Ո՞վ է տապալել կոռուպցիայի դեմ պայքարը՝ Սասո՞ւնը, թե՞ Նիկոլը
Վերջին օրերի աղմկոտ հայտարարություններից էր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանի խոստովանությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ: «Չեմ համարում, որ Հայաստանում էսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի, Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել։ Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, այսինքն՝ բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք գնանք մեր գործերով զբաղվենք...»,- հայտարարել է Փաշինյանը՝ սլաքն ուղղելով Սասուն Խաչատրյանի կողմը։ Վերջինս դեռ երկուսուկես տարի առաջ հայտարարում էր՝ կա քաղաքական կամք եւ լայն հնարավորություններ ոչ թե իմիտացիայով զբաղվելու, այլ՝ գործով։ Օրենքներ ընդունեցին, բարձր աշխատավարձեր նշանակեցին, բայց դեռ չկա գործը, որը դատավճռի տեսք ստացած լինի։ Այսինքն՝ 30 տարի կա՛մ մեզանում կոռուպցիա չի եղել, կա՛մ դրա դեմ պայքարն է տապալվել: Եվ ինչպես այսօր Փաշինյանն է օդ տատանում` յուրայիններին մեղադրելով, նույնկերպ էլ ժամանակին Սերժ Սարգսյանն էր հաթաթա տալիս դատախազներին, քննիչներին:
Ինչպես Սերժ Սարգսյանը, Փաշինյանը եւս հակակոռուպցիոն մարմին ունի` կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, հետեւապես ինքն էլ է ոչ արդյունավետ պայքարի պատասխանատուներից։ Հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի վարչություն կա նաեւ արդարադատության նախարարությունում։ Բայց ի՞նչ են անում այս մարմինները՝ ոչ ոք չգիտի։ ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք նախկինում ակտիվորեն պայքարում էին կոռուպցիայի դեմ եւ բացահայտումներ էին անում, այսօր լռում են կամ փոխել են ոլորտը՝ ինչպես պատգամավոր Արտակ Մանուկյանը, ով ժամանակին բանակում, պետգնումների համակարգում կոռուպցիայի շուրջ աղմկոտ ուսումնասիրություններ էր անում։ Երբ դարձավ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, դադարեց այս թեմայով հարցերին պատասխանել, ասելով․ «Չգիտեմ, արդեն 5 տարի է՝ չեմ զբաղվում»։ Այսօր նա ԿԲ խորհրդի անդամ է եւ արդեն պատասխան ունի․ «Ես ԿԲ խորհրդի անդամ եմ, այդ թեմայով կարծիք/մեկնաբանություն չեմ կարող արտահայտել»։
Կան նաեւ կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ-ներ, որտեղ նույնպես կարկառուն «կոռուպցիագետներ» կան։ Օրինակ, Կարեն Զադոյանը։ Տարիներ ի վեր նա համակարգում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է, Iravaban.net կայքի հիմնադիրներից։ Բայց նա Սերժ Սարգսյանի ժամանակ էր կոռուպցիայի մասին ելույթներ ունենում, հիմա հակակոռուպցիոն անորոշ հայտարարություններ է անում` որեւէ բացահայտում կամ սուր ելույթ նրա ղեկավարած կառույցից չի հնչում: Օրերս էլ Զադոյանի Հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի պատճառների մասին հայտարարություն արեց՝ գովաբանելով Փաշինյանի վերջին հայտարարությունները` Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը «պատշաճ մակարդակում» չլինելու վերաբերյալ, միաժամանակ զգուշորեն հիշեցնելով, որ այդ պայքարում հարկավոր է համագործակցել նաեւ իրենց հետ, քանի որ
«Հակակոռուպցիոն կոմիտեն հանդիսանում է հակակոռուպցիոն համակարգի շղթայի ընդամենը մեկ օղակը»։
Որպես կոռուպցիայի աճի պատճառ՝ կոալիցիան իր հայտարարության մեջ նշում է այն, որ շարունակվում են կադրային նշանակումներ կատարվել յուրային եւ լոյալ լինելու սկզբունքով։ Նկատենք, որ նույն Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը, անցյալ ամիս Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր դարձավ, իսկ մինչ այդ ԲԴԽ անդամ էր։ Մի խոսքով` հայտարարության տեքստից հասկացվում է, որ կոալիցիան նեղացած է վարչապետից․ «Քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում խորությամբ եւ ամբողջ ծավալով հաշվի չեն առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փաստարկված կարծիքները եւ ներկայացված առաջարկությունները, որոնք ՀՀ վարչապետի բնորոշմամբ արժանանում են «ցրողական պատասխանների»»: Իսկ եթե Զադոյանի կառույցին լսեին, հակակոռուպցիոն պայքարն ամբողջական ու արդյունավետ կլիներ։
Կոռուպցիայի դեմ մերօրյա պայքարի մասին ի՞նչ կարծիքի է կոռուպցիայի դեմ պայքարի կարկառուն մարտիկ Վարուժան Հոկտանյանը, ով ՀՀ-ում ամենահայտնի ՀԿ-ի՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարն է։ Հոկտանյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, նաեւ ՄԱԿ-ի՝ կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-ամյակն է, ինչպեսեւ՝ ՀՀ առաջին հակակոռուպցիոն ռազմավարության 20-ամյակը։ Այդ օրն ինքը համապարփակ ելույթ կունենա, այսօր ընդամենը մի քանի հարցի պատասխանեց․
- Վարչապետը սլաքներն ուղղում է Սասուն Խաչատրյանի ուղղությամբ։ Ինչո՞ւ։
- Հայաստանում եթե սլաքն ուղղվում է մեկի դեմ, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Պարզ է, որ հակակոռուպցիոն պայքարը չի հաջողել։
- Վարչապետին կից գործող կառույցը պատասխանատու չէ՞ այս տապալումների համար։
- Դա վարչապետին կից կառույց չէ։ Դեռ 2004 թվականի հունիսի 1-ին ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ 2015 թվականին, երբ որ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, քանի որ նոր Սահմանադրությամբ մեծանալու էր վարչապետի դերը, խորհրդի նախագահը դարձավ վարչապետը։ Թավշյա հեղափոխությունից հետո՝ արդեն 2019 թվի հունիսին նորից վերակազմավորվեց ու սկսեց կոչվել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ։ Գործառույթները նույնն են։ Այդ խորհուրդն է հետեւում հակակոռուպցիոն քաղաքականությանը, ռազմավարությանը, միջոցառումներն ինչպես են կատարվում, մոնիթորինգ ու գնահատում են կատարում։
- Լավ, ժամանակը չէ՞, որ այս եւ մյուս մարմինները լուծարվեն, այդ ռազմավարությունները, ծրագրերը` բոլորն անարդյունավետ են։
- Չեմ ուզում փակագծեր բացել, դրանց ես կանդրադառնամ։
- Լավ, բայց առաջ գնացե՞լ ենք կոռուպցիայի դեմ պայքարում, թե՞ չէ։
- Դա գնահատելու համար պետք է հարցումներ լինեն։ Վերջին հարցումները, որոնց տեղյակ եմ, պարզվում է, այնքան էլ լավ արդյունքներ չունեն։ Կարեւորն այն է, թե հանրության (կոռուպցիայի) ընկալումը փոխվո՞ւմ է, թե՞ ոչ։ Սկզբում փոխվում էր։ Կային լուրջ սպասելիքներ, որոնք հիմա սառել են։ Սպասելիքները մեծ չեն։ Երեւի դրա համար ընկալումն ավելի չլավացավ։ Մի քիչ ավելի վատացավ անցյալ տարի, բայց, իհարկե, այնքան ցածր չէր, ինչ որ թավշյա հեղափոխությունից առաջ։ Վիճակագրությունը՝ այսքան մարդ բռնեցին, ձերբակալեցին, քանի հայտարարագիր ստուգվեց, ինչը ոչ կոռեկտ մեթոդ է, ոչինչ չի տալիս, դրանք ոչ կոռեկտ մեթոդներ են։ Տակը մնում է կոռուպցիայի ընկալումը։
- Սասուն Խաչատրյանի եղբորը վճռաբեկի դատավոր նշանակեցին։ Այսպիսի դեպքեր շատ կան, սրանք կոռուպցիոն երեւույթներ չե՞ն։
- Եթե վերցնենք մեր մոտեցումը, նման երեւույթները մենք կարող ենք կոռուպցիա հայտարարել, միայն եթե եղել են այլ, ավելի արժանի թեկնածուներ, բայց ընտրվել է ինքը։ Եթե հիշում եք, մրցույթ հայտարարվեց, եւ դե յուրե իրենից ավելի արժանի չգտան։ Դիմողներն ավելի քիչ արժանի էին։
- Բայց եթե մի իշխանություն հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքար է մղելու, նման բաները պետք է բացառվեին։
- Մոտեցումը հետեւյալն է՝ եթե ուզում եք բացառել կոռուպցիան, պետք է լինի արժանիքահեն ընտրություն։ Ես չունեմ փաստեր, որոնք կասեին, որ արժանիքահեն չի եղել ընտրությունը։ Բայց կարող է հակառակ կարծիք էլ լինի։ Գուցե երեւելիներ կային, որոնց չեն թողել մասնակցել, բայց զուտ ֆորմալ առումով նա եղել է ամենաարժանին եղածների մեջ։
ՀԳ․ Թե ինչքանով են արժանիքահեն իշխանության նշանակումները, տեսնում ենք ամեն քայլափոխին։ Իրավաբանը նշանակվում է առողջապահության նախարար, անգլերենի կրկնուսույցը՝ դեսպան, դատախազը ՄԻՊ է դառնում, ՄԻՊ-ը՝ հակահետախուզության պետ եւ այլն, եւ այլն։ Օրինակները շատ են ու տխուր։
Կարծիքներ