Մխիթարյանը պատրաստ կլինի ՉԼ եզրափակիչ խաղին

Մխիթարյանը պատրաստ կլինի ՉԼ եզրափակիչ խաղին

Միլանի «Ինտերի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Նրա վերականգնման գործընթացը հաջող է ընթանում: Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի 37-րդ տուրի խաղից (3-2) հետո միլանյան ակումբի ֆուտբոլիստները երկու հանգստյան օր են ստացել, սակայն 34-ամյահայ կիսապաշտպանը եկել է ակումբի մարզաբազա ու շարունակել վերականգնման գործընթացը՝ աշխատելով անհատական ծրագրով: Նա ձգտում է լավ մարզավիճակում ներկայանալ անգլիական թիմի դեմ խաղին:

Հիշեցնենք, որ իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Նրա մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն:

«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: