Հայաստանի բնակչության 53 տոկոսը թուրք է

Հայաստանի բնակչության 53 տոկոսը թուրք է

«Ես հիմա չեմ կարողանում հասկանալ հայի մտածողությունը եւ հայ մարդուն՝ ընդհանրապես։ Մենք կորցրել ենք մեր գենետիկական մտածողությունն ու ազգային ինքնասիրությունը, ես գտնում եմ, որ հայ ժողովուրդն այլեւս գոյություն չունի։ Ալիեւը ճիշտ է ասում, որ մենք ժողովուրդ չենք, մենք ընդունակ չենք պետություն ունենալու»,-  մեզ հետ զրույցում ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի քվեարկության արդյունքներին, որոնց համաձայն՝ ինչպես կանխատեսվում էր, այս մարզը չմերժեց իշխող ուժին, ընդհակառակը՝ ամենաշատ ձայները տվեց։ Նա նաեւ հայտարարեց․ «Գրեք, որ ես հայտարարում եմ՝ Հայաստանի բնակչության 53 տոկոսը թուրք է»։

- Պարոն Հովհաննիսյան, սպասո՞ւմ էիք, որ Շուռնուխում եւս Փաշինյանը կհաղթի։

- Ընտրություններից մեկ օր առաջ ինքը 500-հազարական փող է տվել, ի՞նչ գիտեք՝ ինչի՞ համար է տվել։ Ես հայ ժողովրդին չեմ անվանում «ժողովուրդ», այլ՝ խավ, իրավունք էլ չունենք ազգ ունենալու։ Ժամանակին մի մեծ մտածող ասել է՝ հայն այլ պետության մեջ կարող է ինքնադրսեւորվել, իսկ սեփական պետություն ունենալ ունակ չէ։ Երեւի ճիշտ են ասում։

- Ընդունո՞ւմ եք այս ընտրության արդյունքները՝ կեղծված-չկեղծված լինելու առումով։

- Գիտեք, ես գտնում եմ, որ մի 10 տոկոս կեղծել են, եւ 43 տոկոս ժողովուրդը ձայն է տվել դավաճանին, կապիտուլյանտին։

- Ի՞նչ եք կարծում՝ դա ինչի՞ արդյունք է, նախկիններին չե՞ն սիրում, Փաշինյանի մե՞ջ են տեսնում փրկությունը։ Ինչո՞ւ պատերազմում պարտված ղեկավարին կրկին իշխանություն տվեցին։

- Ես չեմ կարող ասել․․․ Այն, որ Նիկոլ Փաշինյանին չեն սիրում, դա փաստ է, այն, որ նախկիններին էլ չեն սիրում, դա էլ է փաստ, այն, որ իրենք իրենց չեն սիրում, ինքնասիրություն չունեն, դա էլ է փաստ։ Այս փաստերը միավորվեցին, եւ արդյունքը դա եղավ։

- Այս ընտրություններում ո՞ւմ էիք սատարում։

- Ես աջակցել եմ «Հայաստան» դաշինքին։ Ես 3 տարի է՝ Նիկոլ Փաշինյանի դեմ եմ հանդես գալիս, քանի որ գիտեմ՝ ինքը կործանել է այս երկիրը եւ շարունակելու է կործանել։ Այն օրը, երբ Սյունիքում, Շուռնուխում, Վարդենիսում եւ Երեւանում թուրքը կմտնի եւ կկոտորի, այն  օրը, երբ  Մեղրու ճանապարհը կվերցնեն, այդ օրը թող ոչ ոք չմեղադրի մյուսին, բոլորն են մեղավոր, այդ թվում՝ 53 տոկոսը, որը ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Այդ 53 տոկոսը կործանեց Հայաստանի ապագան։

- ԱԺ անցած ընդդիմությունն այս պարագայում ի՞նչ պետք է անի։

- Եթե հիմա մանդատ չվերցնի, դա ճիշտ չի լինի, չեն հասկանա։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կապիտուլյացիայի ստորագրման ակտերը կնքել, այն ժամանակ ժողովուրդն իրական կտեսնի, որ ոչ թե նախկիններն են մեղավոր եղել, այդ ստերը, որոնք տարածում են, իրենք կտեսնեն, որ Նիկոլ Փաշինյանը հայոց հողը տալիս է թուրքին, այդ ժամանակ կարելի է երկու կուսակցություններով հրաժարվել, նոր ընտրություններ լինեն, եւ Նիկոլը տապալվի։ Առայժմ Նիկոլն իր մուրճով ավելի խելամիտ գտնվեց, քան հայ ժողովուրդը։

- Հայ ժողովուրդը չտեսա՞վ, որ Արցախի զգալի հատվածը կորցրինք, հազարավոր զոհեր ունեցանք։

- Չտեսավ, էլի, չտեսավ, որ Արցախ տվեց, չտեսավ, որ երեխաներ հաշմանդամներ դարձան, որ Սյունիքի  սարերը տվեց, Վարդենիսի սարերը, Զոդի ոսկու հանքը տվեց։ Չտեսավ, որ պարտվեցինք, ու դարձավ ոչինչ, որ 5 միլիարդ պետական պարտքն ավելացել է, որ հարկերը բարձրացել են։ Ոչ մի բան չտեսավ ժողովուրդը։

- Սյունեցիների հետ խոսե՞լ եք ընտրություններից հետո։

- Ոչ, ես հիմա արհամարհում եմ մարդկանց, թքած ունեմ իրենց վրա։ Ես հիասթափված եմ իմ ժողովրդից, ափսոսում եմ իմ կյանքը, իմ  ներդրածն այս ազգի համար։ Նորից եմ ասում՝ սա ազգ չէ, սա ժողովուրդ չէ։ Ինչպես եղել ենք 20-րդ դարի սկզբին, այնպես էլ հիմա եղանք՝ 21-րդ դարում։

- Այսինքն՝ պայքարից դո՞ւրս եք գալիս։

- Ես դեռ չգիտեմ՝ ինչ եմ անելու, ես չեմ ցանկանում այն ժողովրդի համար պայքարել, որը սեփական սպանդանոցն իր ձեռքով է կառուցում։ Այս ժողովուրդն արժանի չէ, որ իր համար պայքարեն։ Այս ժողովուրդը դարձել է հիմար, ժեխ, հաղթում է լոգիկա ունեցող մարդկանց։