Աշոտ Երկաթը ամեն վայրկյան կարող էր պաշտպանել Սյունիքը․ սա է խնդիրը․ Թադևոսյան

Աշոտ Երկաթը ամեն վայրկյան կարող էր պաշտպանել Սյունիքը․ սա է խնդիրը․ Թադևոսյան

Փաստ է, որ մեր հայրենիքից մի հատված՝ Սյունիքը, վտանգի տակ է։ Թեև մեզ այս իշխանությունները ամեն օր հորդորում են, թե վտանգ չկա, միջանցքի հարց չկա և այլն, բայց մենք ինքներս ենք լսել՝ ինչպես է Ալիևը հայտարարում, որ պատրաստվում ենք այդ միջանցքով առևտուր անել և այլն։

Փաստացի Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, այն հրամանատարներից մեկն է, որն իրենից ուղղակի վտանգ է ներկայացնում, քանի որ մի քանի օր առաջ հայտարարեց, որ ինքը պատրաստ է պաշտպանել Սյունիքը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։

Նշենք,որ դատախազության շենքի դիմաց տեղի տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության և մշակույթի գործիչների ակցիան՝ արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու պահանջով։

«Դուք ինձնից լավ գիտեք, որ Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Աշոտ Մինասյանը այն մարդիկ են, որոնք իրոք լուրջ անհատականություններ են, էլ չեմ խոսում նրանց ուղղակի մասնակցության մասին պատերազմին։ Աշոտ Մինասյանը վտանգ է ներկայացնում, քանի որ նա իր հեղինակությամբ ամեն վայրկյան կարող է համախմբել ազգի նվիրյալներին ու նրանք դուրս կգան խրամտաներ պաշտպանելու, հայրենիք, հող պաշտպանելու։ Ես մինչև էսօր էլ հայ ազգի մասին մեծ կարծիք ունեմ, սակայն փաստ է նաև, որ արդեն շատ վաղուց մեր մեջ բուն է դրել նաև տականքը։ Երբեք չէի պատկերացնի, որ այս օրին ենք հասնելու, երբեք»,- հավելեց Թադևոսյանը։