Անկանխիկի որոշմամբ, իրականում, բանկային նոր հարկ է սահմանվել

Անկանխիկի որոշմամբ, իրականում, բանկային նոր հարկ է սահմանվել

Կենտրոնական բանկը տարածել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած  «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի վերաբերյալ պարզաբանումներ, որոնք, իբրեւ թե, պետք է հասարակությանը բացատրեն, թե ինչի համար է ընդունվել օրենքը, եւ որքան անհրաժեշտ եւ նույնիսկ օգտակար է այն հասարակության համար: Այդ օրենքը 300 հազար դրամը գերազանցող գործարքները բացառապես անկանխիկ եղանակով իրականացնելու պարտադրանքի մասին է: Այս կարելի էր անվանել նաեւ «Օրենք բանկային հարկի մասին», քանի որ այդ օրենքով Հայաստանի քաղաքացիները պարտավորվում են անվերջ հարկեր վճարել բանկերին ու դրանց սեփականատեր բանկիրներին:

Քաղաքացիների կողմից հարկ վճարելը նորություն չէ, եւ այն առաջացել է պետական կազմավորումների ձեւավորման հետ միաժամանակ: Երբ մարդը հարկ է վճարում պետությանը, նա առնվազն գիտի, որ այդ գումարն ուղղվում է հանրային նշանակության խնդիրներ լուծելուն` անվտանգություն, հասարակական կարգի պահպանություն, հանրային նշանակության ենթակառուցվածքների կառուցում եւ պահպանություն, գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ, տարբեր սոցիալական խնդիրների լուծում: Ի՞նչ հիմնավորմամբ պետք է քաղաքացին հարկ վճարի բանկային համակարգին՝ որեւէ բացատրություն չկա: Խոսքը ռացիոնալ բացատրության մասին է:

Օրինակ, երբ նախկինում որեւէ գյուղացի վճարում էր իր երեխայի կրթության գումարը, նա իր ապրանքի վաճառքից գոյացած գումարը վճարում էր ուսումնական հաստատությանը: Հուլիսի 1-ից դա այլեւս հնարավոր չէ: Գյուղացին պետք է այդ 800 հազարը մուտք անի իր բանկային հաշվին ու փոխանցի ուսումնական հաստատության հաշվեհամարին: Այստեղ առաջանում է բանկային միջնորդավճար, եւ բանկն առնվազն 15 հազար դրամ եկամուտ է ստանում: ԿԲ-ն իր պարզաբանումների մեջ գրում է, թե՝ բա գիտե՞ք, այդ ամբողջ գումարը բանկին չի մնում, բանկն էլ ծախսեր ունի, եւ այլն: Դա նույնն է, որ մեկին կողոպտես, հետո բացատրես, որ, գիտե՞ս ինչ՝ կողոպուտի կազմակերպումն էլ որոշակի ծախսեր է պահանջում: Նույնը՝ առողջապահության ոլորտում. մարդը բանկից վարկ է վերցնում, որ վիրահատվի, կյանքը փրկի, բանկն ասում է, թե բացի այն, որ ինձ պետք է վարկի տոկոս վճարես, մի բան էլ պետք է փող տաս, որ ես այդ գումարը քո հաշվեհամարից բուժհաստատության հաշվեհամարին հասցնեմ: Դու՝ ինքդ իրավունք չունես այդ գումարը կանխիկ վճարել ու առանց բանկային հարկ վճարելու հոգալ քո առողջության մասին:
Բանկերը դարձել են մի բազմագլուխ հրեշ ու բացահայտ տիրանում են մարդկանց միջոցներին: Բանկային հարկի միջոցով բանկերը հասարակությունից կարող են տարեկան միլիարդավոր դրամներ տանել: Այն գումարները, որոնք մարդիկ պետք է ծախսեին առողջապահության, կրթության, իրենց կյանքն ու կենցաղը բարելավելու վրա, դառնալու են մի քանի բանկիրների ու նրանց բաժնետերերի սեփականությունը: Այս օրենքի գործողության արդյունքում հասարակության մեծ մասը սնանկանալու է, իսկ բանկիրներն էլ ավելի են հարստանալու:

Նման օրենքի ընդունումը հնարավոր դարձավ բացառապես պետության բացակայության պատճառով: Պետության ֆունկցիաներից մեկն էլ իր քաղաքացիների շահերի պաշտպանությունն է: Երբ պետությունը կազմաքանդված է, դրանից օգտվում է ոչ միայն արտաքին թշնամին, որն անարգել կարող է գրավել այդ պետության տարածքները, գերեվարել ու տանջել այդ երկրի քաղաքացիներին: Դրանից օգտվում են նաեւ այդ տարածքում գործող տարբեր կրիմինալ խմբեր, որոնք հասարակության վրա տարբեր բնույթի ֆինանսական պարտավորություններ են դնում: Կարեւոր չէ, որ դա արվում է օրենքի անվան տակ: Վաղը, օրինակ, կարող են օրենք ընդունել քունը հարկելու մասին, որտեղ կգրվի, որ ցանկացած մեկը, ով օրվա մեջ քնում է առնվազն երկու եւ ավելի ժամ, պետք է ամսական 10 հազար դրամ վճարի՝ բացառապես անկանխիկ եղանակով: Մի՞թե սա ավելի անհեթեթ է հնչում, քան յուրաքանչյուր գործարքից բանկերին հարկ վճարելու հարկադրանքը:

Աշխարհում բազմաթիվ պետություններ կործանվել են միայն այն պատճառով, որ այդ պետության բնակիչները, զզվելով իրենց կառավարիչների ագահությունից, ապիկարությունից ու անարդարությունից, օտարերկրյա հպատակությունը գերադասել են սեփական պետությունից: Որքան էլ ցավալի լինի արձանագրելը, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն ամեն ինչ անում են, որ հայ մարդը զզվանք ու ատելություն զգա սեփական կառավարիչների եւ, այդպիսով, նաեւ սեփական պետության նկատմամբ: Եվ այդ գործում նրանց հաջողություններն ուղղակի շշմեցնող են:


Ավետիս Բաբաջանյան