«Հրապարակ». Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել

«Հրապարակ». Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել

«Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալ՝ Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան Ներսեսյանը, հացադուլ են հայտարարել։ Առիթն այն է, որ նրանցից մեկին մերժել են տեղափոխել ավելի մեղմ ռեժիմի, դատարանները եւս չեն բավարարել դիմումը, դատապարտյալն անժամկետ հացադուլ է հայտարարել, մյուսները միացել են նրան։ 

Պահման ռեժիմների աստիճանական մեղմացման նոր կարգը սահմանվել է 2019-ին, երբ ուժի մեջ մտան Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունները, եւ սահմանվեց, որ ցմահ դատապարտյալը դրական վարքագիծ ունենալու դեպքում, 15 տարի պատիժը կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ռեժիմի, 18 տարի հետո` կիսաբաց ռեժիմի, իսկ առնվազն 20 տարի կրելուց հետո` բաց ուղղիչ հիմնարկ։ 

Օրենսդրական փոփոխությունը, սակայն, պրակտիկայում մեծ դժվարությամբ է կիրառվում։ Վերջին 4 տարում ռեժիմի փոփոխության մի քանի դեպք է եղել։ Ըստ ՔԿԾ հաղորդագրության, «Սեւան» ՔԿՀ-ում 2023-ին 2 նման դեպք է եղել։ «2 ցմահ դատապարտյալ է տեղափոխվել «հիմնարկի բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններից միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ, իսկ 3 ցմահ դատապարտյալ՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ»,- նշված է հացադուլի թեմայով հաղորդագրության մեջ։ 
Դատախազությունն առանձնակի դաժան վերաբերմունք ունի կալանավայրում 25 եւ ավելի տարի անցկացրած դատապարտյալների նկատմամբ: Մինչդեռ, ըստ վիճակագրության, հենց այս կատեգորիայում են ամենաքիչը հանդիպում կրկնահանցագործներ։ Վերջին տարիներին դատախազության` պատիժների նկատմամբ հսկողության վարչությունն ավանդույթ է դարձրել ռեժիմը փոխել, ապա վերադառնալ նախկին կոշտ պայմաններին։ Օրինակ, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի ռեժիմը մի քանի անգամ մեղմացրել են, ապա՝ խստացրել։ Անցյալ տարվա մայիսին, երբ դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Իսախանյանը երրորդ անգամ կասեցրեց Տեր-Սահակյանի պահման ռեժիմը մեղմացնելու մասին ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, նրա առողջական վիճակը վատացավ` մասամբ կորցրեց լսողությունը, ոտքը թուլացավ։ 

2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին դատախազությունը 5 ցմահների պահման ռեժիմների մեղմացման որոշումներ էր կասեցրել: Նրանցից երեքը 20 տարուց ավելի կալանավայրում է։ Նրանք էլ անժամկետ հացադուլ հայտարարեցին, ապա ծայրահեղ հյուծվելուց հետո դադարեցրին հացադուլը՝ արդյունքի չհասնելով։ 

Հացադուլավորներից մեկին` Արամ Պետրոսյանին, ով նստած է 2002-ից, նույնպես մի քանի անգամ մերժել են։ Պատճառաբանությունները որոշումից որոշում կրկնվում են՝ «հեռախոսի հայտնաբերում խուզարկության ժամանակ», «զազրախոսութուն», «սպորտային միջոցառումներին չմասնակցել»։ 2 տարի առաջ նա մեզ հետ զրույցում ասել էր. «Նախկինում կատարածը չի կարող բնութագրել մարդուն ներկայում: Վերահսկող դատախազները չունեն հոգեբանական կրթություն, նրանք չեն հետազոտում մարդուն` նրա մասին կարծիք հայտնելուց առաջ, կամ գոնե հանձնարարում այդ հետազոտությունը համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին: Վերահսկող դատախազի կարծիքները խիստ սուբյեկտիվ են եւ կողմնակալ»։ 

Ցմահ դատապարտյալներն ամեն ջանք գործադրում են` դրական բնութագրերի արժանանալու համար։ Արտակ Ալեքսանյանը ցուցահանդեսների ու սպորտային միջոցառումների է մասնակցել` 4-րդ տեղը գրավել: 7 գործ է ներկայացրել ցուցահանդես-վաճառքի, որոնցից 3-ը գնել են: Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանն անգամ բարեգործությամբ է զբաղվել` իր աշխատած գումարները նվիրաբերել է «Հայ» ասոցիացիային, որն անպտուղ կանանց օգնում է մայրանալ: Համարում է, որ ինքը կյանք է խլել, ուրեմն պետք է լրացնի այդ բացը։ Ապարդյուն։ 

Ուստի ցմահները ժամանակ առ ժամանակ դիմում են ծայրահեղ միջոցի` հացադուլի։ Բողոքներ են գրում տարբեր մարմիններին, բայց դրանք պտտվելով՝ վերադառնում են պատիժների օրինականությունը հսկող դատախազին։ Յուրաքանչյուր մերժում կամ ռեժիմի մեղմացման մասին որոշման չեղարկում մեծ տառապանք է պատճառում նրանց։ 
Ինչո՞ւ է կառավարությունը դժվարությամբ գնում ցմահների ռեժիմի փոփոխության՝ համարելով դա ռիսկային։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի կարծում, որ պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է։ Օրենքը գրել են, բայց չունեն այն կատարելու հնարավորություններ ու պայմաններ՝ կարծում է նա: «Չէի ուզի մտածել, որ քաղաքական է պատճառը։ Շատ վատ կլիներ, եթե այդպես լիներ։ Ի վերջո, մարդկային կյանքի հետ գործ ունենք։ Կարծում եմ՝ չեն կարողանում ապահովել համապատասխան պահման պայմաններ եւ չունեն նաեւ գնահատման լիարժեք հնարավորություն։ Միջոցները, գոյություն ունեցող թեստավորման ձեւերը հնարավորություն չեն տալիս ամբողջական աշխատելու։ Սա` մի կողմից, մյուս կողմից` չունեն բավականաչափ մասնագետներ։ Մարդու վարքագիծը գնահատելու հնարավորություն չկա։ Քրեակատարողական հիմնարկներում չկա զբաղմունք, չկա աշխատանք, եւ օբյեկտիվ իրականության մեջ մարդը չունի ինչ-որ պրոցեսների մասնակցելու ու դրսեւորվելու հնարավորություն։ Իհարկե, սա նրանց իրավունքի կոպիտ խախտում է»,- ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավարը։