Համայնքապետերին հայտարարված պատերազմը շարունակվում է

Համայնքապետերին հայտարարված պատերազմը շարունակվում է

Իշխանությունը շարունակում է համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, մեղադրանք առաջադրել նրանց, ստիպել, որ դիմում գրեն՝ հեռանան։ Օրերս եւս երկու համայնքապետի դեմ է քրեական գործ հարուցվել՝ Ճամբարակի եւ Պառավաքարի։ Հունիսի 30-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարին: Հաղորդագրության մեջ ասված է․ «ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության ընթացքում դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ՝ իր կողմից 2008թ. Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ։ Ավելին, 2019թ. նոյեմբերին՝ ամենամյա արձակուրդի մեկնելուց առաջ, համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել Ճամբարակի համայնքապետարան՝ խնդրելով իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը ճանաչել օրինական: Ճամբարակ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված շինությունը ճանաչվել է համայնքային սեփականություն եւ օրինական, ինչպես նաեւ  ավագանու 12․12․2019թ․ որոշմամբ՝ վերոնշյալ շինությունն ուղղակի վաճառքով տրամադրվել է համայնքի ղեկավարին: Այնուհետեւ վերջինիս պարտականությունները կատարող անձի 13․12․2019թ․ որոշմամբ՝ ինքնակամ կառույցը որոշվել է վաճառել համայնքի ղեկավարին։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»։ Մենք կապվեցինք Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի հետ՝ հարցնելով, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը։ Ադամյանը պատասխանեց, որ մեղադրանքը չի ընդունում, ապա նշեց, որ իրեն հարմար չէ խոսելը։ Հետագայում նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ «2017թ. հոկտեմբերի 23-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքի ղեկավարը կազմակերպել եւ անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառք՝ լոտի մեկնարկային գին սահմանելով էականորեն նվազ՝ 1.150.000 ՀՀ դրամ: Արդյունքում աճուրդով հաղթող է ճանաչվել վերջինիս եղբորորդին, որը 2017թ. հոկտեմբերի 23-ի դրությամբ փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը ձեռք է բերել 1.265.000 ՀՀ դրամով, որի արդյունքում համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս»։ Մեղադրանքից հասկացվում է, որ համայնքապետի եղբորորդին իրավունք չուներ մասնակցել աճուրդին։

Մենք կապվեցինք Պառավաքարի համայնքապետի հետ, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից։ Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Ա՜, 2 տարի ա՝ ինձ ուզում էին մեղադրանք առաջադրեին, ախպեր, ես մեղադրանքը չեմ ընդունում, ես ո՞նց կարամ դա ընդունեմ»,- ասաց Ռոլանդ Մարգարյանը։ Հարցրինք՝ բա ինչպե՞ս է ստացվել, որ աճուրդն իր եղբորորդին է շահել։ «Նա էլ ա գործարք արել, ուրիշներն էլ են արել, ի՞նչ կապ ունի։ Նա որ բարեկամ ա, իրավունք չունի՞ գնի, աճուրդում ինքն ա հաղթել»,- ասաց համայնքապետը՝ հորդորելով մյուս մանրամասները ճշտել քննչական մարմնից։