60 միլիոն վարկի, «Բիլայնը» ձեռք բերելու և «Յուքոմի» հետ աշխատելու մասին․ Ալեքսանդր Եսայան

60 միլիոն վարկի, «Բիլայնը» ձեռք բերելու և «Յուքոմի» հետ աշխատելու մասին․ Ալեքսանդր Եսայան
Ալեքսանդր Եսայան

«Յուքոմից» առանձնանալուց հետո Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները ստեղծեցին «Թիմ» ընկերությունը, և վարկային միջոցներ ներգրավելով՝ նոր օպերատոր ստեղծեցին Հայաստանում։ Դեռ նոր ստեղծված նրանք հայտարարեցին, որ բանակցություններ են վարում «Բիլայն» ընկերության հետ՝ այն գնելու համար։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրեց այդ գործարքը։ Իսկ այդ գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի հարցը պետք էր լուծել վարկ ստանալու ճանապարհով եւ տեղեկացանք, որ «Թիմը» բանակցում է «Արդշինբանկի» հետ, որպեսզի կարողանա ձեռք բերել Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշով ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Միավորման արդյունքում նոր բջջային և ինտերնետային օպերատոր կստեղծվի, որը կդառնա «Յուքոմի» և «Վիվա Սելի» մրցակիցը Հայաստանում։

Մամուլում գրվել էր, որ խոսքը 60 մլն դոլար վարկի մասին է, որի միանվագ տրամադրումը, ասում են, ԿԲ-ի սահմանած նորմատիվների խախտում է՝ հաշվի առնելով մեկ վարկառուի գծով ռիսկայնությունը։ Մեր աղբյուրներն էլ հավատացնում են, որ «Թիմ» ընկերության վարկը «Արդշինբանկը» մերժել է, քանի որ բաժնետերերի մասով ինչ-որ կասկածներ է ունեցել, օֆշորում գրանցված ինչ-որ փայատերերի հետ կապված։

Ընկերության հիմնադիր Ալեքսանդր Եսայանը, սակայն, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ բանկը դեռ վարկը չի տրամադրել, բայց գործարքը ընթացքի մեջ է։

-«Արդշինբանկի՞ց» էիք վարկ վերցնում։

-Տարբեր բանկերից, բայց մենք դրա մասին չենք հրապարակում ինֆորմացիա։

-Պարզապես տեղեկություն կա, որ այդ 60 մլն դոլարի վարկի տրամադրումը չի ստացվում, բանկը մերժել է։

-Չէ, սխալ է այդ տեղեկությունը։

-Այսինքն՝ տրամադրե՞լ են վարկը։

-Ես ասում եմ, որ չեն մերժել, ավել բան Ձեզ չեմ ասում, որովհետև գործարքը չի վերջացել, երբ գործարքը վերջանա, էդ ժամանակ էն գումարը տալիս, էլի։

-Ասում են՝ «Թիմ» ընկերության բաժնետերերի հետ է կապված խնդիրը, բոլոր բաժնետերերը հայտնի՞ են։

Եսայան Հայկ, Եսայան Ալեքսանդր։ Դուք կարող եք անգամ բացել պետռեսգիտրում ստուգել՝ ովքեր են բաժնետերերը, էնտեղ երևում է։ Որպեսզի հստակ լինի, նորից եմ նշում՝ «Թիմ» ընկերության բաժնետերերն են Եսայան Հայկը և Եսայան Ալեքսանդրը, և «Թիմ» ընկերությունը հիմա գործըթնացի մեջ է՝ գնելու «Բիլայն» ընկերությունը։ Հիմա էլ ընթանում են գործարքի բանակցությունները, որոնք վերջնական փուլում են, մենք բոլոր թույլտվություններն ստացել ենք թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, թե՛ ՏՄՊՊՀ-ից, հիմա վերջնական փուլում ենք թղթաբանության առումով։

-Հիմա նո՞ր բրենդ է ձևավորվելու այդ միավորման արդյունքում։

-Այո, ճիշտն ասած, որի մասին անպայման առանձին թե՛ ասուլիսով, թե՛ կարող է Ձեզ առանձին հարցազրույցով կներկայացնենք։

-Այսինքն՝ մենք Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշ չենք ունենա, կունենանք մի նոր անունով օպերատոր, ճի՞շտ հասկացա։

-Այո։

-Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կազդի նոր ընկերության ձևավավորումը մրցակցության վրա, քանի որ, ըստ էության, նոր օպերատոր չի ավելանալու, այլ երկուսը մեկում են միավորվելու։

-Հիմա տեսեք, «Արմենթելը» գնեց «Բիլայնը», բայց ոչ մի բան չսարքեց։ Հիմա մենք գնում ենք «Բիլայնը» ու նպատակ ունենք զարգացնել։ Մեր փորձով էս տարիներին, ինձ թվում է, մենք կարողանում ենք ապացուցել, որ բիզնեսից հասկանում ենք ու հասկանում ենք լավ իմաստով, այսինքն՝ կկարողանանք այնպես կառավարել, որ թե՛ շահի բաժանորդը, թե՛ շահենք մենք։ Իհարկե, մեր բոլոր գաղափարներն ու ուղղությունն է հենց զարգացնել ընկերությունը ու զարգացնել էն ծառայությունները, որ էսօր առկա են։ Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ շատ լավ պլաններ կան, որոնց մասին անպայման կխոսենք ու կպատմենք, որը նաև շատ կոգևորի բաժանորդներին։

-Հիմա Դուք ե՞րբ եք կանխատեսում, որ գործարքը կավարտվի՝ թե՛ վարկի տրամադրման մասով, թե՛ «Բիլայնը» գնելու։

-Վարկի տրամադրման մասով, ասում եմ, ընդհանրապես հարց չկա, մենք էդտեղ ընդհանրապես խնդիր չունենք։

-Այսինքն՝ այդ 60 մլն դոլարի վարկը անպայման կտրամադրվի։

-60 միլիոն թիվը որտեղի՞ց եք վերցրել, մենք նման թիվ երբևէ չենք ասել, 60 միլիոն չի՝ նախևառաջ գումարը, դա կոմերցիոն գաղտնիք է, էդ թիվը չեմ հնչեցնի։

-Դե օրինակ, Դավիթ Խաժակյանն էր հնչեցրել այդ թիվը։

-Դավիթ Խաժակյանին պետք է հարցնել՝ ինքը որտեղի՞ց գիտի մեր կոմերցիոն գործարքի մաիսն որևէ ինֆորմացիա, որը մենք երբեք չենք հրապարակել։ Ես էսպես կարող եմ ֆիքսել, որ նման թիվ գոյություն չունի։

-Այսինքն՝ ավելի բա՞րձր է այդ թիվը, թե՞ ավելի ցածր։

-Չեմ ասի հիմա, որովհետև ասացի՝ կոմերցիոն գաղտնիք է, բայց ուզում եմ ասել՝ դա ճիշտ ինֆորմացիա չի։ Ինչ վերաբերում է «Բիլայնի» հետ գործարքի օրվան, ես կդժվարանամ հիմա Ձեզ օր ասել, բայց վերջին փուլում է։

-«Յուքոմի» հետ ինչպե՞ս եք աշխատելու՝ որպես մրցակիցնե՞ր, թե՞ ինչ-որ համագործակցություն հնարավոր է լինի ձեր միջև։

-Ոնց ՄՏՍ-ի հետ կաշխատենք, այնպես էլ «Յուքոմի» հետ, մեզ համար տարբերություն չկա՝ «Յուքո՞մ», թե՞ «ՄՏՍ»։

-Պարզապես շատ շահարկվեց Ձեր և «Յուքոմի» տերերի՝ Խաչատրյան եղբայրների վեճը, ասում էին՝ գործող իշխանություններն էին ձեզ աջակցում։

Իսկ Ձեր կարծիքը ո՞նց է դրա մասին։ Իհարկե, դա որևիցե կապ չունի իրականության հետ, բայց մարդիկ ամեն ինչ փորձում են ինչ-որ ձևով շահարկել՝ հօգուտ իրենց։

-Իսկ ինչպե՞ս է «Թիմը» համալրելու իր թիմը, «Յուքոմից» հեռացածներո՞վ։

-Չէ, «Յուքոմից» հեռացած չասենք․ «Թիմում» էսօր արդեն աշխատակիցներ կան փորձառու, և, իհարկե, «Բիլայնի» աշխատակիցները նույնպես մեզ շատ պետքական կադրեր են, որովհետև Դուք՝ ինքներդ գիտեք, որ էս ոլորտում, ընդհանրապես կադր գտնելը խնդիր է։ Եղբայրս՝ Եսայան Հայկն էլ է հայտարարել, որ մենք չենք պատրաստվում որևէ մեկին աշխատանքից ազատել։