Արագածոտնի մարզպետը ոչ թե հերքում, այլ հաստատում է մեր լուրը

Արագածոտնի մարզպետը ոչ թե հերքում, այլ հաստատում է մեր լուրը

Շաբաթ օրը մենք լուր էինք հրապարակել, որտեղ գրել էինք․
«Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, ով ժամանակին ինքն իրեն գործուղումներ էր ուղարկում մարզի գյուղեր եւ հավելյալ գումարներ ստանում դրա դիմաց, ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները՝ միասին վերցրած: Մարզից ստացած տեղեկատվությամբ, նա օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը եւ մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով։ Մինչդեռ մարզից 7-8 ավտոբուս է կիսադատարկ մեկնել Արցախ՝ տեղափոխելով խաղերի մասնակիցներին: Երեկ փողոցներում ակցիաներ անող մարզպետներն այնքան են հոռացել այս ընթացքում, որ այլեւս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում։ Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանապարհին էլ շփվեր նրանց հետ։ Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղերի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց ե՛ւ գումար, ե՛ւ բենզին ստանալով: Մենք դիմեցինք Արագածոտնի մարզպետական, որ պարզենք՝ հունվար-օգոստոս ամիսներին քանի՞ անգամ է գործուղման մեկնել մարզպետը, ի՞նչ գործուղումներ են եղել դրանք, ո՞ր երկրներ, որքա՞ն գումար եւ բենզին է հատկացվել, եւ կոնկրետ համահայկական խաղերին մասնակցությունն ի՞նչ է նստել մարզպետարանի վրա, բայց մեզ ասացին, որ մեր հարցերին արագ պատասխանել չեն կարող։ Սպասում ենք պատասխանին»։

Նույն օրը Արագածոտնի մարզպետը մի ուլտիմատում պարունակող տեքստ է հրապարակել, որտեղ գրել է․
«Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղեւորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան եւ Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների եւ մարզի պատվիրակությունները: Մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ոչ թե 7-8 ավտոբուս, այն էլ կիսադատարկ, այլ 1 ավտոբուս՝ Աշտարակ համայնքը ներկայացնող մասնակիցների, եւ 3 միկրոավտոբուսներ՝ Ապարան, Արագածավան եւ Ծաղկահովիտ համայնքների մասնակիցների:  Նշված տրանսպորտային միջոցները ուղեւորվել են նստատեղերի ամբողջական հագեցվածությամբ, այնտեղ ազատ նստատեղեր չեն եղել (դրանցով տեղափոխվել են նաեւ մարզիկների համար նախատեսված մարզահագուստները, հեծանիվներ եւ այլ սպորտային պարագաներ): Թալին համայնքի այցը Արցախ, Համակայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ, կազմակերպվել է մարզի մյուս համայնքներից առանձին եւ այլ ժամանակացույցով: Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են մարզպետարանները՝ մարզպետների անմիջական համակարգմամբ, եւ առնվազն տարօրինակ կլիներ մարզպետի բացակայությունը մարզի պատվիրակության կազմում: Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել, եւ Արագածոտնի մարզպետը ստացել է օգոստոսի համար իրեն հասանելիք վառելիքը: Մարզպետի այցը Արցախի Հանրապետություն կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Ասվածից հետեւում է, որ գործուղումը բնավ «թանկարժեք» բնույթ չի կրել: Մարզպետի գործուղման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար աշխատանքային շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրվա ավարտից կարճ ժամանակ առաջ լրատվականը դիմել է մարզպետարան: Մարզպետարանը չի զլացել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, ավելին պատրաստակամություն է հայտնել հարցումը ստանալուն պես սահմանված ժամկետում պաշտոնապես պատասխանել դրան: Հրապարակ լրատվականին եւ նյութը տարածած մյուս լրատվականներին հայտնում ենք, որ «մարզից ստացած» տեղեկատվությունը թյուր է, ստահոդ եւ իրականությանը չի համապատասխանում»:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե մարզպետն ամբողջությամբ հերքել է մեր հրապարակումը եւ միանգամայն իրավացի է իր վրդովմունքի մեջ։ Միայն լրագրողական աշխատանքով զբաղվող մարդիկ եւ շատ ուշադիր ընթերցողները կնկատեն, որ սա հերքում է, բայց հերքման տարրեր չի պարունակում, քանի որ նախ․
1. Մարզպետն, ըստ էության հաստատում է այն փաստը, որ Արցախ՝ խաղերի բացմանն է մեկնել իր  PRADO մեքենայով, այլ ոչ թե մարզից Արցախ մեկնող մեքենաներով։
2. Չի հերքում, որ իր օրոք մարզպետի մեքենանք ստանում է նախորդ բոլոր մարզպետների ժամանակ տրամադրվող քանակից ավելի բենզին։
3. Չի հերքում, որ ինքը մի կարճ ժամանակով մասնակցել է բացման արարողությանը եւ անգամ պաշտոնական ընթրիքին հրավիրված չի եղել, ուստի Արցախ հասնելու իմաստն էլ առանձնապես չկար։
4. Չի հերքում, որ մենք կապվել ենք մարզպետարան եւ հարցադրումներ արել, ավելին՝ խոսել ենք մի քանի պատասխանատուների հետ եւ մի քանի անգամ, փորձելով ճշտել՝ ինչ գործողումների է մեկնում մարզպետը եւ ինչքան բենզին է ծախսում, բայց պատասխաններ չենք ստացել եւ լուրի վերջում գրել ենք՝ «սպասում ենք պատասխանի»։
Միակ ճշմարտությունն այդ հերքման մեջ այն է, որ մարզպետի ազգանունը սխալ է գրվել՝ Գեւորգյանի փոխարեն գրվել է Գրիգորյան, ինչն, անշուշտ աններելի է։

ՀԳ Կեղծ հերքումներ տարածելով, մամուլի միջոցների նկատմամբ շանտաժ անելով ոչ մի լավ բանի չեք հասնի՝ ոչ ձեր չարածը արածի տեղ կանցկացնեք, ոչ լրագրողների «բերանը կփակեք», ոչ էլ տպավորություն կստեղծեք, թե դուք նախկին համեստ քայլողներն եք, որոնք իշխանության են եկել երկիրը շենացնելու, այլ ոչ թե իշխանական արտոնությունները վայելելու համար։