Եթե մեզ չեք խնայում, գոնե ձեզ խնայեք և մի՛ ներկայացեք նիստերին

Եթե մեզ չեք խնայում, գոնե ձեզ խնայեք և մի՛ ներկայացեք նիստերին

Այս օրերին երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարույթոuն է տարածել, որով հորդորում է դատավարություններին ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, որոնց հորդորում են ապահովել հնչեղություն ունեցող գործերի ուղիղ հեռարձակումը։

Այս հորդորն էլ իրենց հերթին դատավարության մասնակիցներին փոխանցում են իրենք՝ դատավորները, որոք հեռախոսակապի միջոցով խնդրում են չներկայանալ նիստերին։ Սակայն դատավորներ էլ կան, որ պարզապես տեղեկացնում են դատավարության մասնակիցներին նիստերի հետաձգման մասին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանն, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հորդորում է կողմերին, որ այս ընթացքում զերծ մնան դատական նիստերին ներկայանալուց։

«Իհարկե, կարևորելով դատական պաշտպանության իրենց իրավունքը, չենք կարող դա արգելել, բայց, ամեն դեպքում, խնդրում ենք, որ գոնե մի որոշ ժամանակ խուսափեն դատական նիստերին ներկայանալուց։ Եղել են դեպքեր, որ ընդունել են խնդրանքը և, իրենք էլ հասկանալով, միջնորդություններ են ներկայացրել դատական նիստը հետաձգելու, բայց այս մի շաբաթվա մեջ, եթե ներկայացել են, և՛ ես, և՛ տեղյակ եմ՝ նաև կոլեգաներս, երկու կողմերի ներկայանալու պայմաններում բնականոն հունով աշխատանքները կատարում ենք, իհարկե, խնդրելով, որ կուտակումներ չլինեն նիստերի դահլիճներում»,-ասաց դատավոր Լիլիթ Սարգսյանը։

-Իսկ չներկայանալու դեպքում նիստը չի՞ կայանում, թե՞ հեռավար տարբերակով եք նիստը անցկացնում։

-Չէ, հեռավար տարբերակի հետ կապված մենք տեխնիկական ապահովվածություն չունենք, եթե անգամ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հեռավար դատավարություն, ամեն դեպքում, մենք տեխնիկապես զինված չենք, որպեսզի կարողանանք դա ապահովել։ Առավելևս, այնքան արագ տեղի ունեցան այս իրադարձությունները, որ անկանխատեսելի էր մեզ համար նման իրավիճակի ստեղծումը, պրակտիկայում չենք էլ կիրառել, որ կարողանայինք հիմա դա կիրառել։ Բայց եթե չեն ներկայանում, միջնորդությւոն կա, դրա հիման վրա դատական նիստն ուղղակի չի կայանում։ Կոնկրետ իմ դեպքում նիստերի դահլիճում արձանագրային որոշումներ եմ կայացրել նիստերը հետաձգել։ Աշխատանքային վեճ ենք ունեցել, որ ներկայացել են երկու կողմերն էլ, բնականաբար, այլևս այդ իրավունքից չէի կարող զրկել և դատական նիստերի դահլիճ չիջնել, որքան էլ որ կարևորում էի և՛ իմ առողջությունը, և՛ նիստերի քարտուղարի առողջությունը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, եթե մի կողմն է ներկայանում, մյուս կողմը չի ներկայանում, ապա այդ դեպքում անգամ, եթե միջնորդություն չկա, դատական նիստը հետաձգվում է։ Դա հեռախոսազանգերի միջոցով էլ տեղեկացնում ենք, որ եթե մյուս կողմը չներկայանա, ստեծղված պայմաններում դատարանը հարգելի է համարելու բացակայությունը և հետաձգի նիստը։

-ԲԴԽ-ն, որքանով հասկացանք իր հայտարարությունից, ոչ թե որոշում ունի, որ պետք է հետաձգել նիստերը, այլ հորդորում է կողմերին չներկայանալ նիստերին, սակայն որոշ դատավորներ պարզապես իրենց նախաձեռնությամբ հետաձգում են իրենց նիստերը։

- Իհարկե, ԲԴԽ-ն հանձնարարություն չի տվել, որ դատական նիստերը հետաձգվեն, բայց եղել է նման հորդոր, խնդրանք, որ հաշվի առնեն ստեղծված իրավիճակը և չներկայանան դատական նիստերին։ Իհարկե, ֆեյսբուքյան էջերում, Դուք էլ տեսած կլինեք, որ դատավորներ կան՝ իրենք հայտարարություն էին տարածել, որ դատական նիստ չեն անելու, ես դրանց մեջ չեմ եղել, եթե եկել են, ես նիստ արել եմ։ Իհարկե, ոչ մեկին չենք պարտադրում, որ չներկայանան դատական նիստին, ուղղակի հորդորում ենք, որ եթե մեզ չեք խնայում, գոնե ձեզ խնայեք և մի՛ ներկայացեք նիստերին։ Բայց դատավորն ինքն էլ կարող է սեփական նախաձեռնությամբ հարգելի պատճառով նիստը հետաձգել, օրինակ՝ առողջական պատճառներից ելնելով։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքերով, եթե առկա է դատավորի առողջական վիճակի հետ կապված կամ այլ հարգելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը, դատական նիստը կարող է հետաձգվել։ Կարծում եմ՝ այս իրավիճակում առավել քան հարգելի է գործի քննությունը հետաձգելը։

-Իսկ վարակի տարածման դեմ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում ձեր դատարանում։

-Ես կարող եմ մեր նստավայրի՝ Քանաքեռ-Զեյթունի մասին ասել, որ այստեղ տեղադրված են ախտահանիչ նյութեր՝ ալկոգելեր, և, եթե չեմ սխալվում, գրասենյակի աշխատակիցներին էլ տրամադրվել են ձեռնոցներ, դիմակներ։