«Հրապարակ». Ոչ մի համաներում` ես արդարացվելու եմ

«Հրապարակ». Ոչ մի համաներում` ես արդարացվելու եմ

Մի քանի ամիս առաջ «Համախմբում» շարժման անդամ, «5165 շարժման» համահիմնադիր, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի դեմ մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, կոռուպցիոն սխեմայի մեջ լինելու, հովանավորչությամբ զբաղվելու հատկանիշներով, ինչի հետեւանքով ԵՊՀ-ին պատճառվել է 5,7 միլիոն դրամի վնաս։  

Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա Մենուա Սողոմոնյանը պնդում է, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ հարուցված քրեական գործը շինծու է։ «Ես հիմա էլ եմ այդպես ասում, որովհետեւ չէր կարող նման բան լինել, ես դրա մասին երկար խոսել եմ»։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2016թ. մայիսին ԵՊՀ հյուրերի նորակառույց տան համար հայտարարված գնման մրցույթին, որի արդյունքում, ըստ հարուցված քրեական գործի, մատակարարող կազմակերպությունը, այդ թվում՝ Մ․ Սողոմոնյանը, 5.7 միլիոնի չափ գումար է աշխատել։ Ի՞նչ վիճակում է այժմ գործը։ «Հիմա գործը դատարանում է, նախնական դատալսումներ են եղել, սեպտեմբերի մեջ էլի կլինի դատական նիստ, էլի հնարավորություն կար, որպեսզի համաներման հիմքով կարճվի գործը, եւ իմ նկատմամբ դադարեցվի հետապնդումը, բայց ես նախնական դատալսումների ժամանակ հայտարարել եմ, որ՝ ոչ, պետք է ամբողջական դատական պրոցեսն ընթանա, եւ ես արդարացվելու եմ»,- համոզմունք հայտնեց Սողոմոնյանը։