Աննա Հակոբյանը՝ Լոսում պերսոնա նոն գրատա

Աննա Հակոբյանը՝ Լոսում պերսոնա նոն գրատա

Կիրակի օրը «Հրապարակի» կայքէջում տեղեկացրինք, որ վարչապետի կինը ծածուկ մեկնում է ԱՄՆ։ Ապա տեսանյութ տարածվեց, որ նա Լոս Անջելեսի օդանավակայանում իջել է ինքնաթիռից եւ գողեգող, գլուխն ուսերի մեջ թաքցրած, մի կնոջ ուղեկցությամբ, հեռանում է։

Մեր տեղեկություններով, դիմավորող կինն «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի քույրը՝ Արաքս Սիմիդյանն է, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում ու «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական հարցերով է զբաղվում։ Փաշինյանների ու Սիմիդյանների մտերմությունն առաջացել է դեռ Նիկոլ Փաշինյանի՝ փախուստի մեջ գտնվելու ժամանակներից, երբ Փաշինյանը մի քանի ամիս Սիմիդյանների տանն էր թաքնված։ 

Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ կատարած այցը գաղտնի է պահվում․ լոսանջելեսաբնակ ակտիվիստները, որոնք գնացել էին օդանավակայան եւ նրան հայտարարել են ԱՄՆ-ում «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, փորձում են պարզել նրա հանգրվանելու վայրը, հանդիպումների շրջանակը եւ, ինչպես երեկ հնչեց Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ անցկացված հանրահավաքի ժամանակ, որոշել են հարամել նրա ամերիկյան վայելքները։

Լոս Անջելեսում բնակվող լրագրող Արմեն Բարսեղյանը երեկ, մեր զրույցի ժամանակ, դեռ տեղյակ չէր այցի մանրամասներից, սակայն հույս ուներ, որ մինչեւ առավոտ կպարզեն։ Հարցին, թե դե՞մ են, որ Հայաստանի կարիքների համար վարչապետի կինը գումար հավաքի, որովհետեւ տեղեկություն կա, որ նա մեկնել է ոչ միայն ծննդյան օրը նշելու, այլեւ իր հիմնադրամի համար գումար հանգանակելու, Բարսեղյանը պատասխանեց․ «Մենք ընդհանրապես ցանկություն չունենք, որ ինքն այստեղ գտնվի։ Թե գումար կվերցնի, ում հետ կհանդիպի՝ էդ ամենը երրորդական, չորրորդական է, որովհետեւ մենք ընդհանրապես ցանկություն չունենք, որ ինքն այստեղ հայտնվեր»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ շատ կարկառուն ներկայացուցիչներ եւ դաշնակցականամերձ շրջանակներ, որպես կանոն, շատ ջերմ դիմավորում էին իմքայլականներին եւ Լոսում նրանց համար զբոսանավերով, խավիարով ու շամպայնով աշխարհիկ հաճույքներ էին կազմակերպում։ Իսկ 2019-ին Աննա Հակոբյանի այցի ժամանակ ամերիկահայ համայնքը ցնծության մեջ էր, եւ մեկ միլիոն դոլարի չափ գումար հանգանակեցին՝ բարեգործական ճաշկերույթ կազմակերպելով։ Մենք ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավար Իշխան Սաղաթելյանին հարցրինք՝ բացառո՞ւմ է, որ Ամերիկայի դաշնակցականները կընդունեն, կպատվեն Աննա Հակոբյանին, անգամ գումար կտան։ «Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ է  հանդես եկել տվյալ կնոջ Լոս Անջելես այցելելու կապակցությամբ։ Դրանից ավելի կամ պակաս ասելու բան չունեմ»։

Իսկ հայտարարության մեջ ասված է․ «Տիկին Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների դեմ նրա գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության հանդեպ բաժանարար եւ սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած եւ գերեվարված զինվորներին վերադարձնելու նրա անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամի նկատմամբ նրա ապաշնորհ կեցվածքը, նրա ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, նրա դավադրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարության տակ, պատերազմը ղեկավարելու նրա քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, եւ, փաստորեն, ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը։ Մենք հստակ պատգամ ունենք տիկին Հակոբյանին, որը մեր համայնք է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով։ Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան» ։

Գլենդելում ՀՀ հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքը բազմամարդ չէր, եւ լրագրող Արա Կազարյանը հանդիմանեց դիմացի մայթին գտնվող ռեստորանում ճաշող հայությանը։ «Ես չգիտեմ, թե էսօր ինչով են ապրում Հայաստանում, բոլոր այն մարդիկ, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչ կատարվեց Արցախում, ես ուղղակի չեմ հասկանում նրանց, ովքեր ունեն օնլայն հնարավորություն՝ տեսնելու, թե ինչպես է պակասում Հայաստանը, եւ ավելանում Եռաբլուրը։ Ես արդեն ոչ մի տեսակ գնահատական չեմ ուզում տալ մեր ազգին։ Ես ուղղակի ապշած եմ ու ուզում եմ իմ զարմանքը բարձրաձայնել»,- ասաց Արա Կազարյանը։

Արմեն Բարսեղյանի մեկնաբանությամբ՝ այստեղ կուսակցական հարց չէ կամ պառակտում։

«Այստեղ, ինչպեսեւ Հայաստանում, նիկոլապաշտների եւ սթափ մտածող մարդկանց հարցն է։ Նույն վիճակն է, ինչ Հայաստանում, այն տարբերությամբ, որ այս նիկոլապաշտ զոմբիներն այսօր փողոց դուրս չեն գալիս։ Էն հատվածը, որը հասկանում է, որ հայրենիքը վտանգված է, դուրս ենք գալիս փողոց, առայժմ քիչ է քանակությունը, մենք ապրում ենք Ամերիկայում, որտեղ մարդիկ ավելի զբաղված են, կա մի հատված, որն ընդհանրապես հիասթափված է, անտարբեր։ Ես այդ  փորձն ունեմ, այստեղ երկար տարիներ եմ ապրում ու բոլոր ցույցերին մասնակցել եմ, եթե չասենք՝ կազմակերպիչն եմ եղել։ Եվ այդ փորձն իմանալով՝ գիտեմ, որ ժամանակը կգա, կհավաքվեն։ Եվ այսօր, անկախ նրանից՝ 10 հոգի՞ կլինեն, 400, թե վաղը 4000, մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ գահին նստելու ամեն րոպեն վնաս է հայրենիքին»,- հավելեց ամերիկահայ լրագրողը։

Հիշեցնենք, որ հանրահավաքներն ամենօրյա են լինելու, մասնակիցները դեմ էին արտահայտվել նաեւ «ոմն Մակունց կոչեցյալին՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակելուն»։ Դա, ըստ Բարսեղյանի, եւս շատ կարեւոր է՝ հիմա, երբ կա ԱՄՆ նորընտիր նախագահ, որը հայտարարել է, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։