Ամոթը. ամո՞թը…

Ամոթը. ամո՞թը…

Միջազգային իրավունքի մասնագետ, վերլուծաբան և հրապարակախոս Սերգեյ Կառնաուխովը դառնությամբ ու կարեկցանքով նկատել է. «Հայաստանը և հայերը շատ շուտ մոռացան ադրբեջանցիների հանցանքները, մոռացան, զոհված­ներին, գլխատված ծերերին, մոռացան կանանց և երեխաների նվաս­տացումները։ Ամոթ եմ զգում հայերի փոխարեն։ Սա Հայաստանի պատմության ամենից ամոթալի էջն է։ Ազգի խիղճը պահպանվել է շատ քիչ մարդկանց մեջ»: 
Եթե հարգելի Սերգեյ Կառնաուխովն աշխարհի տիրակալներին ու հայերին նաև բացատրեր, թե ինչ է ամոթը, ապա նրանք կհասկանային՝ արժե՞, արդյոք, ամոթ զգալ: Տիրակալներին թողնենք մի կողմ: Գուցե նա դա չանի՞, քանի որ, եթե գիտենար, որ հայերն այդքան խորությամբ չեն ուսում­նասիրել այդ երևույթը և լիարժեք պատկերացում չունեն դրա մասին (ըստ վերլու­ծաբանի՝ բա­ցառությամբ շատ քչերի), ապա ամոթանք չէր տա նրանց. «Ամոթ է զգում հայերի փո­խարեն»: Անշնորհակալ բան է, որևէ մեկի փոխարեն ինչ-որ բան զգալը: Երկ­րորդ, իսկ ամոթն ի՞նչ է, ընդհանրապես: Սարսափելի՞ է, նվաստացուցի՞չ է, արդյոք:

Օրինակ, հաճախ են հանդիպում աղբա­մանները «քուջուջ» անող մարդիկ: Ասում են, թե նրանց օրական եկամուտը 20-30 հազար դրամ է կազմում: Չհաշվենք ուրիշի փողերը, ուղղակի նշենք, որ պատգամավորի չափ ամսական եկամուտ ունեն: Միա­ժամանակ հիշենք՝ փողից «հոտ» չի գալիս: Հիմա, այս մարդիկ, արդյոք, ամո­թա­լի գործունեությամբ (իրավական կողմը դնելով մի կողմ. ապօրինի տնտեսական գոր­ծու­նեություն) ե՞ն զբաղված, թե՞ ոչ: Արարքն ինքնին ամոթալի է, բայց կախված է սուբ­­յեկտի որակից…,հետևաբար, ամոթալի չէ:

Համացանցից օգտվենք. Ամոթ հույզը նշանակալի տեղ է զբաղեցնում մարդ­­կային հարաբերութ­յուն­նե­րում, սակայն, ի տարբերություն զայրույթի և վախի, այդքան էլ խորացված ուսումնասիրված չէ։ Անշուշտ, այստեղ խոսքը վերա­բե­րում է գիտության կողմից ուսումնասիրված չլինելուն: Հիմա, այս ազնվա­գույն Կառնաուխովը գլխի չի ընկել, որ մինչ մարդկանց ամոթանք տալը, գուցե արժեր պար­զել, թե գիտությունը որտե՞ղ է հասել՝ «ամոթ» երևույթի ուսումնա­սի­րության բնագավառում:

Շարունակենք. Երկար ժամա­նակ զայրույթը և վախը գրավում էին հետազոտողների ուշադրությունը շնոր­հիվ այն բանի, որ ազդեցություն ունեին առանձին անհատ­նե­րի և մարդկանց մեծ խմբերի ինչպես նորմալ, այնպես էլ պա­թոլոգիկ վարքի վրա։ Միևնույն ժամանակ ամոթին քիչ ուշադրություն էր դարձվում, չնայած այն նույնպես նշա­նակալի ազ­դեցություն է ունենում հասարակական հարա­բերութ­յունների վրա։ 

Վերջին միտքը կասկածահարույց է: Իմպերատիվ ձևով կարելի է ասել՝ ոչ, նշանակալի ազդեցություն չի ունենում: Կարնաուխովի նշած «շատ քիչ մարդիկ» երբևէ եղանակ չեն ստեղծել հասարակություններում, հետևաբար, ասել, թե ամոթն էլ «ազդեցություն է ունե­նում հասարակական հարա­բերությունների վրա», այն էլ՝ նշանակալի, որևէ քննութ­յան չի դիմանում: Տարբերությունը հայ և մյուս հասարակությունների նրանում է, որ ուրիշներն ավելի զգայուն են իրենց ազգային արժանապատվության ոտնահարման հանդեպ, քան հայերը: Այստեղ կարելի է հա­մաձայնել վերլուծաբանի հետ, ասելով՝ բացառությամբ շատ քչերի, որոնք հատկապես ամոթի մեծ զգացում են ունենում, երբ հայի կողմից է ոտնահարվում իրենց ազգային արժանապատվությունը, քանզի մնացածի համար դա անհասկանալի մի բան է, ինչպես և ամոթի զգացումը:
Դրանում համոզվելու համար, բավական է էքսպրես-դիտարկում անել` սկսած իշ­խա­նական ինքնահավան դեմքերից, վերջաց­րած շրջապատող մարդկանց մեծ մասով, ամոթի նշույլ նկատելն անհնար է: Դրա փոխարեն, մարդիկ ան­համբեր սպա­­­սում են սահմանները բացվելուն, իբրև թե, աշխույժ առևտ­րատնտե­սական կա­պերի զարգացմանը, հայկական շուկաներում հատկապես ազե­րի առևտրա­կանների հայտնվելուն (քիչ չեն կարոտախտով տառապողները): Ավելին, հույս ունեն բարիդրացիական հա­րա­­­բերություններ հաս­տատել դրացի, բայց «ոչ այնքան բարեկամ» (եթե չասենք՝ թշնա­մի) հարևանների հետ: 

Նկատենք նաեւ, որ ամոթը չի գրավում հետազոտողների ուշադրությունն այն պատճառով, որ ազ­դե­­ցություն չունի առանձին անհատների և մարդկանց մեծ խմբերի ինչպես նորմալ, այնպես էլ պա­թոլոգիկ վարքի վրա։ Ֆինանսական բուրգեր, բանկերի կողմից իրենց հաճախորդների կեղեքման խորացում, աղքատների և հարուստների միջև ճեղքվածքի անդադար մեծացում և այսպես շարունակ: Այս ամենն ամոթի բացակայության հետևանքներն են: 

«Ամոթ» հասկացության տնտեսագիտական յուրօրինակ սահմանումը տրված է «Economics»-ում (Մաքքոնել և Բրյու), որտեղ, տնտեսական նպատակների շար­քում, դրանցից մեկն ան­վանվում է «Եկամուտների արդարացի բաշխում», ինչը ենթադրում է, որ քաղա­քացիների ոչ մի խումբ չպետք է գտնվի ծայրահեղ աղքատության մեջ, երբ մյուս քաղաքացիները լողում են շքեղության մեջ: Մեր՝ հայերիս պարագայում, թվում է թե, ասվածին կարող էր ավելանալ նաև հետևյալը. «քանի դեռ պետության ար­տաքին սպառ­նա­լիքները չեն մեղմվել կամ չեզոքացվել»: Այնպես չէ, որ Հայաստանի նման անվտանգային բարձր մակարդակի խոցելիություն ունեցող երկրում, նույնիսկ տեսականորեն, չպետք է լինեին մուլտիմիլիոնատերեր, ուղղակի ունենալով ամոթի որոշակի զգա­ցում, նրանք փորձում են այն մեղմել՝ բարեգործությունների, եկեղեցիներ կառու­ցելու, զանգվածային հանրային միջոցառումներ կազմակերպելու կամ ֆինան­սավորելու միջոցով: 

Ամոթը մի կապիտուլյացիայի պատմության մեջ

Ֆրանսիայի պատմական օրացույցում 1940 թվականի հունիսի 22-ը ողբեր­գական ամսաթիվ է: Այդ օրը Կոմպենյան անտառում ստորագրվեց զինադադար, որը նշանակում էր Ֆրանսիայի կապիտուլյացիա նացիստական Գերմանիայի առջև: 1871 թվականից ի վեր` երբ գերմանացիները մտան Փարիզ, իսկ իրենց թագավոր Վիլհելմին Վերսալում հռչակեցին գերմանական իմպերատոր, ֆրանսիա­ցիները չէին զգացել այդպիսի նվաստացում: 

Հիտլերի հրամանով, Փարիզի Ռազմական թանգարանից Կոմպյեն բերվեց այն նույն շտաբային վագոնը, որում 1918 թվականի նոյեմբերի 11-ին մարշալ Ֆերդինանդ Ֆոշը գերմանական հրամանատարության ներկայացուցիչներին թե­լադրեց կապիտուլյացիայի պայմանները, որով էլ ավարտվեց Առաջին համաշխար­հային պատերազմը: Այդպիսով՝ Ֆյուրերը վերախաղարկեց պատմությունը՝ Առաջին համաշ­խար­հային պատերազմում պարտությունը ջնջելու և ֆրանսիացիներին նվաստացնելու համար:

Ինչու՞ և ինչպե՞ս փլուզվեց Երրորդ հանրապետությունը (Ֆրանսիայի, իսկ Հայաստանի երրորդ հանրապետությու՞նը…)՝ նացիստական հարվածի արդյունքում: Ինչու՞ ֆրանսիական բանակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին համարվում էր լավագույնը Եվրոպայում, ջախջախվեց: Ինչպես ստացվեց, որ ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկից ընդամենը մեկ ամիս անց գերմանական զորքերը մտան Փարիզ: Փորձագետներն այս հարցերի պատասխանները գտել են երկու հարթութ­յունում՝ հասարակական-քաղաքական և ռազմա-ռազմավարական:

1940 թվականին Ֆրանսիայի սրընթաց պարտությունը դարձավ ագրեսորին գոհացնելու քաղաքականության հետևանքը, որը վարում էին Երրորդ հանրա­պե­տության կառավարությունների մեծ մասը՝ 1933 թվականին նացիստական ​​ռեժիմի հաստատումից ի վեր: Արիստիդ Բրիանի հետևորդներ՝ ֆրանսիական քաղաքական գործիչների պացիֆիստական գիտակցությունը, 1919 թվականին Գերմանիային չափից ավելի նվաստացնելու մեղավորության զգացումով տոգորված, թույլ չտվեց գնահատել նացիզմի և նրա ռեվանշիստական նկրտումների ողջ վտանգա­վորությունը: Այդ պատճառով էլ նրանք նախընտրեցին զիջողականությունից լկտիա­ցած Հիտլերի հետ փոխզիջման գնալու կործանարար ուղին:

Դեռևս 1930 թվականին, Ֆրանսիան, բարիդրացիական հարաբերությունների զարգացման հույսով դուրս բերեց զորքերը Հռենոս գետի գրավված ձախ ափից, որը հայտարարվել էր ապառազմականացված գոտի: Իսկ 1936 թվականի մարտին Հիտլերը միակողմանիորեն զորք մտցրեց Հռենոսյան մարզ: Միաժամանակ, անտեսելով Վերսալի արգելքները, Հիտլերն արագորեն վերստեղծեց և վերազինեց ցամաքային բանակը, օդուժը և նավատորմը: 1938 թվականի մարտին հաջորդեց Ավստրիայի անշլուզը. Ավստրիան միացվեց Գերմանիային: Այս ամենը տեղի էր ունենում Փարիզի և Լոնդոնի անհաղորդ լռությամբ կամ թոշնած առարկութ­յուն­ներով: 1938 թվականին, Մյունխենում, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էդուար Դալադյեն և բրիտանական վարչապետ Նեվիլ Չեմբեռլենը Չեխոսլովակիան հանձնեցին Հիտլերի պատառոտմանը:
Ֆրանսիական իշխող վերնախավի վարքը նացիստական Գերմանիայի առնչությամբ թողտվություն էր, որը ճակատագրական հետևանքներ ունեցավ Ֆրանսիայի համար:

Վերադառնալով Հայաստան

Վերոնշյալ հարցադրումները, կապված Ֆրանսիայի պարտության հետ, կարելի է վերաձևակերպել Հայաստանի առնչությամբ, սակայն իմաստ չունի: Ուղղակի, ասվածի խորապատկերին, ինչպե՞ս կարելի է բնութագրել հայկա­կան իշխող վերնախավի հետպատերազմյան վարքը: Թուրքիայից դրական ազդակների սպասումով և առանց ամոթի զգացողության:

Հ.Գ. Ջահերով երթի մասնակիցներից յուրաքանչյուրը իր հետ տանում էր Հայաստանի մարող հոգու մասնիկը: Ես չէի գնացել մինչև Եռաբլուր հասնելու մտադրությամբ` ուղեկցեցի մինչև Երևանյան լիճ: Ինձ հետաքրքրում էր Բագրատունյաց փողոցի երկու կողմերում երթին հետևողների արձագանքը. անհաղորդ, սառը, թոշնած… Իսկ հետո, լրահոսից տեղեկացանք, որ մայրաքաղաքի կենտրոնում հրավառություն է: Իսկ դուք ասում եք ամոթ…:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր