Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները

Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 եւ 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Երկու տարվա ուսումնական պլանների հաստատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը, փորձարկումից հետո, կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ չեն հաստատվի, ուսումնական պլանը կդառնա յուրաքանչյուր դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ ընձեռելով ինքնավարություն դպրոցին, նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։

Ըստ այդմ՝ սահմանվել է, որ 2021-2022 ուստարվա պարապմունքները սկսվելու են 2021թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվելու են 2022 թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, եւ մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` 1-ին, 32` 2-րդ, եւ 34՝ 3-12-րդ դասարանների համար:

Ինչ վերաբերում է արձակուրդներին, ԿԳՄՍ նախարարությունն առանձնահատուկ ձեւակերպում է տվել՝ նշելով, որ «անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում», ինչպես, օրինակ, եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն, կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաեւ ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է ուսհաստատության կողմից հաստատված ուսումնական պլանների հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության՝ կազմելով անհատական ուսուցման պլան: