնաբերաբար, այսպես ասած՝ ինքնաբուխ կերպով: Հնարավոր է, չէ՞, հարց առաջանա՝ ի՞նչ կապ կարող է լինել Ջոնսոնի հրաժարականի եւ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի տուգանքները ջրելու միջեւ: Կապ, միանշանակ, կա, սիրելիներս: Մի քիչ դժվար է հենց այդ կապը բացահայտելը, բայց այն կա: Ջոնսոնի հրաժարականն ամենաքիչը կարող էր նրա պաշտոնակից Փաշինյանի համար ահազանգ լինել: Ինչպես ասում են՝ վարչապետը վարչապետին հեռվից է ճանաչում, եւ կարիք չկա որեւէ վարչապետի հանգամանալից բացատրել, թե ինչու է հրաժարական տվել մյուս վարչապետը: Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի եւ Բորիս Ջոնսոնի աքիլեսյան գարշապարները սերտորեն կապված են նրանց թիմերի հետ: Ի՞նչ ասեմ, այլասերությունը ելել՝ աշխարհը տիրել է: Եթե այլասերվածներ կան Անգլիայի նման երկրի Պահպանողական կուսակցության ձեւավորած կառավարության մեջ, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աստիճանի այլասերվածություն կարող է լինել ՀՀ կառավարությունում, որի ղեկավարը հայտարարել է, որ այլասերվածներն այլեւս գտնվում են իր հովանու ներքո:

Այսպիսով՝ Ջոնսոնի հրաժարականը Փաշինյանին դրդում է նոր դաշնակիցներ գտնել քաղաքական դաշտում, որպեսզի սեփական այլասերվածության եւ թիմակիցների անպետքության պատճառով ինքն էլ ստիպված չլինի հրաժարական տալ: Եվ ահա, դաշնակիցների փնտրտուքը Նիկոլ Փաշինյանին բերեց ԲՀԿ-ի մոտ: Ինչո՞ւ հենց ԲՀԿ-ի: Դա էլ եմ պարզել: Բանն այն է, որ ԲՀԿ-ի աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը կառավարության վերջին նիստից տառացիորեն երկու օր առաջ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն պատրաստվում է մտնել քաղաքական պայքարի մեջ: Եվ Նիկոլը, որ սատանայից երկու օր շուտ է ծնվել, որոշեց «գնել» Գագիկ Ծառուկյանի տրանսֆերը, որպեսզի նա «պատահաբար» չհայտնվի ընդդիմադիր դաշտում: Մեր ընդդիմադիր գործընկերները, կարծում եմ, լուրջ հետեւություններ կանեն սրանից, քանզի ո՞ւմ համար պարզ չէ, որ միայնակ Նիկոլին հեռացնելը շատ ավելի հեշտ է, քան Գագիկ Ծառուկյանին եւ Նիկոլ Փաշինյանին միասին հեռացնելը:

Շատ ավելի հետաքրքիր է Աննա Հակոբյանի՝ Սյունիք այցելության, վարդեր ստանալու, Ելփինի գնդակոծության եւ Հայաստանում նոր գյուղ հիմնելու մասին հայտարարության փոխկապակցվածությունը: Ալիեւը, որ արդեն խոսում է Երեւանի ամենահին թաղերից մեկի՝ Կոնդի մասին եւ փորձում է ապացուցել, թե այն ադրբեջանական է, չէր կարող հանդուրժել նոր գյուղ հիմնելու մասին Նիկոլի հայտարարությունը: Ալիեւն էլ հո ինձ նման չգիտի՞, որ դա Նիկոլի հերթական փչոցն է: Հարվածելով Ելփինին եւ Երեւան-Գորիս ավտոճանապարհին՝ նա Նիկոլին հասկացնում է՝ դու նախ խոստացածդ տուր եւ նոր միայն «մեր հողի» վրա նոր գյուղ կառուցիր: Այդ պահին, սակայն, Նիկոլի ուշքումիտքը Ելփինը չէր: Աննան էր գնացել Սյունիք, եւ վտանգ կար, որ ճանապարհը կփակվեր, ու նա չէր հասցնի վերադառնալ Երեւան: Երբ Պապիկյան Սուրենի պատասխան գործողություններից հետո (դեռ պետք է պարզել՝ այդ ի՞նչ պատասխան գործողություններ են եղել, որ) Ալիեւը դադարեցրել է կրակը Ելփինի ուղղությամբ, Նիկոլը զանգել է Աննային: Այդ խոսակցության ձայնագրությունն ԱԱԾ-ում կա, ի դեպ.
- Ալո, Աննա՞, ո՞ւր ես:
- Սյունիքում եմ, կյանք, քեզ ասել էի, մոռացե՞լ ես:
- Հետո՞, լա՞վ ընդունեցին…
- Վա՜յ, շա՜տ…
- Հո չե՞ն ողջունել, ախչի:
- Էն էլ ոնց են ողջունել՝ վարդերով-բանով, լավ ման տվին, Տաթեւում եմ քնել, հետո գնացել Սեւ լիճ՝

Սոսիների պուրակ… Հիշո՞ւմ ես, այնտեղ Մեհրիբանն էլ է եղել: Ասի՝ ես ինչո՞վ եմ պակաս էդ վիսկըչկայից… Մի խոսքով՝ ամեն ինչ լավ ա, կյանք, մնացածը Երեւանում կպատմեմ: Հա, մոռացա հարցնեմ՝ Ջոնսոնի հրաժարականը հո շատ չի՞ ազդել վրադ:

- Տո չէ-հա: Լոնդոն՝ Արմեն Սարգսյանի հետ եմ խոսել, ասաց՝ էս եվրոպացիները լրիվ ոչխար են, մի ստից բանից հրաժարական են տալիս: Եթե Ջոնսոնի նման մտածեիր, Նիկոլ ջան, դու պետք է հիմա մոստից քեզ գցած լինեիր…