Հարավային Կովկասում հաստատվում է «Նեշի հավասարակշռության» նման մի բան

Հարավային Կովկասում հաստատվում է  «Նեշի հավասարակշռության» նման մի բան

2021 թ.: Այս լուսանկարը տեղադրված է «Մենք պատրաստ ենք դրան» վերնագրով նյութին կից՝ Ալիեւը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին: Ալիեւի դիրքը հաղթական է: Իսկ էլ ինչպիսի՞ դիրք կարող էր ընդունել նա, եթե Արցախի հարցը համարում է լուծված: Ավելին, առանց հարեւան երկրի համաձայնության՝ խորհրդային վարչական սահմանները փորձում է վերածել միջպետականի: Իրավունք ունի: Անշուշտ, նույնիսկ, եթե այդպես պետք է արվեր, ապա ոչ թե սահմանին, այլ Բաքվում կամ Երեւանում պետք է հանդիպեին քաղաքացիական անձինք: 

1994 թ.: Կարող էր լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «Մենք պատրաստ ենք դրան». Տեր-Պետրոսյանը հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին: Նա ասել է, որ ՀՀ-ն, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ջանքեր կգործադրի, որպեսզի դաշտավայրային Ղարաբաղի 4-5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը նվիրաբերվի Ադրբեջանին՝ որպես երկու հարեւան ժողովուրդների բարեկամության ամուր հիմքերը դնելու պատրաստակամության վկայություն: Լուսանկարում Տեր-Պետրոսյանի դիրքը հաղթական է, նույնիսկ շրջապատի նկատմամբ գերազանցություն, ինչ-որ արհամարհանք արտահայտող: Իսկ էլ ինչպիսի՞ դիրք կարող էր ընդունել նա, եթե Արցախի հարցը, կարծես, լուծել էր: Մինչդեռ այդ կարծիքին չէր միջազգային հանրությունը. նրանք ոչ մի կերպ չէին ընդունում ինքնորոշման իրավունքի գաղափարը: Ճիշտ էլ անում էին: Դիվանագիտական աշխատանքը ոչ ճիշտ հիմքերի վրա դրվեց։ Հսկայական Արեւմտյան Հայաստանը ցեղասպանության ճանապարհով ազատելը, Մոսկվայի անարդարացի պայմանագիրը, թերեւս, ամենաէական փաստարկները կարող էին լինել:

Այսինքն՝ միջազգային հանրությանը պետք էր հասկացնել, որ Արցախի հարց գոյություն չունի, այլ խոսքը վերաբերում է հայերին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղելուն: Նախիջեւանը «լավ» օրինակ է, թե ինչպես է իրականացվում դա, թե ինչպես է կատարվում էթնիկական զտում:  
Ինչպե՞ս կարելի էր անտեսել, որ միջազգային հանրությունը դեռ համոզված չէ, ավելի շուտ՝ չի ցանկանում համոզվել մեր արդարացի լինելու մեջ, ինչպե՞ս կարելի էր հարեւանին այդպես վերեւից ու արհամարհանքով նայել, թեկուզեւ մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր հայրենի հողի ազատագրման պարագայում: Միջազգային հանրությունը թող մնար իր կարծիքին, իսկ հարեւանի հետ պետք էր հասնել փոխըմբռնման: Ճնշումն առաջացնում է դիմադրություն եւ առճակատում: Հրանտ Բագրատյանն այդ մասին գլխի էր ընկել Հեյդար Ալիեւի դեմքի արտահայտությունից (նկարում): Բայց, որպես կոմունիստական եւ ԿԳԲ-ական փայլուն կոփում ունեցած անձնավորություն՝ Հեյդար Ալիեւը դեռ հույսն ու ինքնատիրապետումը չէր կորցրել: 

Հույսը հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալով: Տեսեք, թե ինչ բարեկամական մթնոլորտում են շփվում հարեւան, ընդամենը 4-5 տարի առաջ պատերազմած երկրների ղեկավարները: Ափսոս, որ հետագա զարգացում չունեցան այդ՝ առաջին հայացքից հուսադրող հարաբերությունները: Չնայած ժամանակը բաց էր թողնվել (Ադրբեջանն ուղղել էր իր մեջքը, կուտակվում էին նավթադոլարները, կազմավորվել էր բանակ եւ այլն), այդուհանդերձ, դեռ կար Հեյդար Ալիեւը, ում հետ կարելի էր բանակցել: Արեւելքը նուրբ երեւույթ է. Հեյդար Ալիեւին պետք էր ակնածանքով վերաբերվել, ինչը կարծես, նկարից երեւում է, ու ասել ադրբեջաներեն. «Թանկագին Heydar Alirza oglu Aliyev, դուք իմաստուն, կյանք տեսած մարդ եք: Լավ տեղեկացված եք, թե ինչ է եղել 1920-ականներին. հայերի հետ, ցեղասպանությունից ընդամենը 5 տարի անց վարվել են անարդարացի: Մեր ժողովուրդներն արդեն մոռացել են Բաքվի, Շուշիի եւ Ադրբեջանի մյուս վայրերում հայերի ջարդերը, նույնիսկ ավելին՝ ջերմ հարաբերություններ են հաստատվել, եկեք հարցը կարգավորենք խաղաղ ճանապարհով, մեր վերահսկողության տակ գտնող 7 շրջաններից 5-ը վերադարձնում ենք, գումարած 5 միլիարդ դոլար»: Գուցե դա հնարավոր լիներ, եթե 2003-ին նախագահ չընտրվեր Իլհամը: 

Դժվար ժամանակ բաժին հասավ Սերժ Սարգսյանին: Ադրբեջանն այլեւ լավ զինված էր, իսկ փողը գետի նման հոսում էր: Իլհամը կարողացավ ստանալ Թուրքիայի ռազմաքաղաքական, Իսրայելի եւ մի քանի այլ երկրների ռազմական աջակցությունը: Այլեւս ոչ մի զիջման նա չգնաց: 2016-ին իրականացրեց հետագա լայնամասշտաբ հարձակման մեծ փորձը: Թեպետ ստացվեց, բայց ռիսկ չարեց սկսել պատերազմը՝ նկատի ունենալով, որ սպասելու քաղաքականությունը միշտ էլ հաղթանակում է: Պահանջվում էին նպաստավոր արտաքին պայմաններ եւ համաձայնություն ուժային կենտրոններից, ինչի համար պահանջվեց հսկայական դիվանագիտական աշխատանք, որը տեւեց 17 տարի:  Արտաքին հանգամանքները դասավորվեցին այնպես, ինչի մասին կարելի էր միայն երազել. ընտրություններ ԱՄՆ-ում, լարված վիճակ Բելառուսում (Ռուսաստանի համար մեծ գլխացավ), կորոնավիրուսի համավարակ, սիրիացի փախստականների կուտակում Թուրքիայում, որոնք հետագայում պետք է դառնային վարձկաններ: Եվս մի կարեւոր հանգամանք Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ «մկան անցնելը»՝ ի դեմս Ս-400-ի: «Նեղացած» Թուրքիան թեքվեց դեպի Ադրբեջան եւ հայտնեց իր պատրաստակամությունը՝ մասնակցել ռազմական ագրեսիային: Ռուսաստանն էլ շատ կոշտ չէր կարող լինել. Թուրքիան կասեր, թե ձեր պատճառով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացել են:

Կատարված հսկայածավալ աշխատանքը վերջնակետին հասցնելու համար պահանջվում էին Հայաստանի եւ Արցախի համապատասխան ղեկավարներ: Նրանք հայտնվեցին ճիշտ պահին: Դեռեւս չգաղտնազերծված անվանմամբ ռազմական օպերացիայի (ենթադրություն կա, որ այն անվանվել է «Ալթայ») մեկնարկը տրվեց Դուշանբեի վերելակում: Հնարավոր է, որ Փաշինյանն էլ գլխի չի ընկել, թե ինչպես է ներքաշվում աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ, իսկ որոշ պահից այլեւս հնարավոր չի եղել դուրս պրծնել՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Հնարավոր է նաեւ, որ այնուհետեւ նրան հասկանալի լեզվով բացատրել են, որ Հայաստանն ու Արցախը տարբերակ չունեն. Արցախի հարցը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի: Բացի դրանից, Հայաստանը պետք է որպես պետական սահման ճանաչի խորհրդային վարչական սահմանները: Գումարած դրան, Հայաստանն Ադրբեջանին պետք է տրամադրի երկու միջանցք. Հայաստանի անվերապահ վերահսկողությունը չի տարածվելու Մեծ ալի լիճ-Սադարակ գծից հարավ: Բայց, որպեսզի ամեն ինչ անցնի հարթ, պահանջվում է մեծամասշտաբ կարճատեւ պատերազմ՝ մեծաթիվ զոհերով, եւ հայկական բանակը գրեթե պետք է վերացվի: Այս ենթադրություններին համահունչ, օրերս հայտարարություն արեց Ալիեւը. «Հայկական բանակ այլեւս չկա եւ չպետք է լինի»: Իսկ Փաշինյանը պնդում էր, որ եթե նոյեմբերի 9-ի համաձայնագիրը չկնքվեր, ապա եւս 25-30 հազար զոհ կլիներ: Փաստորեն, մարդը ճիշտ է ասել: Իսկ Ալիեւը սխալվում է, հայկական բանակից ինչ-որ բան մնացել է: Մի՞թե Փաշինյանը կարողացել է խաբել Ալիեւին:

Ճնշումն առաջացնում է դիմադրություն եւ առճակատում: Սա 1990-ականներին վերաբերել է ադրբեջանցիներին, իսկ այժմ՝ հայերիս: Ադրբեջանցիները, ավելի ճիշտ՝ նրա քաղաքական եւ տնտեսական էլիտան, հայտնվել են նույն իրավիճակում, ինչ Հայաստանում՝ 1994 թվականից հետո: «Շարքային» ադրբեջանցիները հազիվ թե հասկանան կամ ընկալեն, թե ինչ տառապանքի ուղիներով է անցել ու անցնում հայ ժողովուրդը: Եթե հասկանան, ապա իրենց էլիտաներին փոշի կդարձնեն: 

Գանձակի շուկայում նուռ կամ թուզ վաճառող ադրբեջանցին չգիտի, որ Իլհամը հարյուր միլիոնավոր դոլարներ է վատնել, որպեսզի միջազգային հանրությունն աջակցի հայերի դեմ սանձազերծած ագրեսիային: Ծախսված գումարներն ավելի քան բավարար էին, որպեսզի շարքային ադրբեջանցիների երեխաները որակյալ կրթություն ստանային եւ իրենց ծնողների նման չարքաշ կյանքով չապրեին: Հին սերնդի շարքային ադրբեջանցին լավ է հիշում հեյդարալիեւյան հետեւյալ արտահայտությունը. «Широко шагает Азербайджан», որին հայերն ավելացնում էին. «…по магазинам Армении». 1970-80-ականներին ադրբեջանցիները Հայաստանից «կրում» էին տուփերով կարագ (20 կիլոգրամանոց), հայկական պանիր, կոշկեղեն, արդյունաբերական ապրանքներ:

Ինչեւէ, ճնշումն առաջացնում է դիմադրություն եւ առճակատում:  2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր, Ադրբեջանն այնպիսի ճնշում է գործադրել Հայաստանի վրա, որ հետեւանքները դեռ իրենց ցույց են տալիս: Եթե նկատի առնվի Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի եւ մի քանի այլ երկրների աջակցությունը, ապա խոսքն այնպիսի ճնշման մասին կարող է լինել, որի դեպքում առաջանում է ալմաստը՝ 45000-60000 մթնոլորտ:

Հետեւաբար, հայերի «բյուրեղացումը», նրանց նվաստացման հետնապատկերին, լավ բան չի խոստանում թուրքերի համար: Հայերն իրենց լավ են դրսեւորել ու դրսեւորում են գիտության տարբեր բնագավառներում: Տեխնոլոգիաները զարգանում են սրընթաց, եւ ով գիտե, թե ինչեր են սպասվում մեզ ոչ հեռավոր ապագայում… Ով կմտածեր, որ մի չնչին կորոնավիրուս ծնկի կբերի աշխարհը: Բայց թուրքերն էլ քնած չեն, զարգացնում են իրենց տեխնոլոգիաները: 

Տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանում ձեւավորվում են «Նեշի հավասարակշռության» հաստատման միտումներ: Պատկերավոր ասած՝ ռազմական գործում գոյություն ունի փոխադարձ երաշխավորված ոչնչացման հայեցակարգ: Օրինակ, միջուկային զենքին տիրապետող եւ ոչ մի կողմ չի կարող անպատիժ ո՛չ սկսել բախում, ո՛չ զինաթափվել միակողմանի: Եթե նկատի առնվի այն, որ միջուկային զենքից ավելի հզոր ու սկզբունքորեն նոր զինատեսակներ կհայտնվեն, ապա պարզ է դառնում, որ հետպատերազմյան ստատուս-քվոն ծուղակ է տարածաշրջանի երկրների համար: Մինչդեռ ինչպիսի հեռանկարներ կարող էին լինել նախկինում եղբայրական համարվող ժողովուրդների համար: Այսպիսով, խելամիտ այլընտրանքները մերժված են, խաղը լինելու է 0-ական արդյունքով, գնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ոչնչացմանը:


Գագիկ Վարդանյան