Ընտրեցին խաղաղություն՝ ի դեմս Նիկոլի, իսկ իրականում՝ նոր պատերազմ

Ընտրեցին խաղաղություն՝ ի դեմս Նիկոլի, իսկ իրականում՝ նոր պատերազմ

Ընտրություններից առաջ զանազան՝ ռուսաստանյան, հայկական, ԱԱԾ, փակ եւ բաց սոցհարցումներով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ուներ հունիսի 20-ի փաստացի արդյունքներից գրեթե 2 անգամ պակաս ձայներ։ 

Գյումրի, Վանաձոր, Արթիկ, Վարդենիս քաղաքներում եւ այլ շրջաններում ընտրությունների օրը մարդիկ մոռացված զգացողություններ ունեցան՝ հին ու բարի ժամանակների նման մեծ բնակավայրերը հոսանքազրկվեցին, որոշ տեղերում ամբողջական թաղամասեր հոսանք ունեին, իսկ ընտրատեղամասերը հոսանքազրկված էին։ Դրանից բացի՝ վարչական ռեսուրսի կիրառում, շրջիկ խմբերի քվեարկություն, զինվորականներին ուղղորդելու փաստեր եւ այլ հիմքեր, որոնցով «Հայաստան» դաշինքը որոշել է դիմել Սահմանադրական դատարան։ Ընտրությունների արդյունքները չի ճանաչում նաեւ «5165» շարժումը, իսկ «Հայոց հայրենիքից» Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, երեկ մի քանի անգամ եթեր մտնելով՝ ասաց, որ տարբեր խախտումների մասին շատ կուսակցություններ դեռեւս լռում են, բայց բոլորն ունեն վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմ էր կեղծել, ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծի։ 

Շատերն անորոշ կասկածներ ունեն քվեաթերթիկների հետ կապված․ արդյոք բոլորին տրվե՞լ են բոլոր 26 քվեաթերթիկները (շատ կուսակցություններ ասում էին, որ տեղամասում իրենց համարը չկար կամ վերջացել էր, ոմանք նկատել էին, որ որոշ քվեաթերթիկների տրցակը մեծ է, որոշները՝ փոքր), արդյոք ՔՊ-ին մրցակից կուսակցությունների քվեաթերթերի հետեւում ջնջումներ ու թանաք չկայի՞ն, ինչը քվեաթերթն անվավեր կդարձներ։ Կամ՝ ի՞նչ էր լինելու չքվեարկված եւ չճմրթված մյուս քվեաթերթիկների հետ, որոնք մարդիկ գցում էին ավելորդ թերթիկների արկղը․ հնարավո՞ր է, որ դրանք հետո օգտագործվեին՝ ընտրատեղամասից հեռացվելուց հետո ներից «վերադարձվելով»։ Շատերն էլ չգիտեին ինչպես վարվել ընտրաթերթիկների հետ՝ ծալում էին, 2 հատ էին դնում ծրարում։ Գործընկերս ականատես էր եղել, որ ընտրատեղամասերում երկու քվեաթերթիկ ունեցող ծրարից հանվել էին 3 եւ 2 համարի թերթիկները՝ ՔՊ-ի ու ՀԱԿ-ի։ Իհարկե, հաշվել էին ՔՊ-ինը։

Հունիսի 20-ի ընտրություններին դիտորդություն անող «Խայադթա» դիտորդական կազմակերպության ղեկավար Լինա Եգանովան մեզ ասաց, որ առաջին անգամ է զբաղվում դիտորդությամբ, բայց այն, որ որոշ ընտրողների ասվել է, թե այսինչ համարը չկա՝ ընտրական խախտում է։ «Ես ունեմ բազմաթիվ դեպքեր, երբ վնասված քվեաթերթիկը հաշվել են հօգուտ ՔՊ-ի»։
Նույն կազմակերպության անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը երրորդ անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում, վստահեցրեց, որ այս քվեաթերթիկները լավագույնն էին, եւ արդյունքներն իրական են։ «Եկեք ուժ գտնենք եւ արձանագրենք, որ ՀՀ ազգաբնակչության հիմնական մասն այս կարծիքին է․ ինքը թքած ունի պատերազմի հետեւանքների վրա, իր մեռած էրեխու վրա»,- ասում է Գրիգորյանը։ Դիտարկմանը, թե ՔՊ-ական շրջանակներում անգամ լավագույնը 35 տոկոս քվե էր ակնկալվում, իրենց հարցումներով նույնիսկ երբեւէ 50 տոկոս չի արձանագրվել, ինչպե՞ս այդ արդյունքը գրանցվեց, Արմեն Գրիգորյանը նկատեց․ «Ճիշտ ես ասում։ Ես առավոտից խոսում եմ տարբեր մարդկանց հետ, որոնք բոլորը միաբերան ասում են, որ ընտրության արդյունքներն ընդհանրապես չեն բռնում բոլոր սոցհարցումների հետ՝ պաշտոնական, ոչ պաշտոնական, ես անգամ գիտեմ Կրեմլի հարցումների մասին, որոնցում բոլորն էլ այն տենդենցն էր, որ Քոչարյանը վերջին 10 օրում անցավ Նիկոլին։ Ու բոլորն ասում էին՝ 30-35-40։ Ու հիմա մարդիկ ինքնահրկիզվում են՝ ո՞նց սենց եղավ։ Գիտե՞ք ոնց սենց եղավ, չնայած որ Քոչարյանի ռեյտինգն աշխատեց։ Լիքը մարդ մուռ է հանել նախկիններից եւ առաջին հերթին՝ Քոչարյանից։ Հանկարծ Քոչարյանը հետ չգա, որովհետեւ «արյան գետեր են հեղվելու, մարդիկ են սպանվելու փողոցում, որովհետեւ Քոչարյանը թուրք ա ու մարդասպան։ Նիկոլի ձայների քանակը ոչ թե Նիկոլի կողմ է, այլ Քոչարյանի դեմ։ Այլ խոսքով՝ մարդիկ քվեարկեցին ոչ թե հանուն, այլ՝ ընդդեմ»։

Բայց չէ՞ որ դա կարող էր պարզ լինել նաեւ հարցումների ժամանակ։ Արմեն Գրիգորյանն ասում է․

«Չէ, քանի որ իրենք ամաչում էին։ Էդ մարդը չի ասում, որ Նիկոլի կողմն է, որովհետեւ ռեալ Նիկոլի կողմը չէ։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Նիկոլը դավաճան է, շիզոֆրենիկ է, դավաճանել է հայրենիքը, բանակը, էդքան էրեխու գլուխ է կերել։ Սաղ հասկանալով՝ չի կարող լինի Նիկոլի կողմը։ Բայց չի կարող լինի նաեւ Քոչարյանի կողմը։ Սրանք էն մարդիկ են, որ ասում են՝ չգիտեմ, ոչ մեկին չեմ վստահում։ Ու երբ նա քարոզարշավի վերջում էմոցիոնալ ֆոնը բարձրացրեց, նա ի՞նչ էր ասում՝ «հեսա նախկինները կգա՜ն»։ Նման մարդիկ, որ չէին պատրաստվում ընտրության գնալ, վախեցան, որ հեսա գալու է Քոչարյանը, բոլորին սկսի սպանել փողոցում։ Ընդ որում՝ անձամբ։ Գնացին, քվեարկեցին Նիկոլին կողմ, որ հանկարծ Քոչարյանը հետ չգա»։

Սա, ըստ Արմեն Գրիգորյանի, երկրորդ պատճառն է, իսկ առաջին ու ամենակարեւոր պատճառն այն է, որ Քոչարյանն ասոցացվեց պատերազմի հետ․ «Որովհետեւ Քոչարյանն ասում էր՝ մենք կվերադարձնենք Շուշին ու Հադրութը։ Ասում էր՝ մենք մեր հողերն էլ չենք տա։ Սա բոլորի մոտ ասոցացվեց պատերազմի հետ։ Ազգդ խորխած ունի որեւէ հողի վրա, ու բոլորից շատ՝ շուռնուխցիներն ու սյունեցիները, ում հողից որ թուրքերը կտրելու են-տանեն։ Դուք տեսե՞լ եք Մեղրիի թվերը։ Մարդիկ քվեարկեցին «խաղաղության» համար, որը Նիկոլն էր։ Գիտե՞ք ինչու․ Նիկոլն ասում է՝ չկրակեք, լավ, 6 հոգու էլ գերի տարան, լավ, մի հոգու էլ սպանեցին, մի 100 հոգու էլ տփեցին, ոչինչ, ջահել տղերք են․․․ Իրենք ընտրեցին խաղաղություն՝ ի դեմս Նիկոլի։ Այլ հարց է, որ իրենք իրականում ընտրում են նոր պատերազմ»։