Թավշյա մահվան առեղծվածը․․․

Թավշյա մահվան առեղծվածը․․․

Կառավարության լրատվականի ցավակցությունը կարդալուց այսպիսի տպավորություն ես ստանում։ Ոնց որ թե նրանց ասել են՝  վարչապետը ինչու՞ չի ցավակցում, նրանք էլ նեղացել ու  պատասխանել են այդ հարցին։

«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի․․․»

Այնպես որ իզուր «շառով մի տվեք», թե վարչապետը չի ցավակցել կամ ցավակցում։  «Նա ցավում է յուրաքանչյու քաղաքացու մահվան կապակցությամբ»։ Այստեղ մնում է մի բան ասել՝ դե եթե ցավում եք յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ, տարբերություն չեք դնում, թե ով է մահացողը, կարելի է ընդհանրական իմաստով՝ առանց մասնավորեցնելու, ասել՝ ցավում եմ ասենք հունվար ամսվա մահացածների սգակիր ընտանիքներին։ Մենք կհասկանանք, որ վարչապետն արդեն ցավել է հունվար ամսվա մեջ մահացած յուրաքանչյուր քաղաքացու սգակիր հարազատներին, որոնց մեջ մտնում է նաև Գեորգի Կուտոյանը։ Էլ պարտադիր չի լինի հիշեցնել, որ․

«ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին»:

Սա հերթական դեպքն է, երբ պետական կառույցների, առավել ևս ազգային անվտանգության, ուժային կառույցների նշաձողը իջեցվում է մինչև գետնին,  «փռվում ասֆալտին»։ Այսքանից հետո  չպետք է զարմանալ, երբ հանրության մեջ պետական կառույցների նկատմամբ դրսևորվի այն քամահրանքը, ինչ արդեն դրսևորվում է։ Հեռու չէ այն օրը, երբ պետական ինստիտուտներին կնայեն  որպես ավելորդ գործիքներ և հենասյուները, որոնք պահում են պետությունը, կհանեն ու կշպրտեն։

Պետք է սովորել պետական բարձրագույն կառույցը ներկայացնողին կամ ժամանակին ներկայացնողին դիտարկել որպես դետալային ամբողջություն, ով ինչ որ ժամանակահատվածի համար կատարել է իր պարտքը։ Երբ իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը Կուտոյանի  փոխարեն ԱԱԾ տնօրեն  նշանակեց Վանեցյանին, շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ «ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար»: Հայաստանի Ազգային անվտանգության խնդիրները առավելագույնս կատարող ղեկավարը նույնացվում է «յուրաքանչյուր քաղաքացու հետ», ու սա է չիմացության դառը պտուղները, որից սնվում է երկիրը։   

Վերջում էլ երաշխավորում է, որ մահվան հանգամանքները կպարզի։ Ոչ թե սպանության կամ ինքնասպանության հանգամանքները, այլ՝ մահվան։ Յուրաքանչյուր բառ հենց այնպես չի ասվում։ Բառը ունի իր ստվերային գործածության ձևերը, ենթաիմաստները, ենթագիտակցության վրա ազդելու մեխանիզմները։

«Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»։

Այդպես որ գնա, առաջ կքաշվի թավշյա մահվան առեղծվածը։ Նման դեպքում ուզում ես ասել՝ պարոն Փաշինյան մա՜հ չէ, թավշյա մահ․․․ Գոնե գրվեր ողբերգական մահ։

Հիշեցնենք, որ կառավարության լրատվական վարչությունից փոխանցել են․

«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»։