Նիկոլ, ես այլեւս քո իլլաջը չունեմ
Փաշինյանը, ի չարս գործադրելով իր լիազորությունները, այլեւս օրական մի քանի անգամ է տապալում սահմանադրական կարգը: Նրա հակասահմանադրական քայլերը, բնականաբար, խնամքով գրանցվում են մի տեղ եւ, անհրաժեշտության դեպքում, կդրվեն սեղանին, իսկ մինչ այդ ՀՀ վարչապետը պատրաստվում է հերթական խայտառակ գործողությանը՝ «դեն նետել» գործող մայր օրենքը եւ արագացված ռեժիմով ընդունել օրվա կուրսին համահունչ մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա երկրում տիրող իշխանական «բեսպրեդելը» հասցնել իր տրամաբանական վախճանին, այն է՝ վերջնականապես դեգրադացնել պետությունը:
Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գործող սահմանադրությունը մինչեւ վերջ չի կարդացել, այլապես իշխանության գալուց հետո, ի դեպ՝ նրա իշխանության գալն էլ այս սահմանադրությամբ է տեղի ունեցել, այսքան խայտառակ ոտնձգություններ չէր կատարի երկրի թիվ մեկ օրենքի դեմ: ՀՀ սահմանադրությունը կարդացած մարդը 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ-ն իրեն արդեն իսկ ընտրել էր վարչապետ, «պողոսների զորքը» չէր տանի ԱԺ-ի դեմ: Նա կհասկանար, որ երկրի օրենսդիր մարմինը չէր կարող հակասահմանադրական որոշում կայացնել, իսկ եթե սխալմամբ էլ կայացներ, ապա Սահմանադրական դատարանն իր վետոն կդներ այդ որոշման իրականացման վրա:
Փաշինյանը ՀՀ (գուցե նաեւ ողջ աշխարհի) միակ ղեկավարն է, որ ժողովրդին կոչ է արել շրջափակել դատարանները եւ անձամբ մասնակցել այդ գործողությանը: Երկրի դատական իշխանության եւ Սահմանադրության դեմ նման ոտնձգությունն ամենաքիչը պետության անվտանգությանն սպառնացող քրեական հանցագործություն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ընդամենը կես ժամ տեւած այդ վայրենությունից հետո (ես չեմ կարող դա ակցիա համարել) Հայաստանը կիլոմետրերով հետ շպրտվեց քաղաքակիրթ աշխարհից: Ամբողջ աշխարհում միանգամից համոզվեցին, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, որ Հայաստանի, այսպես կոչված, դատարանի վճիռները, եթե դրանք նույնիսկ վերաբերում են ադրբեջանցի դիվերսանտներին, առոչինչ են իրավական հիմքերի առումով: Եվ այս «քաջագործությունը» կատարել է ոչ այլ ոք, քան մի քանի ամիս առաջ ժողովրդի 70 տոկոսի քվեն ստացած Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Փաշինյանը չի կարողանում դատել ՀՀ նախագահներին: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է նա ամեն անգամ հայտնվում ծիծաղելի իրավիճակներում, երբ բանը հասնում է նախագահներից մեկնումեկի վրա, այսպես ասեմ՝ «կեղտ բռնելուն»: Պատճառը պարզ է՝ Փաշինյանը Սահմանադրություն չի կարդացել: Ամեն անգամ հայտնվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու դնում իր վետոն: Թող Փաշինյանը փորձի դատի տալ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հավատացնում եմ՝ դարձյալ հայտնվելու է Հրայր Թովմասյանը, ու նորից գնալու է նույն «կաշը»: Փաշինյանն օրենքի հետ հաշտ չէ, օրենք չի ընդունում, չի հասկանում: Նա պարզապես հրովարտակում է, թե օրենքի երկիր է դարձրել Հայաստանը: Որեւէ մեկն աշխարհում հավատո՞ւմ է նրան:
Վատ պարողին ամեն ինչ խանգարում է, ընդհուպ Սահմանադրական դատարանն ու Սահմանադրությունը: Ո՞վ հուշեց Փաշինյանին, որ պետք է ամեն գնով ազատվել ՍԴ նախագահից ու դատավորներից: Չեմ վարանի անուն տալ այստեղ՝ դա Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որի պնդմամբ, թե հորդորով, Վահե Գրիգորյանին բրթեցին ՍԴ, որ ներսից քանդի: Սա էլ աչքաբաց տղա էր, կանգնեց ԱԺ ամբիոնի մոտ ու՝ ո՛չ դես, ո՛չ դեն, հայտարարեց, որ ինքն է ՍԴ նախագահը: Մե քեֆ, մե ուրախություն… Բայց հանկարծ պարզվեց, որ ՍԴ-ն ընթացքից վերցնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Վահե Գրիգորյանը հայտնվեց ՍԴ արխիվում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ անելանելի դրության մեջ: Բա ինչ անե՞նք… Ի՞նչ պետք է աներ, իր մոտ կանչեց արդարադատության էն մի մատ էրեխուն, թե գնա եւ ՍԴ դատավորներին ուղարկիր թոշակի, որ ազատվեմ: Բա որ չգնա՞ն… կաշառիր, փող առաջարկիր, բարձր թոշակ, վերջապես՝ Վահե Գրիգորյանի օրինակը բեր՝ ի՞նչ վատ է․ ո՛չ գործի է գնում, ո՛չ գործ անում, բայց հա՛մ աշխատավարձ ու պարգեւատրում է ստանում, հա՛մ էլ «պադավատ» ունի՝ պետական բենզինով: Ծիծաղում եք, գիտեմ, բայց, ախր, սա լացելու է, տխուր է, եւ սա հաստատապես պետք է ունենար այն շարունակությունը, որ ունեցավ Կապանում: Թովմասյանի գրիչը նկատի ունեմ եւ այդ առնչությամբ Փաշինյանի անբռնազբոսիկ հայտարարությունները, որոնց պատճառով նա կարող է հայտնվել դատարանում: Մնում է, որ Թովմասյանն իրեն թույլ տա շոու սարքել երկրի ղեկավարի շուրջ:
Դե որ ՍԴ-ից չես կարողանում ազատվել, Սահմանադրությունից ազատվիր: Ի դեպ՝ սա նույնպես Լեւոն Տեր-Պետրոսյանի «հորդորն» է: Ավելին, նա Փաշինյանին ասել է՝ շուտափույթ փոխիր այս Սահմանադրությունը: «Շուտափույթ Սահմանադրություն փոխել»-ը բոլորովին նոր քաղաքագիտական կատեգորիա է, որն օրինական ճանապարհով իրագործելու մեխանիզմներ, կարծես, դեռեւս չկան, եւ մենք, ամենայն հավանականությամբ, առաջին երկիրը կլինենք, որի ժողովրդին կփորձեն մի քանի օրում նոր Սահմանադրություն պարտադրել: Ես չեմ բացառում, որ մի գեղեցիկ օր էլ կարթնանաք ու կիմանանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ նախագահ: Իսկ Արմեն Սարգսյա՞նը: Արմեն Սարգսյանն ի՞նչ, նա երբեւէ որեւէ բանի ընդդիմացե՞լ է: Կվերցնի ու հետին թվով նույնաբովանդակ մի հրամանագիր էլ ինքը կստորագրի. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից»: Այսպիսի երկրին «թաթոյի բոստան են ասում», եւ Փաշինյանին էլ, կարծես, հենց դա է պետք՝ արտաքին քաղաքականության մեջ իր լրջագույն տապալումների պատճառով ահագնացող բողոքի դեմն առնելու համար:
Մի շրջան սովորություն էի դարձրել հոդվածներս Փաշինյանին ուղղված որեւէ խորհրդով կամ նրան աջակցող խոսքով ավարտելը՝ ուշքի արի, կանգ առ, լրջացիր, սորոսականներից «յան տուր», գործով զբաղվիր, լիքը խոստումներ ես տվել՝ հետեւողական եղիր… Ասեք, որ Փաշինյանին այսպիսի խորհուրդներ շատերն են տվել: Պարզվում է, սակայն, զուր հույսեր ենք փայփայել: Խեւին խրատն ի՞նչ կանի, սեւին՝ սապոնը… Գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ… Այս ամենը, առանց չափազանցության, Նիկոլի մասին է: Խորհուրդ տալու ուժ արդեն չկա, մնում է՝ մի օր ինքնուրույն հասկանա, որ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ:
Կարծիքներ