Անսպասելի եւ սպասելի հանգուցալուծում

Անսպասելի եւ սպասելի հանգուցալուծում

2018 թվականի հեղափոխությունից ամենից շատ շահած խմբերից մեկը Սասնա Ծռերն էին, մանավանդ ՊՊԾ գունդը գրավելու համար 2016 թվականից բանտում գտնվողները, որոնց երկարատեւ ազատազրկում էր սպառնում։ Նրանք հեղափոխությունից հետո մի քանի ամսվա ընթացքում ազատ արձակվեցին։ Մի քանիսը ԱԺ պատգամավորների միջնորդությամբ ազատ արձակվեցին, մի քանիսին գրավ կիրառելով ազատեցին։ 2018-ի աշնանն ազատ արձակվեց նաեւ Պավլիկ Մանուկյանը, կալանքի տակ մնացին երկու անձ՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, ում մեղադրում էին 3 ոստիկանների սպանության համար։ Սակայն դատավարությունն ընթանում էր՝ մեծ ընդմիջումներով եւ անհասկանալի ընթացքով։

Ակնհայտ էր, որ դատարանն ու իշխանությունը երկընտրանքի մեջ են՝ ինչպես ավարտել այս գործի քննությունը եւ ինչ դատավճիռներ արձակել։ Ըստ էության, մարդիկ են մահացել՝ իրենց պաշտոնական ծառայությունները կատարող ոստիկաններ, որոնց մահվան մեղավորները պետք է պատժվեն։ Սասնա ծռերին ազատ արձակելն առանց այն էլ վատ էր ընկալվում ոստիկանության աշխատողների կողմից։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունեց Սասնա Ծռեր կուսակցության ներկայացուցիչներին, դժգոհության մեծ ալիք բարձրացավ, վարչապետին մեղադրում էին «տեռորիստներին հովանավորելու, նրանց հետ համագործակցելու» մեջ։ Ի վերջո, ՊՊԾ գնդի գրավումը ոչ մի օրինապաշտ քաղաքացի չի կարող արդարացնել՝ դա անօրինական ներխուժում էր պետական պահպանվող օբյեկտ, որքան էլ որ այն ներկայացվի որպես ատելի ռեժիմի դեմ ապստամբելու փորձ։ Իսկ երբ դատարանում սկսեցին հրապարակվել նրանց ցուցմունքները եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին ասված ոչ այնքան հաճելի հայտարարությունները հնչեցին, հեղափոխական զանգվածը կամաց-կամաց սկսեց երես թեքել Ծռերից, որոնք 18-ի ընտրությունների ժամանակ, պարզվեց, լայն հանրային աջակցություն էլ չեն վայելում։ 

Ամիսներ առաջ մենք տեղեկություն էինք հրապարակել, որ Սասնա Ծռերի դատն ավարտվելու ազատազրկման որոշումներով եւ 18-ին ազատության մեջ հայտնված անձինք, հնարավոր է, նորից բանտում հայտնվեն։ Այսօր այդ գործող մեղադրողը մեղադրական ճառը հրապարակեց՝ միջնորդելով՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին՝ 9 տարի, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, իսկ Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում տալ։

Տեսնենք՝ դատարանն ինչ կորոշի։