Փրկության շարժումը կլուծարվի՞, թե՞ «տուն կուղարկի» Վազգեն Մանուկյանին

Փրկության շարժումը կլուծարվի՞, թե՞ «տուն կուղարկի» Վազգեն Մանուկյանին

Հայրենիքի փրկության շարժումը բախտորոշ օրեր է ապրում։ Մոտ օրերս կորոշվի շարժման հետագա ճակատագիրը։ Այսօր-վաղը որոշվելու է այդ հարցը՝ վեց լիդերների (ՀՀ նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ-«Հայրենիք»-ԲՀԿ կուսներկայացուցիչներ եւ շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի) հանդիպման արդյունքում։

Գաղտնիք չէ, որ տեւական ժամանակ է՝ շարժումը նախկին թափով չի գործում, զանգվածային բողոքի ակցիաներ չեն կազմակերպվում։ Իհարկե, դրան նպաստում է նաեւ եղանակը։

Սակայն տարաձայնությունները շատ են։ Այս ընթացքում, ճիշտ է՝ փողոցային պայքարին այլընտրանք մտածեցին, եւ Վազգեն Մանուկյանի առաջնորդությամբ մարզային այցելություններ կազմակերպվեցին, բայց ակնհայտ է, որ դեկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերի կարծիքները կիսվել են։

Ոմանք կարծում են, որ կարելի է հրաժարվել փողոցային պայքարից, հատկապես որ այնպես, ինչպես հեռացրին Սերժ Սարգսյանին, Փաշինյանը չի հեռանա, եւ այդքան մարդ էլ չի հաջողվի փողոց հանել։ Մյուս կողմից, ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրում ձայն չունի, եւ ընտրությունների ճանապարհով նրան հնարավոր է հեռացնել  իշխանությունից։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելուն կատեգորիկ դեմ է Սերժ Սարգսյանը, իսկ մյուսների համար դա՝ որպես իշխանափոխության քայլ, ընդունելի է։ Առաջիկա հանդիպմանը հենց այս դիլեման է լուծվելու։

Չի բացառվում, որ հայտարարեն շարժման լուծարման մասին՝ իհարկե, դա հիմնավորելով, որ 17-ի ֆորմատն իրեն սպառել է, եւ հարկավոր է փոխել ֆորմատը։ Սակայն հնարավոր է, որ նոր՝ միասնական ֆորմատ չհայտարարվի, այլ հայտարարեն, որ յուրաքանչյուր ուժ ազատ է իր գործողությունների մեջ՝ ամեն մեկն իր պայքարի ձեւաչափը թող ընտրի։ 

Երրորդ տարբերակն էլ այն է, որ ընդամենը Վազգեն Մանուկյանը հայտարարի իր հեռանալու կամ այլեւս որպես շարքային անդամ շարժմանը մասնակցելու մասին՝ հրաժարվեն վարչապետի միասնական եւ միջանկյալ թեկնածուի գաղափարից, իսկ ֆորմատը պահպանեն։
Ամեն ինչ կախված է երկու նախագահների որոշումից, որոնց կշիռը պատերազմի հետեւանքով աճել է, մանավանդ՝ Ռոբերտ Քոչարյանինը։ Եթե նրանք գան համաձայնության արտահերթ ընտրությունները թույլատրելու հարցում, խորհրդարանական ընդդիմությունն իր համաձայնությունը կտա եւ վարչապետի թեկնածու չի առաջադրի, ու Փաշինյանի հրաժարականից հետո կհայտարարվի նոր ընտրությունների գնալու մասին։ Բայց գաղտնիք չէ, որ վեցնյակից ամենամեծ ռեսուրսին տիրապետում է ՀՀԿ-ն, «ձայն բերող» գործարարները, ինչպիսիք Արայիկ Գրիգորյանն է՝ Ավշարի Արայիկը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, Ջերմուկի Արսենյանը, Հակոբ Հակոբյանը՝ «Կիլիկիայի» սեփականատեր, եւ ուրիշներ, այսօր էլ Սերժ Սարգսյանի կողքին են, ընտրություններին էլ աշխատելու են նրա օգտին, ում մատնացույց կանի Սերժ Սարգսյանը։ Իսկ Սերժ Սարգսյանը կարող է «սխալ» ուղղությամբ կողմնորոշել, որպեսզի գործընկերներին ապացուցի իր ճշմարտացիությունը։ 

Անգամ տեղեկություններ կան, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայնություն կնքի Փաշինյանի հետ, հնարավոր է նաեւ պորտֆելներ ստանան կառավարության կազմում, որպեսզի «վերահսկեն ընտրությունների ընթացքը» եւ թույլ չտան Փաշինյանին՝ վարչական լծակն օգտագործել իր վերարտադրության համար։ ԲՀԿ-ից այս առիթով մեկնաբանություն չհաջողվեց ստանալ, մեր զանգերին չպատասխանեցին։ Խաղաքարտերը չցանկացան բացել նաեւ մյուս ուժերը։ «Հայրենիք» կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը շարժումը լուծարելու կամ նոր ֆորմատի անցնելու մասին մեր հարցադրումներին ի պատասխան, միայն հետեւյալն ասաց․ «Կուսակցության խորհրդում դեռ չենք քննարկել, որոշումներ չունենք: Իսկ անձնական տեսակետ հայտնելը նպատակահարմար չեմ համարում՝ հաշվի առնելով սպասվող քննարկումը մեր խորհրդում: Կարծիքս հենց մեր խորհրդում կներկայացնեմ, կլսենք բոլորին եւ որոշում կկայացնենք»։ Մեր տեղեկություններով, «Հայրենիքն» ամենից շատ է հակված շարժումից դուրս գալուն։

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ չի մտածում, թե պետք է լուծարել շարժումը, այն, իր կարծիքով, արդյունավետ է գործում, եւ պետք է շարունակել։ Իսկ Վազգեն Մանուկյանի թեկնածության փոփոխության կարիք տեսնո՞ւմ է։ «Ոչ, շատ դրական եմ վերաբերվում իր թեկնածությանը»։

Փորձեցինք զրուցել նաեւ Վազգեն Մանուկյանի հետ, հեռախոսին պատասխանեց օգնականը եւ փոխանցեց, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պարոն Մանուկյանը չխոսի լրատվամիջոցների հետ։ Հարցրինք՝ հնարավո՞ր է այսօրվա հանդիպումից հետո, այնուամենայնիվ, ասելիք ունենա, չբացառեց։