Երբ վարչապետն ավելորդ շքեղություն է

Երբ վարչապետն ավելորդ շքեղություն է

Փաշինյանի ոճով ասած՝ ուզում եմ մի բան արձանագրենք: Կառավարության ծրագրի, այսպես կոչված, քննարկումներից մենք իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռ է զբաղեցնում, որովհետեւ ժողովուրդն է այդպես ցանկացել: Որեւէ այլ արժանիք, որի շնորհիվ կարող էր երկիր կառավարել, փաստորեն, նա չունի: Եթե ունենար, կնշեր, ցույց կտար, կապացուցեր, որ ինքն է միակը, ով արժանի է այդ պաշտոնին 2021-ի Հայաստանում: Այլապես մի հանգի կրկնում ու կրկնում է, թե ժողովուրդն է իրեն դրել այդ պաշտոնին: Հասկացանք՝ ժողովուրդն այդպես է քվեարկել ընտրություններում: Բայց նման որոշում կայացնելուց առաջ ժողովուրդը, իսկ ավելի ստույգ՝ նրա մեկ քառորդը, գիտե՞ր, թե ինչ է անում, ծանո՞թ էր Փաշինյանի կարողություններին, ծրագրերին, երկիր ղեկավարելու փորձին ու հմտություններին: Իհարկե՝ ոչ:

Նույն այդ ժողովուրդը, իսկ ավելի ստույգ՝ նրա մեկ քառորդն այս վերջին արտահերթ ընտրությունների օրը գիտե՞ր, թե 2018թ. դեկտեմբերին իր գործած ճակատագրական սխալի արդյունքում երկրի ղեկի մոտ հայտնված Նիկոլն ինչպիսի աղետ է բերել մեր պետության, մեր ողջ ժողովրդի, ողջ հայության գլխին: Իհարկե՝ չգիտեր եւ կամ գիտեր-հասկանում էր, բայց կուրորեն հավատում էր իշխող ոչնչությունների պոպուլիստական հայտարարություններին ու ստահոդ պնդումներին, թե այդ ամենը նախկինների մեղքով է եղել:

Եվ ահա, ժողովրդից, իսկ ավելի ստույգ՝ նրա մեկ քառորդից քվե ստացած Փաշինյանը (տեսնես իսկապե՞ս ստացել է այդ քվեն) հերթական անգամ վարչապետի աթոռի մեջ հայտնվելու իր հանգամանքը բացատրում է մեկ բանով՝ ժողովուրդն է որոշել: Այստեղից հետեւում է՝ ժողովուրդն է մեղավոր, որ ես վարչապետ եմ: Անիմաստ չվիճենք Փաշինյանի հետ, այդպես էլ կա: Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան: Հետո՞: Իսկ «հետո»-ն արդեն կառավարության այս ծրագիրն է, որը ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀՀ ժողովրդի եւ անգամ նրա մեկ քառորդի մասին չէ: Դա նույնիսկ ծրագիր էլ չէ, այլ ծայրից ծայր մի դատարկաբանություն, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վայ կառավարությունը, այլեւ աշխարհի ամենապրոֆեսիոնալ կառավարությունները չեն կարող կյանքի կոչել: Դա մի փաստաթուղթ է այն մասին, որ դարձյալ ոչինչ չի արվելու, իսկ իշխանությունները 2026 թվականին ընտրությունների են գնալու «նախկինների» մասին հին երգերով:

Բայց թեմայից չշեղվենք եւ եւս մեկ անգամ կատարենք կարեւոր արձանագրումը՝ Փաշինյանը վարչապետ է, որովհետեւ ժողովուրդն է այդպես կամեցել: Այսինքն՝ Հայաստանում վարչապետ լինելու համար պետք է ունենալ միայն ժողովրդի քվեն: Դրանից հետո կարող ես ինքզինքդ ավելորդ բաներով չծանրաբեռնել՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական խնդիրներ, անվտանգություն, գիտություն, կրթություն, մշակույթ… Փուչ բաներ են դրանք, երբ ժողովուրդն արդեն քեզ քվե է տվել: Հա, ու մեկ էլ պետք է քեզ լավ նայես, չմրսես, չհիվանդանաս, պատնեշներ կառուցես շուրջդ, որ ժողովրդի տված քվեի հետեւանքին բան չպատահի: Օրինակ՝ հաշիվ չմաքրեն:

Դա մի քիչ թանկ է նստում ժողովրդի վրա, բայց ոչինչ, ժողովրդի քվեն ունենալն արդեն մեծ գործ է, իսկ մեծ գործերը, ինչպես ասում են, մեծ զոհեր են պահանջում: Ո՞վ է վճարում ոչ բարով վարչապետի անվտանգության այս աննախադեպ միջոցառումների համար: Ժողովո՞ւրդը: Բա մի հատ հարցրեք այդ ժողովրդին՝ ինքը համաձա՞յն է իր, իր ընտանիքի, իր զավակների հաշվին այսպիսի թանկ վարչապետ ու կառավարություն պահել: Իսկ գուցե բյուջետային գումարնե՞ր չեն դրանք: Օդից են ընկել, օտարերկրյա տերերի գրպանից… Այստեղ խնդիրն էլ ավելի է բարդանում: Արդյոք այդ գումարներով չէ՞, որ ժողովուրդը, իսկ ավելի ստույգ՝ նրա մեկ քառորդը կուրորեն քվեարկել է «Նիկոլ» պրոյեկտի օգտին:

Փաշինյանը խոստովանեց, որ իր անվտանգության նպատակով ձեռնարկված աննախադեպ միջոցառումները պայմանավորված են, դիցուք, 1999թ. հոկտեմբերի 27-ի վախերով: Մեկ էլ՝ էն կինոն, որտեղ իրեն ոչ այն է՝ գնդակահարում են, ոչ այն է՝ կախում, ազդել է վրան: Ու հարցնող էլ չկա՝ «այ Նազար», 20 տարվա վաղեմության հոկտեմբերի 27-ո՞վ ես պատճառաբանում ԱԺ-ում ԱԱԾ զորքերի եւ թիկնազորիդ ներկայությունը: Թե բա ԱԺ-ում հոկտեմբերի 27 իրականացրած ուժեր կան… Իհարկե՝ կան եւ ինչո՞ւ միայն ԱԺ-ում: Ո՞վ էր վերջերս զբաղեցնում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ո՞վ է նստած ՔՊ ֆրակցիայի առաջին շարքերում, վերջապես՝ ո՞ւմ կադրերով ես այսօր փակել կառավարությանդ ծակուծուկերը, ո՞վ է ղեկավարում ԲԴԽ-դ: Բա չե՞ս վախենում, որ ինչպես իրենց զինակից Վազգենին գնդակահարեցին, քեզ էլ գնդակահարեն: Մի բան ասելուց առաջ երկու անգամ մտածել է պետք եւ, առհասարակ, պետք է իմանալ՝ մարդը պատասխանատու է իր արածների համար եւ ոչ թե Վազգեն Սարգսյանի, որին մինչ օրս ոչ ոք հողատու եւ դավաճան չի անվանել:

Նիկոլ Փաշինյան, արի քեզ մի բարի խորհուրդ տամ, եթե դու իսկապես «Նիկոլ» պրոյեկտ չես, գնա եւ հրաժարականդ գրի: Մենք ժողովրդին մի կերպ կհամոզենք, որ չինքնահրկիզվի այդ փաստից: Այդպես գոնե վերջնական ղազագիրը չես ստորագրի եւ քո հասցեին եղած անեծքներին նորերը չես ավելացնի: Լեւոնը ճիշտ էր ասում՝ արտագաղթիր որեւէ ապահով երկիր, թեկուզ՝ ժամանակավորապես: Դու արդեն բեռ ես՝ բալաստ, որից երկիրը պետք է ազատվի օրհասական պահին: