Մարդասեր ու մեծահոգի

Մարդասեր ու մեծահոգի

Փորձենք մեզանում կատարվող գործընթացներին նայել այլ տեսանկյունից։ Ասենք, միջնադարում մարդկանց, ում կասկածում էին քրմերը կամ իշխանները, այրում էին խարույկի վրա։ Մեղադրում էին կախարդ լինելու, չար ուժերի հետ կապի, թշնամու օգտին լրտեսության մեջ եւ այրում։ 19-րդ դարում դաժանաբար հալածում էին այլախոհներին, որոնք պետության առաջին դեմքերի կամ կառավարման կարգի դեմ էին հանդգնում ընդվզել։ Օրինակ՝ դեկաբրիստներին աքսորում էին Սիբիր, իսկ 18-րդ դարում Ֆրանսիայում՝ ֆրանսիական մեծ հեղափոխության եւ հետագա տարիներին, զոհվել է Ֆրանսիայի բնակչության 7,5%-ը՝ մի քանի միլիոն մարդ։ Մասսայական մահապատիժներ են իրականացվել՝ գիլյոտինի եւ կախաղանի միջոցով։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղաքական դրդապատճառներով ՍՍՀՄ-ում գնդակահարվել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 372 հազար 382 մարդ։

Այնպես որ, այս ֆոնին ի՞նչ է մի Վանաձորի, Գորիսի կամ Վարդենիսի քաղաքապետերի կամ թեկնածուների կալանավորումը։ Կարող ենք նույնիսկ դիֆերամբներ հնչեցնել մեր բարի ու մեղմ «դիկտատորի» հասցեին՝ նման մարդասիրական մոտեցման համար։ Մանավանդ՝ հաստատ բանտում վերջիններիս եղունգները չեն քաշում, շիկացած երկաթով չեն այրում, մատների մեջ ասեղներ չեն խրում՝ ցուցմունքներ կորզելու համար։ Ընդամենը պատանդ են վերցրել՝ պահանջելով հրաժարվել այն փոքրիկ իշխանությունից, որը մարդիկ ստացել են առաջադրվելու եւ ընտրվելու արդյունքում։ Բա իշխանությունն այդպե՞ս են խլում՝ մարդկության պատմության ընթացքում իշխանության համար թունավորել են, գլխատել, սրախողխող արել։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը իր ենթակա ուսապարկերի միջոցով անվստահություն է հայտնում, քրեական գործեր սարքում ու կալանավորում։ Հիրավի մեծ մարդասեր եւ պետականամետ անձնավորություն։