ԵՊՀ-ի վիճակը երկրի վիճակին համահունչ է

ԵՊՀ-ի վիճակը երկրի վիճակին համահունչ է

Մոտ 20 օր առաջ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, ով Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ եղել է ԿԳ փոխնախարար եւ ԱԺ պատգամավոր։ Ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում Հ․ Հովհաննիսյանի նշանակումը ոչ ոքի չզարմացրեց, չնայած վերջին 3 տարիների ընթացքում վերջինս պարբերաբար եւ համառորեն հերքում էր ռեկտորի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը, եւ չնայած ակնհայտ էր նաեւ, որ օրենքում պրոֆեսորի կոչման պահանջը խմբագրում են հենց նրա համար։

Հ․ Հովհաննիսյանն այդ օրը կարճ խոսեց, քանի որ ծրագրում էր առանձին հանդիպումներ ունենալ ամբիոնների վարիչների, դեկանների հետ եւ լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Ինչ վերաբերում է համալսարանականներին, ապա երկու տարվա ընթացքում իշխանություններին կարծես հաջողվեց կոտրել ԵՊՀ-ի դիմադրությունը, քանի որ ներկաները Հ․ Հովհաննիսյանի նշանակումը լսեցին լուռ, արձագանքեցին ժպիտով։ 

Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում նորանշանակ ռեկտորի ԺՊ-ն հանդիպումներ ունեցե՞լ է իրենց՝ դեկանների հետ, եւ ի՞նչ վիճակ է հիմա ԵՊՀ-ում։ «ԵՊՀ-ի վիճակը երկրի վիճակին համահունչ է, ես կասեի՝ մի փոքր ավելի լավ, տեսնելով հատկապես այս օրերին մեր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը եւ այն, ինչ կատարվում է այնտեղ»,- ասաց Հ․ Սարգսյանը։  

Ինչ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյանին, ապա, «քանի որ իրեն ճանաչում եմ, իմ տպավորությունը լավ է»,- ասում է Սարգսյանն ու հավելում, որ նշանակումից ի վեր, երբ նախարարը նրան ներկայացրեց համալսարանականներին, այլ հանդիպում չեն ունեցել ռեկտորի ԺՊ-ի հետ, քանի որ հաջորդ օրվանից բոլորը գնացել են արձակուրդ, եւ միայն վաղվանից ողջ կազմով համալսարանը կսկսի աշխատել․ «Կարծում եմ՝ առաջիկայում կլինեն այդ հանդիպումներն ու քննարկումները, ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին, ապա, որքանով տեղյակ եմ, դեռ չի ձեւավորվել»։

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի կարծիքով, ներկա իրավիճակով պայմանավորված, ճիշտ կլիներ նշանակումը, ոչ թե ընտրությունը․ «Մենք պսեւդոդեմոկրատական գործընթացների տիրույթում ենք եւ այդ պատրանքներով՝ կապված ուսանողակենտրոնության, ինքնաբավության հետ, որոնք ինքնավարությունը կարող են կեղծ ձեւով բարելավել, քան եթե իրականում նշանակված լիներ ռեկտոր եւ այդպիսով իր վրա վերցներ պատասխանատվությունը։

Ի վերջո, եթե բոլոր այդ մեխանիզմներին մենք նայում ենք, ապա տեսնում ենք, որ իշխանությունը կարողանում է անցկացնել իր ցանկալի անձին։ Պսեւդոդեմոկրատիա ասելով՝ հենց սա նկատի ունեմ, ինչո՞ւ ենք մենք պատրանք ստեղծում, թե, ահա, տեսեք՝ հոգաբարձուների անդամները դեմոկրատական մեխանիզմով ընտրեցին։ Ուրիշ լուրջ գործառույթներ կան, որոնցով պետք է զբաղվեն հոգաբարձուները, բայց մենք այսօր դեռեւս բավարար չափով այդ մեխանիզմները չունենք, հետեւաբար, նշանակում է՝ նշանակումների մեխանիզմն արդարացված կարող է լինել»։

Ստացվում է՝ Հ․ Հովհաննիսյանի դեպքն էլ կարելի է նշանակում համարել, ինչի հետ համաձայնում է Սարգսյանը․ «Եթե 3 հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում, եւ 3-ով են որոշում, որոնց մեջ են իշխանության ներկայացուցիչները՝ փոխվարչապետը, նախարարը եւ վարչապետի խորհրդականը, դա արդեն նշանակում է»։

Հարցին, թե ինչու, երբ նախարարը ներկայացրեց ռեկտորի նոր ԺՊ-ին, համալսարանականներից եւ ոչ մեկը չարձագանքեց, Սարգսյանն ասաց․ «Եթե մենք առաջնորդվենք օրենքով, կանոնակարգերով, ապա նախատեսվում է ընտրություն, դա որեւէ մեկը դեռ չի չեղարկել։ Կարծում եմ՝ առաջիկայում կակտիվանան այդ գործընթացները, եւ ներկայիս ռեկտորի ԺՊ-ն, համոզված եմ, որ կդիմի եւ կունենա մրցակիցներ։ Եթե այդ պահին բերել ներկայացնում են մի անձի, ով պետք է փոխարինի նախկին ռեկտորի ԺՊ-ին՝ իմ կողմից շատ հարգված Գեղամ Գեւորգյանին, ով գրեթե 2 տարի եղավ պաշտոնակատար եւ այդպես էլ չկարողացավ լուրջ եւ երկարաժամկետ ծրագրերի առումով առաջընթաց ունենալ, դա նորմալ չէր, եւ մարդը թողեց գնաց, հիմա բերել են նոր պաշտոնակատար, որի դեմ պայքարել-չպայքարելու հարց չկա, քանի որ չեմ կարծում, որ դա խրամատ է, բլինդաժ, որ պետք է վեր կենանք, ասենք՝ էս ո՞ւմ բերեցիք։ Այսօրվա իրավիճակով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ է եւ տեղավորվում է մեր կանոնակարգերի, այսպես կոչված, տրամաբանության մեջ»։