Ինչու է Փաշինյանը պատրաստ Ալիեւին զիջել ամեն ինչ, իսկ սեփական հասարակությանը` ոչինչ

Ինչու է Փաշինյանը պատրաստ Ալիեւին զիջել ամեն ինչ, իսկ սեփական հասարակությանը` ոչինչ

Իշխանությունից երեկ դժգոհում էին ձկնաբույծները, այսօր՝ ավտոներկրողները, վաղը բողոքի ցույցեր կանեն մսագործներն ու մսավաճառները, դրանից հետո չգիտես էլի ով, նայած թե ում գրպանին հերթական անգամ կորոշի կպնել իշխանությունը, ումից իշխանությունը կորոշի հավելյալ գումար պահանջել՝ ցույց տալու համար, թե ինչ հաջողակ են իրենք, քանի որ կարողանում են ահռելի բյուջե հավաքել: Մի բյուջե, որը ծառայում է ոչ թե հասարակությանը, հանրային խնդիրների լուծմանը, այլ իշխանության պահպանմանը, իշխող խմբի հարստացմանը:

Դեկտեմբերի 1-ից ավելի շատ փող կմուծեն ավտոներկրողները, դեկտեմբերի 6-ից իշխանությունը կմտնի մսագործների գրպանը, պատճառաբանությունն այն է, որ մտահոգված են հանրային առողջությամբ, կասկած կա, որ ոչ սանիտարական պայմաններում մորթված միսը կարող է կենդանիներին բնորոշ հիվանդությունները փոխանցել մարդկանց: Բոլորը հասկանում են, որ այս պատճառաբանությունը կեղծ է, նախ՝ որովհետեւ մինչեւ հիմա տեղական մսի սպառման հետեւանքով որեւէ մեկը չի թունավորվել եւ հիվանդացել: Ընդհակառակը՝ վտանգ կա, որ եթե կենդանիների մորթն իրականացվի սպանդանոցներում, հիվանդ կենդանին կարող է հիվանդությունը փոխանցել առողջին, եւ սպանդանոցից դուրս եկած ամբողջ միսը վարակված լինի: Բայց իշխանությունն այլ խնդիր է լուծում` պետք է որ յուրաքանչյուր կիլոգրամ մսից հարկ մուծվի, իսկ դա հնարավոր է, եթե մորթը կենտրոնացվի եւ դրվի հսկողության տակ: Միսը կթանկանա, ավելի քիչ թվով մարդիկ կկարողանան իրենց թույլ տալ թարմ միս գնել, երկրի բնակչության մի զգալի մասն ամիսներով թարմ միս չի ուտում, բայց իշխանությանը դա բացարձակ չի հետաքրքրում, որովհետեւ իրենց եկամուտներն ավելանում են անհամաչափորեն ավելի արագ, քան գների թանկացումն է, գների թանկացման արդյունքում առաջացող ավել գումարը վերահսկվում է իրենց կողմից: Նույնը վերաբերում է մեքենաների ներմուծման վրա նոր հարկ սահմանելուն, իրենց չի հետաքրքրում, որ դրա արդյունքում մեքենաները թանկանալու են, քանի որ իրենք մեքենա գնում են ոչ թե սեփական գրպանից, այլ հասարակության հաշվին՝ բյուջեի փողերից, որքան շատ փող է հավաքվում, այնքան իրենք ավելի շատ ու ավելի շքեղ մեքենաներ են օգտագործում: Դրա արդյունքն է, որ իշխանության հարկային լծից կեղեքվող գյուղացին քշում է 50-60 տարեկան խորհրդային «Ժիգուլի», իսկ իշխանության ներկայացուցիչները՝ եվրոպական, ամերիկյան կամ ճապոնական ավտոարտադրության վերջին նմուշները: Իշխանության տրամաբանությունը պարզ է`որքան հնարավոր է շատ փող հավաքել հասարակությունից, որքան հնարավոր է աղքատացնել մարդկանց, որ նրանք բացի հանապազօրյա հացի մասին մտածելուց, վարկային ու հարկային բեռի տակ ճռռալով, ուրիշ ոչնչով զբաղվելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ էներգիա ունենան: 

Իսկ ինչ են անում իշխանությունից կեղեքվողները: Նրանք բողոքում են, բայց հարցն այն է, թե ինչ նպատակ ունի նրանց բողոքը, ինչին է այն ուղղված: Նրանք բողոքում են կառավարության շենքի մոտ եւ խնդրում են` այո, այո, խնդրում են եւ ոչ թե պահանջում, որ կառավարությունն իրենց որոշ ժամանակ տա, հետո հավաքվում են նախագահականի մոտ եւ դարձյալ խնդրում, որ նախագահ կոչվող անձը չստորագրի խորհրդարանի ընդունած օրենքը: Տարօրինակն այն է, որ նրանք որեւէ պահանջ չեն ներկայացնում խորհրդարանին, որին իրենք ընտրել են, եւ որն ընդունել է իրենց կյանքը դժվարացնող օրենքները: Սա ցույց է տալիս, որ խորհրդարանը չունի որեւէ լեգիտիմություն, մարդիկ այն ընկալում են որպես գործադիր իշխանության կցորդ, ենթակա մարմին՝ գործադիր իշխանությունն ինչ որոշում է, խորհրդարանը տեղում սեղմում է «կողմ» կոճակները: Սա ամենավառ վկայությունն է նրա, որ երկրում չկա լեգիտիմ իշխանություն, հասարակությունը չի ընտրել այդ մարդկանց, այդ մարդիկ չեն ներկայացնում հասարակությանը:

Նրանք դիմում են Փաշինյանին կամ նրա նշանակած նախագահին, որպես ոչ թե իրենց ընտրյալի, այլ որպես թագավորի, խնդրելով ընդամենը բարեգութ լինել իրենց նկատմամբ, իրենց չզրկել օրվա հաց վաստակելու եւ ապրելու հնարավորությունից: Ճիշտ է՝ ասում են, որ մենք Փաշինյանին ենք ընտրել, բայց դա ասում են՝ նրա մոտ գութ արթնացնելու համար, ուզում են ասել՝ մենք քո հպատակներն ենք, ամենեւին քո թշնամիները չենք, եւ եթե դու մեզ բարի աչքով նայես, մենք կշարունակենք նույն հնազանդությամբ ծառայել եւ էլի քեզ կընտրենք:

Փաշինյանը չի լսելու իր հպատակներին եւ շարունակելու է նրանց անողոք շահագործումը եւ շարունակելու է հավաքել այնքան հարկեր, որքան ինքը ճիշտ կհամարի: Հասարակության աղքատացումը միանգամայն նրա շահերից է բխում, որովհետեւ որքան աղքատ են մարդիկ, այնքան նրանք հնազանդ են: Մարդիկ չեն հասկանում, որ երբ իրենք փորձում են շարժել Փաշինյանի գութը, նրան դարձնում են ավելի մեծամիտ եւ ինքնահավան, նա սկսում է հավատալ իր ամենակարողությանը եւ դառնում է անզիջում: 

Եթե ավելի պարզեցնենք իրավիճակը, ապա իշխանությունից դժգոհները իշխանությանն առաջարկում են բարտեր. ասում են՝ դուք մեզանից հավելյալ փող մի պահանջեք, դրա դիմաց մենք լոյալություն կդրսեւորենք իշխանության նկատմամբ: Իշխանությանն այդ գործարքը պետք չէ, քանի որ նրան փող է պետք, ոչ թե լոյալություն, իրենք իշխանության են եկել փող աշխատելու, ոչ թե հասարակության լոյալությունը շահելու համար: Իշխանությունը զիջման կգնա միայն այն դեպքում, երբ իրական վտանգ տեսնի, մտածի, որ չզիջելը կարող է հանգեցնել իշխանության կորստի, իրենց համար փողից ավելի կարեւոր է միայն իշխանությունը: Իսկ բողոքող խմբերն իշխանության համար որեւէ սպառնալիք չեն ներկայացնում, դրա համար էլ իշխանությունը չի գնա որեւէ զիջման, ավելի ու ավելի ուժեղացնելով հարկային ու ֆինանսական տեռորը: Ահա թե ինչու Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել Ալիեւին, իսկ սեփական հասարակության հետ հարաբերություններում դրսեւորում է մաքսիմում անզիջողականություն:

Ավետիս Բաբաջանյան