GIZ-ի իրավական ծրագիրը վաղուց չի գործում. Կարեն Անդրեասյանը նոր գործընկեր ունի

GIZ-ի իրավական ծրագիրը վաղուց չի գործում. Կարեն Անդրեասյանը նոր գործընկեր ունի

Միջազգային համագործակցության հայտնի ընկերությունը՝ գերմանական GIZ կազմակերպությունը, որը տարիներ շարունակ Հայաստանում զբաղվում էր դատաիրավական բարեփոխումներով, այժմ փոխարինվել է մեկ այլ գերմանական կազմակերպությամբ՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամով՝ IRZ, որն էլ իրավական հարցերով համագործակցելու է ՀՀ կառավարության հետ:   

Այս կազմակերպության ներկայացուցչին՝ հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին, երեկ ընդունել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Այս առիթով տարածված հաղորդագրության վերնագիրը՝ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կարեւորում է Հայաստանում մեկնարկած դատաիրավական բարեփոխումները», թերի է: Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում մեկնարկել են ոչ թե հիմա, այլ դեռ 2005-2006 թվականներին՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի օրոք, եթե չասենք՝ ավելի վաղ՝ Եվրախորհրդին Հայաստանի անդամագրվելու շրջանում (2000-2001 թվականներին): Ինչո՞ւ է հենց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ ուզում աշխատել արդարադատության նախարար Անդրեասյանը: 

Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելիքյանը «Հրապարակին» պարզաբանում է, որ առայժմ քննարկում են, թե ինչ ծրագրերի շուրջ կարող են համագործակցել:  «Մենք երեկ հրավիրել ենք IRZ-ի ներկայացուցչին՝ այդ կազմակերպության հետ համագործակցության եզրեր գտնելու նպատակով, քննարկել ենք, թե ինչ ծրագրեր կան, եւ այլն: GIZ-ը միջազգային համագործակցության ընկերությունն է, որը տարբեր ծրագրեր է իրականացնում»,- ասաց խոսնակը: Արդյոք արդարադատության նախարարությունը շարունակո՞ւմ է համագործակցել GIZ-ի հետ, նա տեղյակ չէ: «Այս պահի դրությամբ ես չունեմ ինֆորմացիա, թե Հայաստանում GIZ-ն ինչ ծրագրեր է իրականացնում»,- ասում է նա: 

Սա առնվազն զարմանալի է: Գերմանիայի կառավարության համագործակցության եւ զարգացման ծրագրեր կատարող GIZ-ն այս պահին էլ է աշխատում ՀՀ կառավարության հետ՝ փոքր ձեռներեցության, նորարարության խթանման, կրթության, ֆինանսների, այլ ոլորտներում, բայց ոչ արդարադատության: Դատաիրավական ոլորտում համագործակցություն այլեւս չկա: Ինչո՞ւ: Մեր այս եւ մյուս հարցերին պատասխանեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը մոտ 20 տարի աշխատել է Միջազգային համագործակցության ընկերությունում:  

- 2020 թվականի ապրիլի 1-ից GIZ-ի իրավական ծրագիրը դադարել է գործելուց, որովհետեւ Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել, որ դադարեցնում է իրավական ծրագրերն ամբողջ Հարավային Կովկասում: Այսինքն՝ այդ որոշումը չէր վերաբերում միայն Հայաստանին, այլ վերաբերում էր նաեւ Ադրբեջանին եւ փոքր վերապահումով՝ նաեւ Վրաստանին: Վրաստանում մի 6 ամիս ավելի երկար շարունակվեց, որովհետեւ այնտեղ ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր կար: Դա էլ ավարտեցին, եւ Վրաստանում եւս փակվեց: Բայց GIZ-ը՝ որպես կազմակերպություն, այլ ծրագրեր իրականացնում է Հայաստանում։

- Իսկ ինչի՞ հետ էր կապված ՀՀ-ում փակվելու որոշումը: 

- Դա կապված էր իրենց ընդհանուր քաղաքականության հետ: Դեռ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը չէր փոխվել, GIZ-ը ցանկանում էր հնարավորինս քիչ միջոցներ ծախսել մեր տիպի երկրներում եւ հիմնական ուշադրությունը դարձնել Աֆրիկային: Մեր դեմ ուղղված քայլ չէր: Իրավական հատուկ ծրագիր GIZ-ը հիմա միայն Միջին Ասիայում է իրականացնում:

- Մի ժամանակ մամուլում գրվում էր, որ GIZ-ը նաեւ մեր Ընտրական օրենսգրքի ստեղծմանն է մասնակցել: Դա ճի՞շտ է: 

 - Ամեն ինչով էլ զբաղվել ենք՝ հանրային իրավունքի ոլորտով, վարչական իրավունքն ենք ըստ էության զրոյից ստեղծել, սահմանադրական իրավունքով ենք զբաղվել, Սահմանադրությամբ, բայց Ընտրական օրենսգրքով չենք զբաղվել: Ես՝ որպես մասնագետ, զբաղվել եմ, բայց ոչ որպես GIZ-ի ներկայացուցիչ: 

ՀԳ․ Վարդան Պողոսյանը նշեց նաեւ, որ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը՝ IRZ-ն, նոր կազմակերպություն չէ, այլ մի 5-6 տարի աշխատել է Հայաստանում: «Ունեն գրասենյակ, լավ մասնագետներ են հրավիրում, բայց GIZ-ի համեմատ իրենք փոքր ծրագրեր էին իրականացնում, հիմնականում քրեաիրավական ոլորտում, որին GIZ-ը չէր անդրադառնում: Կարծում եմ, որ իմաստալից է, որ այս կառավարությունն ընդունում է, որ ինչ-որ հարցերում խորհրդատվության կարիք ունի, որ լրիվ անհեթեթ իրավիճակներում չհայտնվի»,- կառավարության իրավական ոչ պրոֆեսիոնալության մասին է ակնարկում հայտնի իրավաբանը: