Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանո՞ւմ, թե՞ Անկարայում

Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանո՞ւմ, թե՞ Անկարայում

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան առաջարկել է` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցով նշանակված հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումն անցկացնել կա՛մ Երեւանում, կա՛մ Անկարայում։ Նախորդ հանդիպումները կայացել են դրսում՝ Եվրոպայում եւ Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրի։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է՝ սկսած 1993 թվականից, Թուրքիայի նախաձեռնությամբ։ Հայ-թուրքական հարաբերություններում առկա դժվարություններն ունեն բավականին խոր արմատներ։ Դրանք կապված են մի շարք հանգամանքների հետ, ինչպես, օրինակ, Անկարայի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին ցուցաբերվող, կարելի է ասել՝ անվերապահ աջակցության, ինչպես նաեւ Թուրքիայի ղեկավարության՝ 1915-23 թթ․ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հանդեպ ունեցած ժխտողական կեցվածքի։ «Եթե խոսք է գնում երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին, ապա տրամաբանական կլիներ, որ բանակցություններն ընթանային առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք անցկացնել հանդիպում Անկարայում կամ Երեւանում, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- ասել է ռուսական լրատվամիջոցի՝ Անկարայում եղած դիվանագիտական աղբյուրը։ Զրուցակիցը նաեւ ասել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտում են Հայաստանի վրա հայկական սփյուռքի գործադրած ճնշումները։ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում։ Սակայն մենք հույս ունենք, որ նորմալացման գործընթացը կշարունակվի»,- ասել է РИА Новости-ի զրուցակիցը։

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Երեւանի եւ Անկարայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ այս տարվա հունվարի 14-ին։ Դրանից հետո տեղի է ունեցել եւս երեք հանդիպում՝ Վիեննայում։ 

Ափսոսանքով արձանագրենք, որ այս լուրը հայկական մեդիատիրույթում բավականին աննկատ մնաց։ Մինչդեռ թե՛ սույն հրապարակումը, թե՛, ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առհասարակ իր ողջ բովանդակային տարողությամբ եւ «բազմաշերտությամբ», բավականին լուրջ ասելիքի, դիտարկումների տեղ է թողնում։ Անդրադառնանք մի քանիսին:

Ուշագրավ է, որ հրապարակումն արված է ռուսական պետական ամենախոշոր լրատվամիջոցներից մեկի կողմից։ Ընդ որում, դատելով հրապարակման բովանդակությունից, Անկարայում պարբերականի ունեցած դիվանագիտական աղբյուրը թուրքական կողմից է։ 

• Հրապարակումը հետաքրքիր է դառնում, երբ այն համադրում ենք բառացիորեն երկու օր առաջ տեղի ունեցած Պուտին-Էրդողան հերթական հեռախոսազրույցի հետ, որը կայացել էր Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցից հետո։

• Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին տարածված հաղորդագրությունները կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ երկու նախագահները խոսել են ամեն ինչից, ինչը կարող էր երկուստեք հետաքրքրել, բացի, պատկերավոր ասած՝ «հայկական թեմատիկայից», այն դեպքում, երբ այդ հեռախոսազրույցից գուցեեւ ժամեր առաջ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ։ 

• Վերոնշյալը քիչ հավանական էր ի սկզբանե, քանի որ մինչ այդ արդեն Փաշինյանը հեռախոսազրույց ունեցել էր Պուտինի հետ ու խոսել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում եղած զարգացումների մասին (այս հեռախոսազրույցը ժամանակագրորեն նախորդում է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին)։ Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, ըստ էության, ընթանում է Ռուսաստանի «բարձր հովանու ներքո»՝ հենց Հայաստանի խնդրանքով, ինչի մասին ժամանակին հայտարարել էր Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Հետեւաբար, տարրական տրամաբանությունը հուշում է՝ պարզապես հնարավոր չէ, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում, որը հնարավոր է՝ տեղի է ունեցել Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցից հետո, Էրդողանը գոնե մեկ տողով չանդրադառնար «հայկական թեմատիկային»։ 

• Ի դեպ, ժամանակին՝ հեռավոր 90-ականներին, երբ ինչ-որ հարցով Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սուլեյման Դեմիրելն են փորձել երկխոսել, Դեմիրելը հասկացրել է, որ եթե խոսելու, պայմանավորվելու հարց լինի, ապա նախքան Երեւանը ինքը կխոսի եւ կպայմանավորվի Մոսկվայի հետ (այլ կերպ ասած՝ Հայաստանի սյուզերենի հետ)։ 

• Եվ, ահա, այս հրապարակումն արդեն հաստատում է մեր կանխավարկածը, որ Պուտինն ու Էրդողանը «հայկական թեմատիկայի» մասին խոսել են։ 

• Դատելով հրապարակման «տոնայնությունից»՝ այն կարելի է ուղղակիորեն կապել այդ հեռախոսազրույցի հետ եւ համարել նույնիսկ դրան առնչված «արտահոսք»։ Այսինքն՝ հնարավոր է, որ Պուտինն ու Էրդողանը խոսել են «հայկական թեմատիկայի» մասին, եւ Էրդողանն ասել է, գուցեեւ արդեն քանիերորդ անգամ, որ ճիշտ կլիներ, եթե հանդիպումները կայանային Երեւանում կամ Անկարայում։ Նախկինում այս մասին խոսվել է, որ ՀՀ իշխանությունը խուսափում է ներքաղաքական արձագանքից, ինչի պատճառով Եվրոպայում են հանդիպում։

• Ինչու ենք մենք կարծում, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը Երեւանում կամ Անկարայում անցկացնելու հարցին Պուտինն ու Էրդողանն անդրադարձ ունեցել են։ Վերեւում արդեն նշեցինք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակում տեղի է ունեցել Ռուբինյան-Քըլըչ 4 հանդիպում, որոնցից մեկը՝ Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը բավականին բացասական վերաբերմունք ունի Արեւմուտքի՝ Հարավային Կովկասի գործերին ներգրավվածություն ունենալու փորձերի հանդեպ։ 

• Սա նկատի ունենալով՝ Մոսկվայի համար առնվազն մերժելի չի լինի, որ Երեւանի եւ Անկարայի ներկայացուցիչները հանդիպեն կա՛մ Երեւանում, կա՛մ Անկարայում։ Դա ուղղակիորեն կնշանակի Արեւմուտքի ներգրավվածության նվազեցում։ 

• Հասկանալով Ռուսաստանի մտադրությունները՝ Էրդողանը, ըստ էության, «ջուր կլցներ ռուսների ջրաղացին», եթե այս հարցին անդրադառնար։ Դա նաեւ որոշակիորեն կերաշխավորեր, որ գոնե հանուն այն բանի, որ տարածաշրջանում Արեւմուտքի ներգրավվածության փորձերը նվազեցվեին, Ռուսաստանը գուցեեւ հանձնառություն ստանձներ՝ որոշակիորեն ազդելու Երեւանի վրա, որպեսզի այլեւս հայացքը չհառեր Վիեննային եւ բավարարվեր հանդիպումները տանը՝ Երեւանում կամ Անկարայում անցկացնելու հեռանկարով։

• Նկատենք, որ Անկարան մեկ անգամ չէ, որ որոշ հարցեր լուծելու համար Հայաստանի հետ նաեւ ներկա փուլում խնդրում է, որ ռուսները գործադրեն Երեւանի վրա ունեցած լծակները։ Այդպես առնվազն մեկ կամ երկու դրվագի ականատես ենք եղել 44-օրյա պատերազմի օրերին։ 

• Սակայն Էրդողանն Էրդողան չէր լինի, եւ թուրքական դիվանագիտությունն էլ որակազրկված կլիներ, եթե այստեղ որոշակի խորամանկություն չբանեցվեր։ Ինչ նկատի ունենք։ Հրապարակման մեջ չի նշվում, թե թուրքական կողմն ում նկատի ունի «երրորդ երկրներ, ուժեր» ասելով։ Այսինքն՝ կիրառվում է մի ձեւակերպում, որը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ։ Եթե Մոսկվայում դա կարող են մեկնաբանել Արեւմուտքի մասով, ապա Արեւմուտքում էլ կարող են մեկնաբանել Ռուսաստանի մասով։ Այստեղ Անկարան բավականին լավ մանեւրում է։ Չմոռանանք, որ, անկախ ամեն ինչից, Թուրքիան Արեւմուտք է եւ մեր տարածաշրջանում ներկայացնում է հավաքական Արեւմուտքը կամ ՆԱՏՕ դաշինքը։ Ու որքան էլ ռուսների հետ «կրքոտ սիրավեպը» շարունակվում է, սակայն դեպի Արեւմուտք գնացող կամուրջներն ամենեւին այրված չեն։ 

• Եվ վերջապես, ի՞նչ է անելու Երեւանը։ Ըստ էության, Երեւանին քիչ բան կա անելու։ Ավելի կոնկրետ՝ քիչ բան է թողնվել անելու՝ միայն իրականացնել նախապես իր համար դրված դերը, ըստ «բեմականացման սցենարի»։ Սա որքան էլ ցավոտ, բայց դառը իրականություն է, որովհետեւ Երեւանը ոչ մի առումով ռեսուրս եւ կամք չունի ընդդիմանալու։ Գուցե նաեւ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նույնիսկ ցանկություն էլ չունի ընդդիմանալու։