Արեւմուտքը՝ ընդդեմ շարքային ուկրաինացիների

Արեւմուտքը՝ ընդդեմ շարքային ուկրաինացիների

Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում ՌԴ-ի հաղթանակը դաշինքի պարտությունը կլինի, եւ կոչ էր արել թույլ չտալ դա։ Հետաքրքիր է՝ իսկ Ռուսաստանը կհամաձայնի՞ պարտության հեռանկարի հետ: Դա՝ մեկ, եւ երկու՝ փաստորեն ՆԱՏՕ-ի ԳՔ-ն խոստովանում է, որ պատերազմը մղվում է ոչ թե ՌԴ-ի ու Ուկրաինայի, այլ այդ կառույցի ու ՌԴ-ի միջեւ: Եվ երրորդ՝ ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է մինչեւ վերջ պատերազմելու ՌԴ-ի դեմ՝ միջոցների ընտրության հարցում խտրականություն չդնելով: Եվ եթե այո, ապա դա չի՞ նշանակում, որ ՌԴ-ին ամեն գնով պարտության մատնելու Արեւմուտքի ցանկությունն աշխարհը տանելու է դեպի միջուկային պատերազմ: 

Արեւմտյան երկրների ղեկավարները միաժամանակ հայտարարում են, որ պատերազմը կարող է կանգ առնել, եթե ՌԴ-ն հանի իր զորքերն Ուկրաինայի տարածքից: Բայց այսօր արդեն մոռացել են, որ նախորդ տարվա դեկտեմբերից ՌԴ նախագահը երկու անգամ փորձեց պայմանավորվել ԱՄՆ նախագահի հետ փոխադարձ անվտանգության համաձայնագրի շուրջ: Եվ դրա հիմքում ընկած էին Ուկրաինայի չեզոք մնալն ու ՆԱՏՕ-ի՝ դեպի Արեւելք չընդարձակվելու պայմանը: Մի բան, որի վերաբերյալ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ փոխադարձ համաձայնություն էր կայացվել Խորհրդային Միության կազմաքանդումից հետո: Բայց երկու անգամ էլ ՌԴ նախագահի ուղերձներն արհամարհական վերաբերմունքի արժանացան: Իսկ այսօր արդեն Արեւմուտքում ձայներ են հնչում, որ Ուկրաինան չպետք է ընդգրկվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում: Ու միաժամանակ, ինչպես ասվեց, պահանջում են ՌԴ բանակի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից:

Թե որքանով են ազնիվ արեւմտյան ղեկավարներն իրենց մղումներում՝ բացահայտվեց Ղրիմի կամրջի պայթեցման արձագանքներով: ՆԱՏՕ-ի ղեկավարը հրաժարվել էր կարծիք հայտնել ահաբեկչական այդ ակտի վերաբերյալ՝ մեկնաբանելու իրավունքը հասցեագրելով Կիեւին: Իսկ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն, օրինակ, ողջունել էր այն՝ շնորհավորելով գործողության հետեւում հավանաբար կանգնած ուկրաինական հատուկ ջոկատայիններին: Սլովակիայի ՆԳ նախարար Յարոսլավ Նադի կարծիքով՝ այն լավագույն ծննդյան նվերն էր Վլ. Պուտինին: Կամրջի պայթեցումը ողջունել էին նաեւ Լեհաստանում՝ էլ չասած Ուկրաինայի մասին: Դրա լուրն առնելով՝ շարքային ուկրաինացիներն ուրախացել էին եւ փողոցներում շնորհավորել միմյանց: Ի դեպ, հոկտեմբերի 8-ին, երբ պայթեցվեց Ղրիմի կամուրջը, Ֆեյսբուքում արձանագրել էի, որ դրա փիառ նշանակությունը բավական բարձր է, սակայն ռազմավարականը համարյա զրոյական է: Եվ ավելացրել, որ չնայած մինչ այդ կամուրջը պայթեցնելու սպառնալիք էր անընդհատ հնչեցվել Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկու կողմից, բայց դրա իրականացումը Զելենսկու մեծ սխալն էր: Արդյունքում, ինչպեսեւ կանխատեսել էի, տուժեցին ոչ միայն ուկրաինական՝ պատերազմի գծից հեռու գտնվող ենթակառուցվածքները, այլեւ խաղաղ բնակչությունը: 

Կամրջի պայթեցումից երկու օր անց ուկրաինական մարզկենտրոնների էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական կողմի հասցրած հրթիռային հարվածների արդյունքում համարյա բոլոր մարզկենտրոններում ու խոշոր քաղաքներում խափանվել է կանոնավոր էլեկտրամատակարարումը: Դրանք անցել են հովհարային անջատումների: Պաշտոնապես հայտարարվել է, որ հոկտեմբերի 11-ից Ուկրաինան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Խնդիրներ են առաջացել ջրի մատակարարումների եւ կապի առումով: Ձմռանը խնդիրներ են ծագելու նաեւ բազմաբնակարան շենքերի ջեռուցման առումով: Մինչ այդ, մի քանի ամիս դադարեցվել էին մայրաքաղաքի հրթիռակոծումները. հոկտեմբերի 10-ին հարվածներ են հասցվել նաեւ Կիեւին: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են (ամսի 12-ի դրությամբ) երկու տասնյակի չափ զոհերի եւ ավելի քան 100 վիրավորների մասին: Ի դեպ, տելեգրամ ալիքների կարճ տեսահոլովակներում անընդհատ լսվում է ուկրաինացիների հայհոյանքը: Այն, բնականաբար, ուղղված է ռուսական կողմին, թեեւ երբեմն հնչում է որպես անհասցե: Բայց ենթադրում եմ, որ շատ շուտով այն կփոխի հասցեականությունը՝ ուղղվելով ընդդեմ Վլ. Զելենսկու իշխանության: Հատկապես եթե պատերազմական իրավիճակն էլ չլինի այնպիսին, ինչպիսին փորձում են ներկայացնել նրա փիառ մասնագետները:

ՀԳ. Ինչ վերաբերում է կամրջին, ապա դրա վրայով երթեւեկությունը վերականգնվել է մաս-մաս. բեռնատարի պայթեցումից 10 ժամ անց վերականգնվել է չվնասված ավտոմոբիլային գոտին, 16 ժամ անց՝ երկաթգծայինը: Իսկ մեկ շաբաթ հետո վերականգնվելու է ավերված ավտոմոբիլային գոտին: